կարևոր
13270 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-25 17:00
Սփյուռք

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բելգիայում

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բելգիայում

Բրյուսել, ապրիլ 24, 2023 – Բելգիահայությունը հիշատակեց Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Հիշատակման միջոցառումները մեկնարկեցին Բրյուսելի հայ առաքելական Սուրբ Մագդաղենացի եկեղեցում՝ հարգանքի տուրքով, որից հետո ներկաները քայլերթով հասան Իքսել համայնքի Հենրի Միշո հրապարակում տեղակայված՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։ Բելգիայի հայերի կոմիտեի նախաձեռնությամբ իրականացված հիշատակման արարողությանը ներկա էին Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, Հյուսիս-Ատլանտյան դաշինքում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, Բելգիայի քաղաքական վերնախավից ներկայացուցիչներ, փոքրամասնությունների համայնքային կառույցներից անդամներ։

Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ համայնքային կառույցները պատրաստ են համագործակցել ներկա քաղաքական գործիչների և կառավարության ներկայացուցրիչներից յուրաքանչյուրի հետ՝ մշակելու և իրականացնելու գործողություններ, որոնք անհրաժեշտ են պաշտպանելու մարդկային հիմնարար իրավունքները, որոնցից արդեն 134 օր է զրկված է արցախահայությունը:

ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն իր ելույթում հիշեցրեց, որ Արցախահայությունն արդեն հինգ ամիս է շրջափակման մեջ է եւ արձանագրեց, որ միջազգային հանրության համար դա սովորական է դարձել։ Դեսպանի խոսքով Ադրբեջանի նախագահի ելույթները, որ համահունչ են անցյալի ցեղասպան ղեկավարների ելույթներին լուրջ հակադարձ չեն ստանում եւ չեն դատապարտվում, արդյունքում այսօր էլ մեկ դար անց հայությանը սպառնում է գոյամաբանական վտանգը։

Իքսելի համայնքապետ Քրիստոս Դուլկերիդիսն իր խոսքում նշեց, որ Իքսելի համայնքապետարանի համար պատիվ եւ միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է հիշատակման այս արարողությանն իրենց ամբողջ գործիքակազմով աջակցելը, քանի որ հիշատակելով ենք սովորում մեր պատմությունն ու դասեր քաղում անցյալից։ « Շնորհակալ եմ կոմիտեի նոր անձնակազմին, քանի որ եթե այսօր հիշողությունը շարունակվում է, դա հավատարմորեն հետամուտ լինող մարդկանց շնորհիվ է։ Մեր գործողությունները պետք է համահունչ լինեն մեր քաղած դասերին, բայց ցավոք պատմության սխալները կրկնվում են եւ մենք դեռ շատ անելիք ունենք»։

Ներկայացուցիչների պալատի անունից ելույթ ունեցող Միշել դը Մագդը շեշտադրեց՝ լռությունը եւ լռողները մի օր կարող են հանցակից դառնալ՝ «Հաջորդ տարի Բելգիան է նախագահելու Եվրամիության խորհուրդը։ Սա կլինի լծակ, որը մենք պետք է մոբիլիզացնենք՝ Հայաստանում իրավիճակը միջազգային ասպարեզում առաջին պլան մղելու համար»։

Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիայի նախարար-նախագահ Պիեռ-Իվ Ժեհոլեն եւս իր ելույթում ընդգծեց հիշողության կարեւորությունն ու հավելեց, որ մարդկության հանդեպ իրականացված այս ոճրագործությունների վերաբերյալ լռությունը մտահոգիչ է։ Երկար ժամանակ աշխարհաքաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական պատճառներով ճշմարտությունը ստվերում է մնացել եւ հենց լռությունն է, որ ճանապարհ է հարթել նոր ոճիրների համար։

Բելգիայի ֆլամանական կառավարության փոխնախարար-նախագահ Բեն Վեյտսն իր ելույթով հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին և մասնավորապես հորդորեց Օսմանյան կայսրության իրավահաջորդներին առանց բարդույթների և տաբուների նայել իրենց պամության մութ էջերին, որպեսզի այս արյունալի իրադարձությունը դրական հետևանքներ ունենա ներկայի և ապագայի համար։

Պոնտիկ հույների, ասորիների, հրեաների, քրդերի եւ տուտցիների համայնքային ներկայացուցիչները հակիրճ ելույթներով եւս մեկ անգամ դատապարտեցին Թուրքիայի եւ միջազգային հանրության ժխտողականության քաղաքականությունն ու վերահաստատեցին իրենց զորակցությունը հայ ժողովրդին։

Ապրիլ քսանչորսյան հիշատակման միջոցառումն ավարտվեց Բելգիայում Հայոց հոգեւոր հովիվ՝ վարդապետ Զատիկ Ավետիքյանի աղոթք ուղերձով։ Արարողության ավարտին, բելգահայությունը բողոքի քայլերթ իրականացրեց դեպի Թուրքիայի դեսպանություն։ Օրվա ավարտին Բրյուսելի Հայ Տանը հիշատակի երեկույթ տեղի ունեցավ՝ հայ երաժիշտների մասնակցությամբ։

Բելգիայի հայերի կոմիտե