կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 13:50
Քաղաքական

Սերժ Սարգսյանը բանակցում է քաղաքական ուժերի հետ. Հովիկ Աբրահամյան

Սերժ Սարգսյանը բանակցում է քաղաքական ուժերի հետ. Հովիկ Աբրահամյան

ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանակ է պահանջում լրագրողներից, որպեսզի որոշ ժամանակ անց ներկայացնի իր ծրագրերն ու մտադրությունները: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Խնդրում եմ մի քիչ համբերություն»: Այնուհետև ասաց, որ այս պահին զգում է իրավունքն ու պարտականությունը:

 

Yerkir.am-ի այն հարցին` կկարողանա՞ք երկիրը դուրս բերել ճգնաժամից, վարչապետը պատասխանեց. «Ձեզ հետ միասին, այո, կանենք ամեն ինչ»:

 

Մեր այն դիտարկմանը, որ երկիրը ծանր վիճակում է, և արտագաղթը խորացել է, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Համաձայն չեմ, ունենք ոչ բարեկեցիկ ապրող քաղաքացիներ»:

 

Yerkir.am-ի` «հիմա Դուք ի՞նչ կարող եք անել» հարցին, նա պատասխանեց. «Ամեն ինչ էլ անելու ենք նոր կառավարության հետ: Նախագահի սատարմամբ և վստահությամբ ձևավորելու ենք պրոֆեսիոնալ կառավարություն և փորձելու ենք այսօր առկա խնդիրներին լուծումներ տալ: Դրա համար ժամանակ է պետք և ռեսուրսներ, որը մենք աշխատելու ենք կուտակել և գնալ առաջ»:


Այն հարցին` կհաջողվի՞ Տիգրան Սարգսյանից հետո վերականգնել տնտեսությունը, վարչապետը պատասխանեց. «Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արել է, ջանք չի խնայել ... Եվ մենք փորձելու ենք շարունակել, ինչ ներուժ որ ունենք, միասին փորձելու ենք լուծում տալ այսօրվա մեր խնդիրներին: Առաջին խնդիրը մեր քաղաքացու արժանավայել ապրելու խնդիրն է»:


Հարցին` ոչ իշխանական ուժերից կլինե՞ն արդյոք կառավարության մեջ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ համագործակցելու են խորհրդարանում ներկայացված ուժերի հետ, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական խմբերի հետ` լսելով բոլորի կարծիքները: «Եթե ցանկություն կլինի այդ ուժերի կողմից: Հիմա հանրապետության նախագահը բանակցում է Ազգային ժողովում ներկայացված ուժերի հետ, միասին որոշում կկայացնենք»,- ասաց նա:


Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ է տեսնում նոր վարչապետը կառավարությունում, պատասխանեց. «Բոլոր տեսակի»:

 

Պարտադիր կուտակայինի հետ կապված` վարչապետն ասաց. «Քննարկելու ենք, լսելու ենք բոլորի պրոբլեմներն ու մտահոգությունները ու փորձելու ենք լուծում տալ: Մենք մեր ժողովրդի թշնամին չենք, մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հանրության մեջ առկա խնդիրները լուծվեն: Դրա համար ժամանակ է պետք և ֆինանսական  մեծ ռեսուրսներ: Առաջին քայլը լինելու է` լսել բոլոր քաղաքական ուժերին: Ես նաև ձեր աջակցությունն եմ ակնկալում, մենք միասին պետք է որոշում կայացնենք: Ես լինելու եմ բաց, թափանցիկ ու հասանելի բոլորի համար»:


Yerkir.am-ի այն հարցին` արդյո՞ք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին, պատասխանեց` այո: