Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի միջանցքի իրականացումը տարածաշրջանը կվերածի կարևոր տրանսպորտային և առևտրային հանգույցի։ Ստացվում է, որ Բաքվում շարունակում են ծրագրեր կազմել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են հերքել միջանցք տրամադրելու հնարավորությունը։ Այս և այլ թեմաներով Yerkir.am-ը զրույցել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։
«Իշխանությունների հերքումները, այնուամենայիվ, պետք է դիտարկել ավելի շատ ներքին լսարանի համար։ Իսկ ինչ վերաբերվում է Ալիևին, ապա պետք է մոռանա որևէ միջանցքի մասին Զանգեզուրով։ Ճանապարհների, կոմունիկացիայի բացումը լրիվ այլ բան է Հայաստանի սուվերեն վերահսկողության ներքո։ Իսկ մնացած պարագաներում, թե իշխանությունները ինչ են պայմանավորվել, ինչ չեն պայմանանվորվել, ում են խոստում տվել` բանավոր կամ գրավոր, դա արդեն միայն իշխանափոխությունից հետո կերևա»։
Հարցին, թե ինչի կբերի «Լաչինի միջանցքում» անցակետի և հսկողության սահմանումը, որով որ սպառնում են Թուրքիան և Ադրբեջանը, նա նշեց․
«Դա կբերի Արցախի հայաթափման, դա կբերի Հայաստանի հետ Արցախի կապի դժվարացման և չի բացառվում, որ ամբողջությամբ պարալիզացնեն, իսկ դա թույլ տալ չի կարելի, և այդ հարցում պետք է շատ սերտ աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ»։
Հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունները վերջին շրջանում ցավակցական խոսքեր են հղում Թուրքիայի նախագահին և մոռանում եմ դաշնակից երկրի Ռուսաստանի մասին, նախկին փոխնախարարը կարծում է, որ դա քաղաքական անհեռատեսության արդյունք է․
«Դա հայ ժողովրդի անունից չէ, որ արվել է, որովհետև հայ ժողովուրդը լրիվ ուրիշ տեսակետներ ունի այդ հարցի հետ կապված։ Եթե Թուրքիայում կան ուժեր, և Թուրքիայի նպատակը Հայաստանը մասնատելն է, Հայաստանի նկատմամբ վերահսկողությունը վերցնելն է, Հարավային Կովկասում ամբողջությամբ իր տիրապետության տակ վերցնելն է, ազդեցության գոտի ստեղծնելն է, Արցախը ամբողջությամբ հայաթափելն է, Սյունիքով Հայաստանը ամբողջությամբ կազմալուծելն է, ապա մնացած բոլոր դեպքերում դիվանագիտական ժեստերը դառնում են անիմաստ»։
Երեկ հայամետ սենատոր Ֆրենկ Փելոունը ասում է, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանում մշակութային ինքնավարությամբ։ Հարցին, թե ինչ է սա նշանակում, Արտակ Զաքարյանը նշեց․
«Ես կարծում եմ, որ դրանք անիրական բաներ են, որովհետև Արցախը և ժողովուրդը միաջազգային օրենսդրության և միջազգային սկզբունքների հիմքի վրա որևէ կերպ չի կորցրել իր ինքնորոշման իրավունքը։ Դրա համար պետք են համապատասխան քաղաքական կամք Հայաստանում և Արցախում ու միջազգային հանրության հետ համապատասխան աշխատանք պետք է տարվի։ Բայց մինչև այդ պետք է լուծել Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերը»։
Անդրադառնալով Արցախից ժամանած պատվիրակության հետ ՀՀ իշխանությունների քննարկումների արդյունավետությանը` Զաքարյանը նշեց, որ դրանք չեն կարող արդյունավետ լինել:
«Այդ պատճառով ընդդիմությունը ունի մեկ օրակարգ․ օր առաջ այս իշխանությանը հեռացնել, թույլ չտալ, որ նրանք շարունակեն Հայաստանի շահերի հաշվին, Արցախի ժողովրդի շահերի հաշվին կասկածելի պամանավորվածություններ ձեռք բերեն և դա պետք է լինի համաժողովրդական ճնշման ներքո։ Պետք է ավելի նպատակասլաց աշխատել, որպեսզի մեր հասարակությունը թույլ չտա, որ իր շահերը, իր անվտանգ ապագան սրանք վտանգեն` նոր կապիտուլացիայի տանող իրենց քաղաքականության սկզբունքներով»։
Հարցին, թե ինչպես պետք է դա արվի, ՀՀԿ ԳՄ անդամը ասաց, որ հասարակությունը իրականում խաղաղություն է ցանկանում, կայունություն, որը իրատեսական է․
«Սա իրատեսական է միայն պրոֆեսիոնալ և ազգային դիմագիծ ունեցող քաղաքական ուժերի պարագայում։ Սա չի կարող անել կապիտուլացված, ապազգային և օտարից 100 տոկոսով կախված ուժը, որի նպատակն է միայն իր իշխանությունը պահելը։ Ստեղծված իրավիճակը դա թույլ չի տալիս, հետևաբար հասարակությունը ուզում է երկարատև խաղաղություն և միևնույն ժամանակ պետականություն ունենալ և այդ պետականությամբ ապահովվել բանականոն զարգացում, ուրեմն պետք է շատ լուրջ մտածի, թե ովքեր են իր անունից բանակցում, ինչ են բանակցում, և ինչու է մեր երկիրը ամեն պահի կանգնած պատերազմի առաջ»։