|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ադրբեջանում ավարտված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով, ինչպես և սպասվում էր, հաղթանակ է տարել գործող նախագահ Իլհամ Ալիևը, որին Ադրբեջանի ԿԸՀ-ն վերագրել է քվեարկածների մոտ 85 տոկոսի ձայները: Թե ինչ մեթոդներով է ապահովվել այս արդյունքը, հայտնի էր դեռ քվեարկությունից առաջ, երբ իշխանությունը բացահայտ տեռորի էր ենթարկում Ալիևի հիմնական ընդդիմախոսներին, քաղաքական ակտիվիստներին, արգելում ազատ խոսքը, սահմանափակում թեկնածուների հավաքներ անցկացնելու իրավունքը և բանտերը լցնում քաղաքական կալանավորներով:
Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, ապա ըստ Ադրբեջանի ընդդիմության՝ Ալիևի հիմնական մրցակիցը համարվող Հասանլիի թիմի՝ այնպիսի զանգվածային ընտրախախտումներ, ինչպիսիք արձանագրվել են հոկտեմբերի 9-ին, չի եղել Ադրբեջանում անցկացված նախկին ոչ մի ընտրության ժամանակ: Ինքնին այն փաստը, որ դեռ քվեարկությունը չմեկնարկած՝ արդեն իսկ հրապարակվել էին իշխանության պլանավորած ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք, ի դեպ, շատ նման են պաշտոնական տվյալներին, ցույց է տալիս, թե ինչ մասշտաբների խայտառակության մասին է խոսքը: Եվ չնայած այս ամենին, ըստ contact.az ադրբեջանական կայքի, Եվրախորհրդարանի և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վերաժողովի դիտորդներն իրենց հրապարակած ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցում ընդգծել են, թե ընտրությունները եղել են «արդար, թափանիցկ և ազատ»: Իսկ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Պինո Արլաչին հայտարարել է, թե ընտրություններից առաջ և քվեարկության օրը գործընթացները եղել են հանգիստ: Նա իր բավարարվածությունն է հայտնել «կառավարության կողմից ընտրությունների տեխնիկական նախապատրաստվածության» մակարդակի կապակցությամբ:
Ելնելով այն պատկերից, որը եվրոպացիների պատրաստած զեկույցի շուրջ նեկայացնում է contact.az-ը, այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանում ընտրություններն անցել են նույնիսկ շատ ավելի լավ ու ժողովրդավար, քան նրա հարևան և նույնիսկ բուն եվրոպական երկրներում: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը կայացած ընտրությունները ճանաչել է «ոչ ժողովրդավարական», ապա ստացվում է, որ խայտառակությունը ոչ թե Ալիևի հաղթանակը նկարած ընտրություններն են եղել, այլև Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի դիտորդների այս քստմնելի երեսպաշտությունը:
Հենց այս զեկույցից է ակնհայտ դառնում, թե եվրոպացիների կողմից անընդհատ թմբկահարվող այսպես կոչված եվրոպական արժեքները քանի գրոշի արժեք ունեն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում տնտեսական ու էներգետիկ շահերին: Իսկ որ բացարձակ տոտալիտար ընտրությունները ժողովրդավարական ճանաչելու այս շովինիստական դիրքորոշումը հենց ադրբեջանական ածխաջրածինների, էներգետիկ ռեսուրսների հանդեպ անհաղթահարելի գայթակղության արդյունք է, որևէ մեկը կասկածել չի կարող: Եվ ահա այսպիսի երկակի դեմք ունեցող Եվրոպան է իր գործընկեր երկրներին ոչ միայն մարդու իրավունքների ու ժողովրդավարության դասեր փորձում տալ, այլև ուղղորդել նրանց քաղաքական կողմնորոշումները, իրեն իրավունք վերապահում քննադատելու այս կամ այն երկրի կողմից իրականացվող քաղաքականությունը:
Ռուսաստանը, որը այս տեսակետից մշտապես նրա թիրախում է, գոնե երկակի ստանդարտների քաղաքականության մեջ այնքան անկեղծ է, որ չի փորձում իր շահերը սքողել կեղծ բարեպաշտությամբ, ինչն իր գոյության ընթացքում միշտ արել է Եվրոպան: Եվ այսքանից հետո եվրոպացիները Հայաստանից պահանջում են իրենց հետ լինել անկեղծ, կանխատեսելի և երկրի զարգացման հեռանկարը, ընդհուպ անվտանգության համակարգը կապել հենց Եվրոպայի հետ: Բրյուսելներում և ստրասբուրգներում նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե ինչպես են Ադրբեջանում տիրող կատարյալ բռնատիրության հանդեպ նման լոյալություն ցուցաբերելով, կատարվող բռնությունների նկատմամբ աչք փակելու այս քաղաքականությամբ արդարացնում Հայաստանի կողմնորոշումը դեպի Մաքսային միություն և Ռուսաստանի գիրկը: Որովհետև նույնիսկ ծիծաղելի է, որ որևէ երկիր իր զարգացման հեռանկարը և անվտանգությունը կարող է կապել մի աշխարհաքաղաքական բևեռի հետ, որն նրա հակառակորդից ակնկալվող էներգետիկ դիվիդենտներն ավելի է կարևորում քան նույնիսկ սեփական դեմքն ու սկզբունքայնությունը: Եվրոպայի արժեքայնությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է real politik-ը:
Ակնհայտ է, որ եթե այսօր Եվրոպան աչք է փակում Ադրբեջանում սուլթանատ հաստատելու Ալիևի քաղաքականության հանդեպ, հանգիստ խղճով, հանուն նավթի, լեգիտիմացնում դրան ուղղված ընտրություն կոչվող ֆարսը, վաղը նույն հանդարտությամբ ու սառնասրտությամբ աչք է փակելու օրինակ, Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմ սկսելու նախաձեռնության նկատմամբ: Դրա նշաններն, ի դեպ, արդեն իսկ առկա են: Արդեն տարիներ շարունակ Արևմուտքը ծպտուն անգամ չի հանում ԵԽ-ի առջև ստանձնած' հակամարտությունը բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու պարտավորությունը Ադրբեջանի կողմից ակնհայտորեն խախտելու, սպառազինման մոլուցքի մեջ ընկնելու և շփման գծից համառորեն դիպուկահարներին չհեռացնելու փաստերի նկատմամբ:
Նման վարքագծով Եվրոպան ինքն է սպառում Հայաստանից ինչ-որ բան պահանջելու իրավունքը:
Գևորգ Դարբինյան