Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսական իշխանությունների կողմից Օզնոբիշինո բնակավայրի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի մասնակից Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը ռուսական ցինիզմի գագաթնակետն էր:
Վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող բեռնատարը բախվել է ավտոբուսին, որը բաժանվել էր մասերի: Վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քանը 47-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից 37-ը դեռ հիվանդանցում են:
Երբ դժբախտ պատահարի լուրը հասավ Հայաստան, իրենց փափուկ աթոռներին գամված, արտագաղթի համը դեռևս չճաշակած մեր ռուսամոլ հանրությունը շտապեց դատողություններ անել: Սկսվեց էժանագին մեկնաբանությունների տարափը` «ամաչում եմ, որ հայ եմ», «պետք ա պարտադիր իրանց ամեն տեղ խայտառակեն» և այլ` նմանօրինակ նվնվոցներ:
Սակայն այս մեկնաբանություններին չէ, որ ցանկանում եմ անդրադառնալ: Այդ մարդկանց ուղեղներին դժվար թե հասու լինեն Արցախյան պատերազմում կռված ազատամարտիկի հոգեկան ապրումները, ով մեկ տարի առաջ բանակում կորցրել է 21-ամյա որդուն և նրա գերեզմանաքարը սարքելու համար է ստիպված մեկնել արտագնա աշխատանքի:
Վթարի տեսանյութից պարզ երևում է, որ մինչ ավտոբուսին բախվելը «ԿամԱԶ»-ն արդեն իսկ մի կողմի վրա թեքված է եղել, սակայն այդ կադրերը ռուսական որոշ լրատվամիջոցներ «փնթիորեն» թաքցրել են` ցույց տալով միայն այն պահը, երբ բեռնատարը բախվում է ավտոբուսին:
Վթարից հետո միայն Ռուսաստանի պետական չինովնիկներն արթնացան քնից ու որոշեցին ճանապարհի այդ հատվածում լուսացույց տեղադրել, ավելին` հենց իրենք խոստովանեցին, որ այդ հատվածը երթևեկության համար վտանգավոր է և համարյա ամեն օր մահվան ելքով պատահարների պատճառ է դառնում: Տեղացիների խոսքով` գործարանից մանրաքար տեղափոխելիս խցանման մեջ չհայտնվելու համար բոլոր վարորդներն էլ նախ ընտրում են համընթաց ուղին. այդպես արագ է ստացվում:
Դեպքից հետո Ռուսաստանի Դաշնության Պետդուման որոշել է օրինագիծ մշակել, համաձայն որի՝ այդ երկրի տարածքում աշխատող օտարերկրացի վարորդներին պարտադրվելու է ռուսական վարորդական իրավունքի վկայական ստանալ: Սա նշանակում է, որ օր օրի Ռուսաստանը համալրող հայ քաղաքացիների ժամանակավոր գրանցման կամ բազմապիսի այլ վճարումներին ավելացավ ևս մեկը: Բնականաբար, մեր դաշնակիցները քաջ գիտակցում են, որ Հայաստանի քաղաքացիներից քչերին է ձեռնտու կես տարվա ընթացքում անցնել անհրաժեշտ դասընթացներ, քննություն հանձնել և ստանալ ռուսական վարորդական վկայական, ուստի նրանք հոժարակամ կընդունեն այն կլորիկ գումարները, որի դիմաց մերոնք կփորձեն սահմանված ժամկետից շուտ վկայական ստանալ: Ռուսներին հարստացնելու հերթական հաջողված օրինագիծը պատրաստ կլինի աշնանը:
Ռուսական հեղինակավոր լրատվամիջոցները, որոնց փորձը տարիներ շարունակ մեր լրատվամիջոցների համար ուղեցույց է եղել, դեպքից հետո դադարեցրեցին լրատվություն մատուցել: Որոշ հեռուստաալիքներ վթարի վերաբերյալ իրենց ռեպորտաժներում, անդրադառնալով հայ վարորդի «հարցաքննությանը» հայտարարեցին, թե Հայաստանի քաղաքացին դատարանում չէր խոսում, այլ «բառաչում էր»: Ի դեպ, 46-ամյա հայ վարորդը դատարանի առջեւ էր կանգնել ստորացուցիչ տեսքով` կանացի ծաղկավոր խալաթով: Նշենք, որ մինչև հիվանդանոց տեղափոխվելը Հրաչյան այլ հագուստով է եղել, և ակնհայտ է, որ դատարան բերելիս նրան այդ տեսքով են «մատուցել» մեր ռազմավարական դաշնակիցները:
