Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ԱԺ ավանդական ճեպազրույցում ամփոփելով քառօրյան, նշեց, որ այն հետաքրքիր էր ու հագեցած: Ըստ նրա` իշխանությունը ասպարեզ էր բերել «քաղաքական պոտենցիան» կորցրած որոշ գործիչների, և ընդդիմության վրա ցեխ շպրտելով` փորձեցին ներկայացնել, թե ընդդիմությունը սև ակնոց է կրում ու սևացնում ամեն ինչ:
«Ես ճիշտ բնութագրեցի` ոմանց անվանելով քաղաքական դալտոնիկներ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Թե ի՞նչ ակնկալիքներ ունի պարտադիր կուտակայինի վերաբերյալ ՍԴ որոշումից, նա ասաց, որ չի ուզում գուշակություն անել, իր կարծիքն էլ չի ուզում հնչեցնել: «Չեմ կարծում, որ «պարտադիր» բառն ամբողջությամբ կհանվի»,- ասաց պատգամավորը:
Խոսելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ կապված` ՄԱԿ-ում Հայաստանի «դեմ» քվեարկության մասին` Ռուբեն Հակոբյանը նշեց, որ խմբակցությունում այդ հարցը չեն քննարկել, սակայն, իր անձնական կարծիքով, Հայաստանը այդ քվեարկության ժամանակ առաջնորդվել է պետության շահերով:
«Գիտեմ, որ կարող եք զարմանալ: Կարող էր նաև ձեռնպահ քվեարկել, բայց այդքան էլ էական տարբերություն չկա «դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի միջև: Ես չեմ կարծում, որ Հայաստանի քվեարկությունը ճնշման ներքո է եղել: Ես հավատաքննիչ չեմ, բայց անհասկանալի կլիներ, եթե կողմ քվեարկեր»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով` պետք է նայել աշխարհակարգը, և նույն Ուկրաինան, Եվրոպան, Ամերիկան տեսնում են հստակ, թե ինչ է կատարվում Արցախում, այդ նույն Ուկրաինան ճանաչեց Կոսովոյի անկախությունը, բայց, Արցախի հետ կապված, Ուկրաինան երկակի ստանդարտներով է առաջնորդվում, և ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանը պետք է համամարդկային շահերով առաջնորդվի:
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի քվեարկությամբ Ուկրաինայի հայ համայնքը դժվար դրության մեջ չի հայտնվի, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ հայերը աշխարհի բոլոր պետություններում համայնք ունեն և, անշուշտ պետք է հաշվի առնեն այդ իրողությունը, բայց, ըստ պատգամավորի, կա առավել մեծ շահ` Հայաստանի շահը: «Կա Արցախի հարց: Բոլոր այդ պետությունները, որոնք կողմ են քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, աչք են փակում` Արցախի խնդրի հետ կապված: Ինձ չի հետաքրքրում, թե որ պետություններն են կողմ կամ դեմ քվեարկել, ինձ հետաքրքիր է թե այդ համամարդկային արժեքներն ինչո՞ւ չեն կիրառում` Արցախի հետ կապված»,- ասաց նա: