Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Շարքային քաղաքացիների հարկային բեռն ավելացնելու՝ Փաշինյանի կառավարության քայլերը մեկնարկեցին 2020 թվականին՝ «Համահարթ եկամտային քաղաքականության» ներդրմամբ, երբ եկամտահարկի դրույքաչափերը, հատկապես բարձ եկամուտ ունեցողների համար, իջեցվեցին և ներկայում տարբեր հարկատեսակների և թանկացումների միջոցով այն փոխհատուցում են, կամ այդ բացը լրացնում են սովորական քաղաքացիները։ Սա անզեն աչքով էլ է նկատելի, հատկապես, երբ քաղաքացիներն օր-օրի իրենց մաշկի վրա ավելի են զգում այդ բեռի ծանրությունը։
Ինչպես հայտնի է, 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում թանկացավ գույքահարկը՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 43 %-ով։ Թանկացման այս բեռի տակ կքված քաղաքացու համար պարզվում է սա իշխանության միակ «անակնկալը» չէ։ 2025 թվականին գույքահարկի բարձրացումը կկազմի, ուշադրություն, 70-80 %։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, նշենք, որ օրինակ՝ Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների բնակիչները տարեկան վճարելու են 600.000-800.000 հազար դրամ գույքահարկ, իսկ մյուս գոտիներում և մարզերում ամսական 5-10 հազար դրամի փոխարեն, քաղաքացիները կվճարեն 60-70 հազար դրամ։
Սա դեռ ամենը չէ․․․
Անցնող տարում Փաշինյանի կառավարությունը, Երևանի քաղաքապետարանի ավագանու համաձայնեցմամբ, թանկացրեց մեքենաների կայանատեղերի համար վճարները (կարմիր գծերը)՝ Երևանի կենտրոնում 12 հազար դրամի փոխարեն, այս տարի հասցնելով 160 հազար դրամ։ Թանկացման այս ալիքը ինչպես գիտենք կշարունակվի գալիք տարում և 2025 թվականի հունվարի 1-ից երևանցիների և Երևանի այցելուների համար հանրային տրանսպորտը կթանկանա առնվազը 2-3 անգամ՝ միասնական տոմսայիան համակարգի «ներդրման և բարեփոխումների» քողի տակ։
Շարքային ժողովրդին թանկացումների բեռով ծանրացնելու իշխանության հաջորդ քայլն այն է, որ դատարան դիմելու պետական տուրքն այս տարի 4 հազար դրամից հասցվել է 20 հազար դրամի, իսկ վերաքննիչ դիմելու տուրքը 10 հազար դրամից դարձրել են 30 հազար դրամ։ Իսկ ընդամենն օրեր առաջ էլ իշխող ուժն ԱԺ-ում միաձայն դակեց մի օրենք, ըստ որի՝ 2025 թվականի հունվարի 1-ից արդեն փաստաբանները 5 տոկոսանոց շրջանառության հարկի փոխարեն կվճարեն ավելի շատ հարկ՝ շահութահարկ և ավելացված արժեքի հարկ՝ համապատասխանաբար՝ 18 և 20 % համամասնությամբ։ Սա նշանակում է, որ փաստաբանները ստիպված թանկացնելու են իրենց ծառայության արժեքը, ինչն էլ կրկին անդրադառնալու է շարքային քաղաքացու գրպանին։ Թեև մի քանի օր առաջ ՀՀ ՄԻՊ-ը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու օրենքի այս պահանջը, բայց հենց այսօր հայտնի դարձավ, որ ՍԴ-ն մերժել է փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ-ի առաջարկը։
Թե ինչ տրամաբանությամբ է Փաշինյանի իշխանությունը թանկացումների քողի տակ մտնում ժողովրդի գրպանը, ողջամիտ բացատրություն չունի, բայց փաստն այն է, որ հաջորդ քայլով կառավարությունը նախատեսում է Հարկային օրենսգրքի փոփոխություն, որով ընդհանուր հարկման դաշտ կտեղափոխվեն անվճար իրավաբանական ծառայություններ մատուցողները, հաշվապահները, կառավարման հարցերով խորհրդատուները, մասնավոր շինարարություն իրականացնողները և այլ սուբյեկտներ։ Նրանց հարկային բեռը բարձրանալու է 35-45 %-ով, իսկ սա նշանակում է, որ համապատասխանաբար թանկանալու են այն ծառայությունների գները, որոնք մատուցում են տվյալ սուբյեկտները։
Ժողովրդին հարկերի և թանկացումների բեռով ծանրացնելու՝ Փաշինյանի իշխանության այս քաղաքականությունն ասես ավարտ չունի, և ուշագրավն այն է, որ այս համատարած թանկացումների ֆոնին 2025 թվականին բյուջեով աշխատավարձի և թոշակների բարձրացում չի նախատեսվում։ Ինչ խոսք, հետևանքը լինելու է այն, որ ավելանալու է աղքատների թիվը, և միջին վիճակագրական քաղաքացին ոչ թե ապրելու է, այլ՝ մի կերպ գոյատևելու։
Հերմինե Զեյնալյան