|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Օսլոյում միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, Նորվեգիայում Հայ մշակութային միության և Հայ առաքելական եկեղեցական խորհրդի կողմից:
ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը և հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի շիրմաքարին Օսլոյում, որից հետո միջոցառումը շարունակվեց ոչ հեռու գտնվող Սնարոյա եկեղեցում:
Բացման խոսքով հանդես եկան Նորվեգիայի Հայ մշակութային միության խորհրդի անդամ Լիլիթ Մկրտչյանը և ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության մերժողականությանը, ներկայացրեց փաստեր և փաստարկներ և ևս մեկ անգամ կարևորեց ցեղասպանության միջազգային ճանաչումը այս անգամ նորվեգական համատեքստում` որպես օրինակ բերելով Կրագերոյի (Նորվեգիա) քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախադեպը:
Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Նորվեգիայում Հայ առաքելական եկեղեցական խորհրդի անդամ Նարինե Հարությունյանը:
Վերջում դասական երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանից Նորվեգիայում ուսանող երաժիշտներ` Նարեկ Դարբինյանը (ջութակ), Տիգրան Բերկելյանը (դաշնամուր), Թամարա Մովսիսյանը (դաշնամուր), Ստելլա Բեգլարյանը (ջութակ): Միջոցառմանը ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, Կրագերոյի և Վերգոշայի քաղաքապետերը, Հայաստանի նորվեգացի բարեկամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը տեղի ունեցավ Սբ. Ստեփանոս եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, որտեղ ՀՀ դեսպանության և հայ համայնքի կողմից դրվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, կատարվեց մոմավառություն:
Դեսպան Հրաչյա Աղաջանյանի անունից ելույթ ունեցավ դեսպանության խորհրդական Լիլիթ Սարգսյանը, ով մասնավորապես նշեց, որ յուրաքանչյուր ոք, ով մասնակից է դառնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին, բարձրաձայն կամ լռելայն աղաղակում է, որ այլևս երբեք մարդկությունը չպիտի գնա ցեղասպանության, մարդկային նվաստացումների, ցավերի, կորստի և մաքառման ճանապարհով:
Միջոցառմանը ներկա էին Դանիայում հավատարմագրված դեսպաններ, հայ ժողովուրդի դանիացի բարեկամներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումը տեղի կունենա ապրիլի 26-ին Դանիայի Գյուլինգ ավանում:
Տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: