Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Երևանում տեղի ունեցան օրվա խորհրդին նվիրված մի շարք միջոցառումներՙ Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
ՄԱԿ հայաստանյան գրասենյակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որի շրջանակներում տեղի ունեցավ նաև ՀՀ ԱԳ նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից հայտարարված «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների համամիութենական մրցույթ արդյունքների ամփոփում: Մրցույթի հաղթողներ Արթուր Աղաջանյանին, Նանե Մամաջանյանին և Ասյա Գասպարյանին հանձնվեցին պատվոգրեր և դրամական պարգևներ, իսկ Մարտին Միրզոյանին և Անահիտ Ղազախեցյանին շնորհվեցին խրախուսական մրցանակներ։
Մրցույթի մասնակիցներն իրենց ելույթներում անդրադարձ կատարեցին ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայի ընդունման պահից առ այսօր աշխարհում տեղի ունեցած ցեղասպանություններին, դրանց դրդապատճառներին, հետևանքներին և կանխարգելմանն ուղղված հնարավոր գործողությունների իրականացմանը:
Իր ելույթում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնավորապես նշեց․ «Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է վաղ կանխարգելման կարևորության և առաջնայնության մասին, ինչը պահանջում է բավարար կարողություններ իրավիճակների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց արձագանքելու համար, որոնք չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել անվերահսկելի վատթարացումների՝ ընդհուպ մինչև զանգվածային ոճրագործությունների իրականացումը։ Վաղ կանխարգելումը նշանակում է վաղ գործողություններ, որոնց առանցքը իրազեկվածությունն է: Կանխարգելումը սկսվում է հենց ազգային մակարդակով»։
Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայության մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Նույն օրը՝ առավոտյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց սուրբ նահատակների հիշատակին։ ԱԳՆ աշխատակազմը՝ ԱԳ նախարարի խորհրդականների գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեց նաև Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի, Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթողի և Ասորի ժողովրդի 1915թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։
Նույն օրը՝ երեկոյան Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից կազմակերպվեց համերգ, որին բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։