ՌԴ Սահմանադրությունը սահմանում է, որ անձի արժանապատվությունը պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող հիմք հանդիսանալ այն նսեմացնելու համար: Սակայն, եթե Ռուսաստանը հոգեկան ապրումների մեջ հազիվ գլուխը տարուբերող մարդու կմկմոցը համեմատում է կենդանական բառաչի հետ, բնականաբար, թքած կունենա իր կողմից հռչակված օրենքների վրա:
Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Հարությունյանին սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում: Նա այժմ գտնվում է մեկուսարանի ռեժիմով աշխատող հիվանդանոցում: Նրա առողջական վիճակի մասին տեղեկություններն իրարամերժ են:
Ի դեպ, Հարությունյանի վարած բեռնատարը, որը սարքին վիճակում չի եղել, նրան չի պատկանել, իսկ բեռնատարի սեփականատիրոջ մասին դեռևս որևէ տեղեկություն չկա:
Որքան էլ ցավալի է, մինչ այժմ կատարվածի վերաբերյալ գնահատական է տվել միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա նամակ է հղել ռուսաստանցի իր գործընկերոջը և խնդրել ուսումնասիրել Հարությունյանի նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունքի ու նման տեսքով դատարանում ներկայացնելու պատճառները և իր լիազորությունների սահմանում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հարությունյանին օգնելու համար:
Թեև այս հարցի վերաբերյալ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն այսօր խորհրդակցություն էր հրավիրվել, սակայն դեսպանը հրաժարվել է որևէ հարցի պատասխանել: Իսկ մեր երկրի արտաքին գործերի նախարարությունն էլ կցկտուր հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր, թե Մոսկվայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ նրան հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար: Ըստ ԱԳՆ-ի` Հ. Հարությունյանը այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ, ըստ քննիչների, հագուստի կարիք չկա։ Այո', իսկապես հագուստի կարիք չկա, քանի որ մինչ դուք քնած էիք` հարգելի' ԱԳՆ, Ռուսաստանն արդեն հասցրել էր «հագցնել» մեր քաղաքացուն` ձեզ և մեզ ծիծաղի առարկա դարձնելով:
Իսկ ուր մնացին աշխարհի խոշոր հայկական համայնքներից մեկը համարվող` Ռուսաստանի հայկական համայնքը, Ռուսաստանի հայերի միությունը և Ռուսաստանում գործող հազար ու մի հայկական կառույցներ: Ռուսական արևի տակ ջերմացող մեր մեծամեծերը, բնականաբար, ծպտուն չեն հանի, քանի որ Պուտինն իրենց կարժանացնի նույն բախտին` խալաթ կհագցնի և ինքնաթիռով կուղարկի` հայդա Հայաստան:
Ռուսական իշխանությունները դիպուկ և մտածված քայլով մի ակնթարթում մեզ ներկայացրեցին իրենց վերաբերմունքը, այն է.` դուք երկրորդ կարգի մարդ եք: Այսպես էր նրանց պետք և արեցին: Մնում է մենք հասկանանք, թե ով ենք մենք նախ մեր երկրում, հետո` մեր երկրից դուրս: Հակառակ դեպքում` կմնանք ռուսական շովինիզմի և ցինիզմի արանքում, իսկ առայժմ...
Գունատ, վախեցած, ծաղկավոր խալաթի մեջ կծկված հայ վարորդի կերպարը օրինակն է խեղճացած ու լքված մեր երկրի, ապագան` մեր որբացած հայրենիքի...
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Թեժ» լուսանկարը` Ռուսական սոցիալիստական շարժման կայքից (http://rus-soc.blogspot.com/2011/10/blog-post.html)