կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-21 14:08
Հասարակություն

Ազգային էր իր ուղնուծուծով. Աղվան Վարդանյանը՝ Հրանտ Վարդանյանի մասին

Ազգային էր իր ուղնուծուծով. Աղվան Վարդանյանը՝  Հրանտ Վարդանյանի մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր ցավակցությունն է հայտնում Հրանտ Վարդանյանի հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին մեծ մարդուն ու գործարարին:

 

«Հրանտ Վարդանյանն իր տեսակով ևս մեկ անգամ ապացուցեց, որ որևէ հանրության, որևէ ժողովրդի կյանքում էլիտաներն ունեն բացառիկ նշանակություն, անկախ այն բանից` նա մշակութային էլիտայի ներկայացուցիչ է, ռազմական, քաղաքական, թե` բիզնես էլիտայի: Նրա ամբողջ գործունեությունը հայրենական արտադրություն ստեղծելու ջանքերին էր ուղղված, և իսկապես նա փորձում էր համակարգաստեղծ գործունեություն ծավալել: Թե' իր մարդկային որակներով, թե' տեսակով նա բիզնես դաշտում առանձնանում էր»,-Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Աղվան Վարդանյանը եւ ընդգծեց, որ բոլորովին ամոթ չէ ասելը, որ եթե մշակույթի ոլորտում ունենք Տիգրան Մանսուրյան, կկարողանանք նաև ասել, որ այս օրինակով բիզնես ոլորտում էլ ունեինք Հրանտ Վարդանյան:

 

Ըստ Աղվան Վարդանյանի` մեր տասնյակ գործարարներ պետք է փորձեն իրենց դրսևորումը Հրանտ Վարդանյանի չափանիշներով ունենալ, գիտակցեն իրենց առաքելությունն այնպես, ինչպես Վարդանյանն էր գիտակցում:

 

«Իր ազգային նկարագրով, իր մտածողությամբ, իր գենետիկ հայկականությամբ առանձնացող անհատ էր, և պատահական չէր նրա սերտ գործակցությունն ու ընկերությունը Դաշնակցության հետ: Այս առումով ինքն ազգային էր իր ուղնուծուծով: Այն, ինչ արել է Հրանտ Վարդանյանը մեր տնտեսության համար, այն ինչ արել է հայ գործարարի իր տեսակը ամրապնդելու համար, իսկապես ուսանելի է: Վստահ եմ, որ իր երկու որդիները կշարունակեն իրենց հայրիկի գործն ու արժանի կլինեն նրա տեսակին»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը:

 

Հիշեցնենք, որ «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը կյանքից հեռացավ ապրիլի 20-ին: