կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-18 18:15
Քաղաքական

Աղվան Վարդանյանի հարցերը՝ Դավիթ Հարությունյանին՝ քաղվածքների, զինվորականների քվեարկության եւ այլնի մասին

Աղվան Վարդանյանի հարցերը՝ Դավիթ Հարությունյանին՝ քաղվածքների, զինվորականների քվեարկության եւ այլնի մասին

Այսօր ԸՕ նախագծի վերաբերյալ ԱԺ լսումների ընթացքում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի շարք հարցեր ուղղեց հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

«Դուք ասում եք, որ մեխանիզմ ունենք, որ ընտրություններից հետո, սարքերի համադրումով, կարող ենք ճշտել, թե ինչ է կատարվել: Պատկերացնենք, որ ընտրություններին մասնակցել է մեկ միլիոն հարյուր հազար մարդ, ընտրություններից հետո համադրում ենք սարքերը, ու պարզվում է որ երեք հարյուր հազարի խնդիր ունենք: Ընտրություններից հետո այդ համադրումը իրավական առումով ի՞նչ է տալու, ի՞նչ մեխանիզմ կա»,- հարցրեց պատգամավորը:

Մյուս հարցը վերաբերում էր գրանցման գործընթացին, որ եթե անգամ ունենանք գրանցման` իդեալականին մոտ մեխանիզմ, միևնույն է, վստահության մեծացման առումով վատ չէր լինի գոնե ցուցակները երկու մասի բաժանել՝ Հայաստանում գտնվողների և չգտնվողների:

«Ես ճի՞շտ հասկացա, որ դուք ազատորեն քաղվածքներ անելու մեխանիզմը տանում եք ոչ թե վերահաշվարկի փուլ, այլ ընտրությունները ավարտվեցին, ամփոփվեցին, և դիտորդները երկու ժամ ժամանակ են ունենում քաղվածքներ անելու ցուցակներից»,- հարցրեց Աղվան Վարդանյանը:

Նրա մյուս հարցը վերաբերում էր այն կետին, համաձայն որի` ընտրողը ընտրություններից յոթ օր առաջ գրված իր դիմումի հիման վրա իրավունք է ստանում քվեարկելու այլ տեղում, որտեղ հաշվառված չէ: «Չե՞ք գտնում, որ սա ևս վստահությանը չի նպաստում, և այդ դրույթը պետք է հանել: Մենք ընտրությունների ժամանակ ունենում ենք լավագույնը 60 տոկոս մասնակցություն, եթե մարդն ուզում է ընտրել, կարող է իրեն նեղություն տալ և ընտրել այնտեղ, որտեղ հաշվառված է»,- ասաց պատգամավորը:

Հաջորդ հարցը վերաբերում էր տարածքային քվեարկությունների ժամանակ ձայները հաշվելու կարգին: «Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ է այն մեխանիզմը, որ, ըստ ձայների մեծության, տվյալ տարածքի ընտրողների տոկոսային համամասնությամբ որոշվեն, թե ովքեր են ընտրվել պատգամավոր, այլ ոչ թե այնպիսի համակարգ լինի, երբ մի դեպքում, օրինակ, երկու հարյուր ձայն հավաքած մեկին դարձնել պատգամավոր, իսկ հինգ հազար ձայն հավաքողին չդարձնել պատգամավոր»,- նշեց Աղվան Վարդանյանը:

Ժամկետային զինծառայողների քվեարկության մասով պատգամավորն ասաց, որ նախորդ խառը համակարգում ժամկետային զինծառայողները մեծամասնականին չէին քվեարկում, սա արդեն մեծամասնական չէ, բայց որքանո՞վ է արդարացի, որ ժամկետային զինծառայողներն ազդեն տարածքային ընտրությունների վրա էապես, ասենք՝ Սյունիքում, որտեղ շատ զինվորականներ կան: Պատգամավորը հարցրեց` տարբերակ չէ՞, որ ժամկետային զինծառայողները քվեարկեն միայն համամասնականին:

«Գուցե մենք իսկապես մտածենք` Ընտրական օրենսգրքում բացառել ընտրական համակարգի ներկայացուցիչների մասնակցությունը ընտրատեղամասերում` իբրև հանձնաժողովի անդամներ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Դավիթ Հարությունյանը հերթով պատասխանեց հարցերին:

«Եթե պարզվի, որ երեք հարյուր ձայնի խնդիր կա` սարքերը համադրելուց հետո, ապա անվավեր կճանաչվեն ընտրությունները, որովհետև խոսքն այս դեպքում կգնա մասսայական ընտրությունների մասին: Եթե խախտման հինգ դեպքի մասին կլինի խոսքը, ուրեմն պետք է քրեական գործեր հարուցվեն` այդ դեպքերի հետ կապված: Ինչ վերաբերում է ցուցակները երկու մասին բաժանելուն, դա անիմաստ զբաղմունք է: Մարդը եկավ, քվեարկեց, իսկ եթե երկու մասի բաժանենք ցուցակները, դրանում էֆեկտ չի լինելու»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է քաղվածքներին, նախարարը նշեց, որ գաղափարն այն է, որ եթե մարդը չի ուզում վերահաշվարկ պահանջել, բայց ուզում է ընդամենը քաղվածք անել, դիմում է ներկայացնում, ստանում է երկու ժամ ժամանակ` քաղվածք անելու համար, և եթե քիչ է երկու ժամը, ապա այդ հարցը պետք է քննարկել:

Յոթ օր առաջ այլ տեղամասում քվեարկելու վերաբերյալ նախարարը նշեց, որ խնդիր չի տեսնում, քանի որ երեք օր առաջ ընտրացուցակը հրապարակվում է, և եթե մարդը ցանկանում է այլ տեղում քվեարկել, պետք է թույլ տալ:

«Այն համակարգը որը դուք առաջարկեցիք, իր մեջ պարունակում է ավելի շատ մեծամասնականի տարր, այլ ոչ թե` համամասնականի: Հիմք է ընդունվում ոչ թե ձայների տոկոսը , այլ տեղամասում հերթականությունը»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ժամկետային զինծառայողների քվեարկությանը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ դրական կողմն այն է , որ զինվորները թեկնածուների վրա առանձնապես շատ չեն կարող ազդել, բացասական կողմն այն է, որ բացահայտվում է, թե բանակն ինչպես է քվեարկել: