կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-16 14:02
Քաղաքական

Մարդ պետք է խիղճ ունենա. Աղվան Վարդանյանը` քաղաքապետին գովերգողների մասին

Մարդ պետք է խիղճ ունենա. Աղվան Վարդանյանը` քաղաքապետին գովերգողների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանը նշեց, որ Երեւանի ավագանու ընտրություններն անձերի ընտրություններ չեն, եւ որ ամբողջ Երեւանով քարոզչական դեղին պաստառների վրա Տարոն Մարգարյանի հսկայական նկարն է, եւ շատ փոքր տառերով գրված է` ՀՀԿ: 

 

Yerkir.am-ը Վարդանյանից հետաքրքրվեց` կարո՞ղ ենք փաստել, որ ՀՀԿ-ն հույսը դրել է Տարոն Մարգարյանի վարկանիշի վրա, արդյո՞ք այս մարտավարությունն իրեն կարդարացնի, եւ մի՞թե Տարոն Մարգարյանի վարկանիշն այդքան բարձր է, ինչպես փորձ է արվում ցույց տալ:

 

ՀՅԴ-ական գործիչը հայտարարեց, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. երբ հայտարարում են, թե իբր Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է, եփած հավի ծիծաղն էլ է գալիս:

 

«Բակային հանդիպումների ժամանակ մեր ճարտարապետներից մեկը ելնում եւ հայտարարում է, որ Տարոն Մարգարյանը Գրիգոր Հասրաթյանի նմանակն է, շարունակությունն է, միայն նա էր այդպիսին... Գիտեք, մարդ պետք է խիղճ ունենա եւ չափի զգացողություն»,- հայտարարեց Վարդանյանը եւ խորհուրդ տվեց Տարոն Մարգարյանի կենսագրությունը համեմատել Արմեն Ռուստամյանի կենսագրության հետ:

 

Նա նաեւ նշեց, որ իշխանությունները կատարում են օրենքով իրենց վրա դրված պարտականությունների 10 տոկոսը եւ դա ներկայացնում որպես մեծագործություն, նվեր երեւանցիներին: «Ձեր գործն է, բա պետք է անեք: Բայց արել եք ընդամենը 10 տոկոսը, միլիոն հարցեր կան, որ չեն լուծվել: Բայց, մյուս կողմից էլ, մարդկանց կարելի է հասկանալ, եթե այդ դեղին պաստառների վրա փոքր Տարոն Մարգարյան նկարեին եւ մեծ տառերով ՀՀԿ գրեին ու ասեին` ՀՀԿ-ն այսպես, այնպես, պետք է քվեարկել, որ այսպես լինի, դժվար կլիներ մարդկանց համոզել, այդ պատճառով էլ հակառակն են արել»,- հայտարարեց Վարդանյանը:

 

Նա թեեւ հասկանալի որակեց ՀՀԿ-ի մարտավարությունը, բայց հույս հայտնեց, որ քաղաքացիների տրամաբանությունն  աշխատում է, եւ ամեն ինչ շատ լավ հասկանում են: