Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 23-24-ին Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ:
Ապրիլի 23-ի երեկոյան ռումինահայերը հավաքվել էին Բուխարեստի կենտրոնում` Հեղափոխության հրապարակում, պարզելով պաստառներ և դրոշներ և պահանջելով արդարություն ու հատուցում: Մարդկության դեմ գործված այդ հանցանքի անանցելիության և Հայաստանի ու Արցախի շուրջ այսօր ստեղծված լարված իրադրության վերաբերյալ ելույթներով հանդես եկան սենատոր Վարուժան Ոսկանյանը, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպս. Հակոբյանը:
«Մեկ դար հետո ցեղասպանության վերքերը և հիշողությունները առավել քան թարմ են. ոչ միայն այն պատճառով, որ դեռևս կենդանի են վերջին ականատեսները և նրանց ժառանգները, այլև որ հայկական պատմական հայրենիքում և նրա շուրջն այսօր ծավալվող դրամատիկ իրադարձությունները անողոքորեն հիշեցնում են այն: Կրկնվում են ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ հալածանքները, վայրագությունները, տեղահանությունները, պաշտամունքային և պատմամշակութային հուշարձանների ավերածությունները: … Հայաստանը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի երկիր, իրեն պատասխանատու է համարում այդ չարիքի կանխարգելման դեմ համընդհանուր պայքարում, մասնավորապես, ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948թ. կոնվենցիայի կիրառման միջոցով: Անցյալ տարի ութ տասնյակից ավելի պետություններ ՄԱԿ-ում պաշտպանեցին Հայաստանի կողմից նախաձեռնված նոր բանաձևը, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր», - ասվում է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի ուղերձում:
Նույն օրն՝ ավելի վաղ, Բուխարեստի Ուսանողական տանը բեմադրվել էր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի թեմաներով «Տեղդմնացիրյան» ներկայացումը:
Հայոց ցեղասպանությունից փրկված և 1920-ականներին Ռումինիայում ապաստանած հարյուրավոր որբերի մասին պատմող մի այլ թատերական գործ` ռումինահայ բեմադրիչ Ֆլորին Գևորգյանի «Ստրունգան կյանքի և մահվան միջև» պիեսը, ապրիլի 23-ին և 24-ին բեմադրվեցին Բակաու և Ռոման քաղաքներում:
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում տեղի ունեցավ Կլուժի Ազգագրական թանգարանում, որտեղ դոկտ. Աթիլա Պուշկաշը ներկայացրեց Պարույր Ներսիսյանի «Ես անցել եմ մահվան հովտով» գրքի հունգարերեն թարգմանությունը, ինչպես նաև ցուցադրվեց «Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը:
Տրանսիլվանիայի մեկ այլ քաղաքում` Թըրգու Մուրեշում, տեղի կաթոլիկ հայերի Մշակութային միությունը Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում էր կազմակերպել ապրիլի 16-ին, որի ընթացքում ներկայացվեցին Մեծ Եղեռնի վերաբերյալ հայ, հույն և թուրք գրողների գործերը հունգարերեն և այլ լեզուներով:
Սուչավայի Հայոց թանգարանում ապրիլի 18-24-ին կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարչական նյութերի և արխիվային փաստաթղթերի ցուցահանդես:
Ապրիլի 24-ին Բուխարեստի Սբ Հրեշտակապետաց եկեղեցում, ինչպես նաև Կոնստանցայի, Սուչավայի, Պիտեշտի, Գալացի, Ֆոկշանի, Բրաիլայի հայ առաքելական, Գեռլայի, Դումբրավենի և Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցիներում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ:
Ռումինական «Adevarul» օրաթերթն իր ապրիլի 24-ի համարում զետեղել էր մեծ հոդված Հայոց ցեղասպանության և Ռումինիայում ապաստան գտած հայերի վերաբերյալ: