Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետք է փոփոխություններ կատարվեն, եւ այն խախտումների համար, որոնք հասարակական մեծ վտանգ չեն ներկայացնում, մեծ տուգանքներ չսահմանվեն, կամ եթե կան այնպիսի ճանապարհատրանսորտային նշաններ, գծանշումներ, որոնք օբյեկտիվորեն հանգեցնում են դրանց խախտմանը, պետք է բացառվեն. կառավարությունում այսօր լրագրողներին ասաց արդարադատության նախարար Հհրայր Թովմասյանը' անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիրներ ու հարցեր պետք է կարգավորվեն ճանապարհատրանսպորտային խախտումների համար նշանակված տուգանքների ոլորտում վարչապետի հանձնարարականով ստեղծվելիք աշխատանքային հանձնաժողովի միջոցով:
«Չպետք է այնպես լինի, որ գյուղացին, որը գիշերը կամ թեկուզ ցերեկը իր գյուղատնտեսական մթերքը պետք է տեղափոխի շուկա, որպեսզի վաճառի, հնարավոր եկամուտը պետք է լինի 5 կամ 10 հազար դրամ, մի հոծ գիծ խախտելու համար, որպես տուգանք, վճարի իր օրվա եկամուտը եւ գլխիկոր տուն վերադառնա: Այս վիճակներից մենք պետք է ձերբազատված լինենք»,- նշեց նախարարը:
Ըստ նրա` եթե այսօր Հայաստանում կա 400-450 հազար վարորդ, ուրեմն պետք է հաշվի առնել, որ նրանց առնվազն 30-35 տոկոսը գտնվում է չքավորության շեմում:
Հրայր Թովմասյանն անդրադարձավ տուգանքների չափերին ու մեծություններին` որպես օրինակ` նշելով, որ եթե ինչ-որ խախտման համար նշանակվում է 1 միլիոն դրամ տուգանք, եւ դա, բնականաբար, օգնում է, որպեսզի վարորդները խուսափեն տվյալ խախտումը կատարելուց, դա չի նշանակում, թե անպայման պետք է 1 միլիոն դրամ տուգանք նշանակել, քանի որ փոքր պրոբլեմի լուծմանը չի կարելի հասնել մեծ միջոցներով:
«Չի կարելի ճնճղուկ որսալու համար թնդանոթից կրակել»,- նշեց արդարադատության նախարարը' հավելելով, որ կարելի է բոլոր տեսակի խախտումների համար մեծ տուգանքներ սահմանել, եւ ոչ ոք չի խախտի կանոնները: Այսինքն' նման մոտեցումը պիտանի է, բայց անհրաժեշտ ու չափավոր չէ:
Այս տեսանկյունից պետք է դիտարկվեն, թե վարչական իրավախախտումների օրենսգրքից ո՞ր խախտումներն են, որ պետք է դուրս գան, որոնց համար տուգանք չնշանակվի կամ սահմանափակվեն զգուշացումով:
Ըստ Թովմասյանի` վիճակագրությունը ցույց է տալիս, որ ճանապարհատրասպորտային պատահարների դեպքերի մեջ մեծ տոկոս են կազմում այն պատահարները, որոնց պատճառը եղել է, երբ վարորդը կա'մ ծխում է, կա'մ խոսում հեռախոսով: Այս դեպքում ակնհայտ է, որ պետք է զերծ մնալ այս վատ սովորություններից, քանի որ դրանք վթարների առաջացման հիմնական պատճառներն են, եւ այստեղ իմաստ ունի վարչական տույժերը խստացնել, տուգանքների չափերը մեծացնելը: Բայց մի շարք դեպքերում, երբ վարորդը հոծ գիծն է խախտել կամ անցման գծերի գծանշումները մի 5 սանտիմետրով է խախտել, այդ դեպքերում պետք չէ խիստ տուգանքներ սահմանել:
Մյուս խնդիրը, որ պետք է կարգավորվի այս նախաձեռնությամբ, վերաբերում է ճանապարհատրանսպորտային նշաններին, այսինքն' տեղեր կան, որտեղ օբյեկտիվ դժգոհություներ են առաջացնում այդ նշանները, որ որոշ դեպքերում ուղղակի անհնար է խախտում չկատարել: Այս բոլոր հարցերն ու խնդիրները, հավաստիացրեց Հրայր Թովմասյանը, համալիր լուծում կստանան: