կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 18:49
Քաղաքական

ՀՀԿ-ն «դաղալություն» է անում. ՀՀԿ-ին նեղում են ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման հարցով

ՀՀԿ-ն «դաղալություն» է անում. ՀՀԿ-ին նեղում են ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման հարցով

Այսօր` 18:30-ին, գումարվեց արտահերթ նիստ հաշվիչ հանձնաժողովի վերաբերյալ խնդիրը լուծելու նպատակով: Փոփոխություն պետք է կատարվի հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգի մեջ:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը առաջարկեց, որ հարցի քննարկումն ընթանա առանց ընդմիջման, ինչը ընդունվեց: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ իրենց առաջարկվում է ստեղծել հաշվիչ հանձնաժողով` տասներեք հոգուց բաղկացած` յոթ տեղ ՀՀԿ-ին, երկու տեղ ԲՀԿ-ին, մեկական տեղ` մնացած քաղաքական ուժերին:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Սուքիաս Ավետիսյանին` երբ առաջարկ է ներկայացվում, ինչո՞ւ հիմնավորում չի ներկայացվում, թե ինչո՞ւ տասներեք հոգուց բաղկացած հանձնաժողով: «Ինչո՞ւ ոչ տասնյոթ, ի՞նչ պակաս բարեհունչ է հնչում»,- ասաց նա:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նույնպես հարց ուներ. «Ինչո՞ւ է հաշվիչ հանձնաժողովում անընդհատ աճում հանրապետականների թիվը, իսկ մերը մնում է նույնը»:

 

Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց միայն, որ իրենք առաջնորդվում են ԱԺ կանոնակարգի 25 հոդվածով և կարող են քննարկել առաջարկությունները:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցրեց Սուիքաս Ավետիսյանին. «Հերթական նստաշրջանի սկզբում ո՞նց եք պատկերացնում կեսից փոխել հանձնաժողովի ձևավորման կարգը»:

 

Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց, որ ոչ թե նոր հանձնաժողով է ձևավորվում, այլ փոփոխություն է արվում ձևավորման կարգի մեջ` նպատակով, որպեսզի ապահովվի ԱԺ բնականոն աշխատանքը: «Մենք օրենքի խախտում թույլ չենք տալիս, մենք լրացնում ենք հանձնաժողովը` ԱԺ բնականոն աշխատանքը ապահովելու և խմբակցությունների համամասնությունը հստակեցնելու համար»,- ասաց նա:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց. «Անցած անգամ նույն դաղալությունը որ ուզում էիք անել, հիմա էլ նույնն եք ուզում անել: Դուք նոր հանձնաժողով եք ուզում ստեղծել ու օրենք եք խախտում»: