կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 18:14
Քաղաքական

Ի՞նչ պետք է անի Արարատ Միրզոյանը․ ոչինչ, բացի թուրքական արտաքին քարոզչության համար գործիք դառնալուց․ Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հայտարարությունը ԱԺ լիագումար նիստում.

Արդեն տեւական ժամանակ արծարծվում է միջազգային հարթակներում թուրքական արտաքին քաղաքական նոր նախաձեռնությանը՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության հարցը։ Չավուշօղլուի հրավերին Հայաստանն, իր կարծիքով, տվել է խուսափոխական պատասխան՝ առայժմ չհաստատելով մասնակցությունը։ Սակայն պաշտոնական Երեւանի կողմից իբր դիվանագիտություն խաղալն ու առաժմ ոչ այո, ոչ՝ ոչ գործելաձեւը, Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հայտարարությունները ամբողջովին բավարարում են թուրքական կողմին, որն էլ արտաքին հարթակներում ու միջազգային մամուլում օգտագործում է սեփական նպատակների համար։ Վերջին լավագույն օրինակը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի կողմից   A Haber- ին տված հարցազրույցում այն հայտարարությունն էր, թե Փաշինյանն ընդունել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։

Բառախաղերի վրա հմնված այս հայտարարությունը շատ արագ  «Փաշինյանը մարտին գալիս է Թուրքիա» գլխագրով լուր դարձավ ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում։ Ու գրոշի արժեք չուներ արդեն հաջորդ օրը Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հերքումը, թե Փաշինյանի այց չի նախատեսվում։ Ի՞նչու՞։ Քանի որ Երեւանն անգամ չէր ցանկանում, որ հերքումը տարածվեր։ Այն բացակայում է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքի հայերեն, ու առավել եւս՝ անգլերեն էջերում։

Հարց է առաջանում՝ ջուր չտեսած ինչու՞ են բոբիկացել Երեւանում։

Ու՞ր են գնում Արարատ Միրզոյանն ու, ըստ լուրերի, մեր Խորհրդարանի փոխնախագահը։ Թուրքական զբոսաշրջային այդ քաղաքում երկրորդ տարին է, որ կայանալու է, պայմանական ասենք, միջազգային համաժողով։ Պայմանական միջազգային, քանի որ մասնակիցների ճնշող մեծամասնությունը  թուրքալեզու պետությունների ներկայացուցիչ է։ Նախորդ տարի, իհարկե, մասնակցում էին դիվանագետներ, պետական գործիչներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, մեկ-երկու պաշտոնաթողներ Եվրոպայից, ու ամենաբարձրաստիճանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարն էր։ Մինչեւ այժմ հայտնի չէ վերջինիս մասնակցության մասին որեւէ տեղեկություն։ էրդողանյան մեծապետական միջազգային համաժողովը 2021թ.-ին եվրոպացիներն արհամարհեցին։ Ռուսաստանն էլ կտրուկ բոյկոտեց։ Չէ՞ որ դրան մասնակցում էին Ղրիմի թաթարների ներկայացուցիչները, որոնք հայտնի հակառուս պանթուրքիստներ էին. օրինակ՝ Մուստաֆա Ջեմիլեւը։ 

Հավանական մասնակցության դեպքում ի՞նչ են հետո ասելու Հայաստանի ջերմ բարեկամ Հունաստանին, որի պատվիրակներն ինչպես այն տարի, 2022-ին եւս չեն մասնակցի, քանի որ Անթալիայի ֆորումի մասնակիցների թվում են Հյուսիսիային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահն ու արտգործնախարարը։ 

Ու՞ր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը։ Ո՞վ է նրանց խորհուրդ տվել մասնակցել թուրքական նախագծին։ Մնում է անհայտ։ Թերեւս Ժիրայր Լիպարիտյա՞նը, որին անցած տարի կարելի էր «հպարտ մենության» մեջ հանդիպել Անթալիայում։ 

Ի՞նչ պետք է անի Արարատ Միրզոյանը։ Ոչինչ, բացի թուրքական արտաքին քարոզչության համար գործիք դառնալուց։ Ինչպես արդեն դարձել է։ Հայկական պատվիրակներն այդ ամենում մթնոլորտ չեն ստեղծելու, բայց դառնալու են թուրքական արտաքին քարոզչության համար լավ խաղալիք, թե տեսեք՝ հայերն էլ են եկել, ամեն ինչ կարգին է։ 

2020 թվականի պատերազմում Արցախի դեմ ահաբեկիչներ մատակարարող կո՞ղմ են եղել։ Երբեք։ Որ լինեին, որ պարտերազմին ակտիվ դերակատար լինեին, հաստատ արժանապատվություն ունեցող երկիրը չէր մասնակցի Անթալիայի ֆորումին։

Հայաստանը մերժո՞ւմ է Շուշիի հռչակագրի թուրքական եւ ադրբեջանական խորհրդարանների կողմից վավերացված ծավալապաշտպական եւ հարեւանների նկատմամամբ ագրեսիվ հայեցակարգը։ Ոչ։ Մերժելու ու դատապարտելու դեպքում Անթալիայում չէին հայտնվի։

Բայց Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը կարող են ավելի վտանգավոր ծուղակում հայտնվել։ Հանկարծ միջանքներից մեկում նրանց մոտենա նախորդ տարվա ֆորումին մասնակից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իրեն Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավար եւ իբր Ստեփանակերտից պատգամավոր ընտրված հայտարարող Թուրալ Գենջալիեւը։  Ո՞վ է դրա քարոզչական հարվածին դիմագրավելու։ Սրանց պատասխանները ջուր չտեսած բոբիկացած հայ պաշտոնյաները չունեն վստահաբար։ Բայց նրանք հիմա հայ-թուրքական հարաբերություններում լիարժեք կողմ չեն, այլ՝ կատարողներ։