կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 23:57
Հասարակություն

Վարորդական բալեր վաճառելու վերաբերյալ հայտարարությունները հումորային են. ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ Ղահրամանյանը

Վարորդական բալեր վաճառելու վերաբերյալ հայտարարությունները հումորային են. ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ Ղահրամանյանը

Վարորդական բալերի առքուվաճառքն իրենից որևէ լուրջ բան չի ենթադրում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը։

Վերջինս, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկատվությանը, որ վարորդները սոցիալական տարբեր հարթակներում հայտարարում են՝ պատրաստ են վաճառել իրենց վարորդական բալերը, Սերգեյ Ղահրամանյանը նկատեց՝ դրանց մեծ մասն ունի հումորային բնույթ. «Եթե չեմ սխալվում, այդ նկարները դեռևս դեկտեմբեր ամսին են եղել և դա անողների մեծ մասը հայտարարել էր, որ դրանք հումորային են։ Միևնույն ժամանակ, երբ 2019 թվականին կառավարության նիստում քննարկվում էր նախագիծը, հեղինակների կողմից հստակ նշվեց նման տարբերակ, բայց մեծ հաշվով որևիցե լուրջ վտանգ չի սպառնում, որովհետև տեղեկության կեղծումը, պաշտոնատար անձին հաղորդելը պատժելի արարք է։ Այսինքն` եթե խախտումն արել է մեկ մարդ, բայց լրացնում է մեկ ուրիշի տվյալներ, փաստացի համարվում է կեղծ ինֆորմացիա, որը պատժելի արարք է և իր մեջ զանցանք է ներառում»,-նշեց Սերգեյ Ղահրամանյանը՝ ընդգծելով՝ խելամիտ չի համարում գումար տալ նպատակային խախտում անելու համար։ Բացի այդ նրա կարծիքով Հայաստանում շատ չեն այն վարորդները, որոնց վարորդական բալեր պետք չեն։

Սերգեյ Ղահրամանյանը վերհիշեց՝ նույն ԱՊՊԱ ոլորտի կարգավորումներն իրականացնելիս շատ էին դեպքերը, երբ մեկը մյուսի փոխարեն վթարներն իրենց վրա էին վերցնում, բայց այնուհետև ներդրվեց բոնուս համակարգը, որը խրախուսանքի տեսքով որոշակի օժանդակություն էր առաջարկում վթար չունեցող վարորդներին։ Սերգեյ Ղահրամանյանը չբացառեց, որ այս դեպքում նույնպես հնարավոր է փորձեն որևէ կերպ խրախուսել խախտում չունեցող, բայց երթևեկության մեջ ներգրավված վարորդներին։

«Անձամբ ճանաչում եմ շատերին, որոնց վարորդական բալեր վաճառելու վերաբերյալ հայտարարությունները լուրջ նպատակ չեն հետապնդում, պարզապես հումորային ենթատեքստ ունեն։ Ինչքան են գնահատում խախտում անելու ցանկությունը, խախտում կատարող վարորդները։ Այսպես է մեկնաբանվել»,-նշեց Ղահրամանյանը։
Թե մինչև տարվա վերջ որքան վարորդների վարորդական իրավունք կկասեցվի, Սերգեյ Ղահրամանյանը չշտապեց որևէ գնահատական տալ, սակայն նկատեց՝ ըստ տվյալների վարորդների շուրջ 1 տոկոսն է, որ չափից շատ խախտումներ է իրականացնում և գուցե առավելագույնը լինի հենց այդ 1 տոկոսը։

Անդրադառնալով կարծիքներին, որ բալերը սպառելու դեպքում վարորդական իրավունքի կասեցումն անժամկետ պետք է լիներ, Սերգեյ Ղահրամանյանը նկատեց՝ սկզբում մեղմ պատիժներ են ներդրվում, բայց եթե այնուամենայնիվ լուրջ հաջողություններ չգրանցվեն, միգուցե փոխվի։ Այս պահին, սակայն, վարորդներին անխտիր վարորդական իրավունքից զրկելու նպատակ չկա. «Փորձել ենք խստությունը համաչափ կիրառել, որպեսզի առավել վտանգավոր խախտումների համար ևս պատժաչափի տեսանելիություն լինի։ Այլապես եթե միանգամից այդ խախտման համար անժամկետ պատժաչափն ընտրվի, ապա ավելի խիստ խախտումների համար պատժաչափը կլինի օրինակ 5 տարի ազատազրկում։ Այսինքն վարչականից միանգամից կգնա քրեական»,-հավելեց Սերգեյ Ղահրամանյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգ, ըստ որի՝ տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդները վեց ամսով կզրկվեն մեքենա վարելու իրավունքից։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո