կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-04 12:10
Քաղաքական

Շատ յուրօրինակ կին է. Աղվան Վարդանյանը` Փոստանջյանի մասին

Շատ յուրօրինակ կին է. Աղվան Վարդանյանը` Փոստանջյանի մասին

 

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցը շարունակում է մնալ մամուլի եւ քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում:

 

Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հստակեցրեց, որ այդ հարցը տասներորդական է, պետք չէ այդքան կենտրոնանալ դրա վրա` հաշվի առնելով երկրում առկա բազմաթիվ խնդիրները:

 

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք ՀՅԴ-ն հարցի շուրջ հանդես է գալու դատապարտող հայտարարությամբ: «Չեմ կարծում, որ սա այն հարցն է եւ այն անձը, որ հանդես գանք հատուկ դատապարտող հայտարարությամբ: Մենք մեր տեսակետն ասել ենք, ոչինչ չի փոխվել: Բոլորս Փոստանջյանին ճանաչում ենք` թուրք չէ, հայ կին է, չորս երեխաների մայր, բայց շատ յուրօրինակ կին է: Այդ հարցը այդ տեղում տալը ճիշտ չէր, մենք նման բաներ մեզ երբեք թույլ չենք տվել»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:

 

Նա լրագրողներին հիշեցրեց, որ երբ ժամանակին ձերբակալված էին ՀՅԴ-ի տղաները, միջազգային կառույցներն այցելում էին նրանց եւ փորձում բողոքներ լսել եւ հետո դրանք օգտագործել մեր երկրի դեմ, բայց տղաներն ասում էին, որ սրանք մեր ներքին հարցերն են:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը համարում է, որ այս հարցում «Ժառանգության» խմբակցությունն անելիք ունի` պետք է հայտնի իր տեսակետը, պարզաբանի` դա Փոստանջյանի՞, թե՞ խմբակցության դիրքորոշումն էր:

 

Կեղտոտ սպիտակեղենը դրսում ցույց չտալու սկզբունքի մասին Վարդանյանը չի խոսում: Նա, իհարկե, վստահ է, որ մեր խնդիրները պետք է այդ կառույցում բարձրաձայնվեն, բայց այդ բնույթի հարց, որն ապացուցելի չէ, պետք չէր տալ, կարելի էր շատ ավելի ծանրակշիռ հարց տալ:

 

Վարդանյանը դատապարտում է նաեւ այն ՀՀԿ-ականներին, ովքեր այս օրերին հայհոյախառն խոսքեր են հնչեցնում Փոստանջյանի հասցեին: