կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-11 20:03
Քաղաքական

Ոչ թե հայկական պատվիրակությունն էր բանակցում, այլ Հովիկ Աբրահամյանն ու Էդվարդ Նալբանդյանը

Ոչ թե հայկական պատվիրակությունն էր բանակցում, այլ Հովիկ Աբրահամյանն ու Էդվարդ Նալբանդյանը

Հայաստան-ԵՄ հարաբերություններում այս պահի դրությամբ հաստատված է գաղջ մթնոլորտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես հայկական խորհրդարանական պատվիրակության կազմում մասնակցում էր Ստրասբուրգում Հայաստան-ԵՄ խորհրդարանական նիստի աշխատանքներին: Հիշեցնենք, որ երկու պատվիրակությունները՝ հայկական ու եվրոպական, ընդհանուր հայտարարի չգալով առաջարկվող փաստաթղթերի հարցում, այդպես էլ որևէ համատեղ փաստաթուղթ չընդունեցին:


Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանին ավելի ու ավելի պակաս են ընկալում որպես ինքնիշխան պետության, ինչն էլ ազդում է ԼՂ հակամարտության հարցի վրա: Ըստ նրա` Հայաստանին ընկալում են որպես  Ռուսաստանի ֆորպոստ, որն ինքնուրույն որոշում  չի կարողանում կայացնել:


«Իմ տպավորությամբ` ներկա փուլում Հայաստան-ՄՄ հարաբերություններն են ձևավորվում`ԵՄ-ի հետ հարաբերությունների հաշվին, այսինքն` որքան զարգանում  են հարաբերությունները  ՄՄ-ի հետ, այնքան փչանում են հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այս պրոցեսը իր հետ բերելու է բացասական հետևանքներ»,- ասաց նա:


Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ խնդիրը ուրիշ տեղ է, անցյալ տարվա հայտարարությունն ընդունվել է ամենավերջին վայրկյանին, բայց երբ կողմերից մեկն ասում է՝ սա է իմ հայտարարությունը, և վերջ, անիմաստ է դառնում քննարկումը:


Նրա տպավորությամբ` թե' եվրոպական, թե' հայկական  կողմը այնքան էլ հակված չէին ընդունել փաստաթուղթ և հայտարարություն, և երևի ունեին դրա համար պատճառներ: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ողջ պրոցեսը ուղղորդվել է Երևանից, հայկական կողմը չի ցանկացել ընդունել հայտարարություն, որպեսզի հետագայում  Ռուսաստանին բացատրություններ տալու անհրաժեշտություն չլինի:


«Ես կողմ  էի, որ բանակցենք ու ընդունենք հայտարարություն: Բայց ոչ թե մենք էինք բանակցում` որպես պատվիրակություն, այլ  Հովիկ Աբրահամյանը և Էդվարդ Նալբանդյանն են բանակցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Ի դեպ` նրա այս հայտարարությունը դուր չեկավ  նրա կողքի նստած Սամվել Ֆարմանյանին, ով կոռեկտության կոչ արեց Փաշինյանին:


Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունը ձախողել է, որ Եվրոպայում Արցախի հարցն ընկալեն այնպես, ինչպես այն իրականում կա, այսինքն` ԼՂ հարցը չի ընկալվում որպես հանուն ազատության և ինքնիշխանության պայքար: Նրա համոզմամբ՝  խնդիր է առաջացել Հայաստան- ԵՄ-Ռուսաստան եռանկյունու մեջ, քանի որ  ԵՄ գործընկերներն աշխատում են զգույշ լինել Հայաստանի հետ, որ հետագայում  չհասկացվածության էլեմենտներ չառաջանան: