կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-10 17:33
Հասարակություն

Սահմանի հրամկազմն է հետները պայմանավորվել, որ չկրակեն․ Վերին Շորժայի համայնքապետը՝ ադրբեջանցիների սադրանքների մասին

Սահմանի հրամկազմն է հետները պայմանավորվել, որ չկրակեն․ Վերին Շորժայի համայնքապետը՝ ադրբեջանցիների սադրանքների մասին

Ադրբեջանական զինյալները շարունակում են ուղիղ նշանառության տակ պահել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրը՝ պարբերաբար կրակ բացելով գյուղի եւ քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ: Yerkir.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ սահմանին այս պահին հարաբերական հանգիստ է, բայց դա չի հուսադրում։ «Հանդիպել ենք, պայմանավորվել ենք, որ չեն կրակելու՝ իրենք մեզ վրա, մենք՝ իրենց։ Մեր տղերքն են պայմանավորվածություն ձեռք բերել՝ սահմանի հրամկազմը։ Բայց դրանց ասածին ու խոսքին ո՞վ կհավատա։ Թե ի՞նչ նպատակ են հետապնդում՝ Աստված գիտի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքը զավթել ու հարմար տեղակայվել է Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում, իսկ Հայաստանի իշխանությունները անզոր են դուրս բերել թշնամու զորքը ՀՀ սուվերեն տարածքներից։ Երանոսյանը շեշտում է՝ եթե սահմանազատման աշխատանքներից հետո ադրբեջանցիները շարունակեն մնալ հայկական դիրքերում, այն վայրերում, որտեղ այս պահին տեղակայված են, լավ հետեւանք չի կարող լինել։

«Պարզ երեւում են, աչքիդ առաջ են, տեղի ժողովուրդը ո՞նց հանգիստ կլինի։ Այն տարածքներում, որտեղ թշնամին է, անասուններ այլեւս արոտի չեն տանում, խոտհունձ չեն անում, սա տնտեսական մեծ վնասներ է բերել ժողովրդին։ Կրակոց չկա, բայց ամեն անգամ կրակ ենք հանգցնում»,- նշեց նա։

Ի դեպ, ադրբեջանցի զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Սոթք եւ Կութ գյուղերի հարեւանությամբ գտնվող հայկական արոտավայրերի հրդեհումից հետո իշխանությունները վնասի հաշվարկ, փոխհատուցում չեն արել։

Լիանա Սարգսյան