Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արցախի այսօրվա սահմաններից և ազատագրված տարածքներից զիջելու բան չունենք, ընդհակառակը՝ դեռ վերադարձնելու տարածքներ ունենք՝ Արծվաշեն, Շահումյան, Գետաշեն և այլն. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԳ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա ընդգծեց, որ այս հարցում կոմպրոմիսի ու սակարկման տեղ չկա:
Իշխան Սաղաթելյանը առանցքային համարեց համահայկական հզոր ներուժն Արցախը հզորացնելու, վերաբնակեցնելու, պաշտպանելու համար օգտագործելը, թեև, նրա գնահատմամբ, Հայաստանում կա մթնոլորտ, որը Դաշնակցության համար մտահոգիչ է. որոշ մարդիկ, նույնիսկ՝ պաշտոնյաներ, հայտարարում են, որ ՀՀ քաղաքացին չպետք է ծառայի Արցախում: «Սա ողբերգություն է, քանի որ Արցախը մեզ որևէ մեկը նվեր չի տվել, այն ազատագրել ենք մեր հերոսների արյան գնով, և Արցախի պահպանումն ու միջազգային ճանաչումը բխում է հայ ժողովրդի անվտանգության և շարունակականության շահերից»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն անդրադարձավ նաև Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպություններին Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու ուղարկելով՝ ՀՀ կառավարությունը միջամտում է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը: Նա ասաց, որ ճիշտ չէ խորացնել ՀՀ-ԱՀ անջրպետը և վատացնել Արցախի ազատամարտի հերոսների, մեր գեներալիտետի հանդեպ վերաբերմունքը: «Ոչ մեկը չի ժխտում, որ, այո՛, եղել են գեներալներ, որոնք տարբեր պատմությունների մեջ են, հարստացել են, բայց մեկ, երկու դեպքը չի կարելի համընդհանուր դարձնել. ես ճանաչում եմ բանակի բազմաթիվ հերոսների, որոնք իրենց կյանքն են դրել այս ժողովրդի համար, և այսօր բոլորին մեկ ափսեի մեջ դնելը, նույն կերպ վերաբերվելը, լավ տեղ չի տանելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Ստեփանակերտի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանի վանկարկումներին անդրադառնալով՝ նա նշեց. «Արցախը պղտոր ջրոմ ձուկ բռնելու տեղ չէ: Արցախի հարցում պետք լինել շատ նուրբ և զգույշ: Այդ հանրահավաքի իրական նպատակն էլ մենք վերջը չհասկացանք, դրանով ի՞նչ էին ուզում անել: Այդ հանրահավաքը պետք է ծառայեր ոչ թե Արցախի իշխանություններին մեկ անգամ ևս հարվածելուն, այլ անկեղծ, միասնական օրակարգ ձևավորելուն»:
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ այս հարցում չպետք է լինեն Դաշնակցություն, «Իմ քայլ», Ռամկավար, Հնչակյան և այլն, այս հարցը քաղաքական շահարկման և դիվիդենդներ շահելու հարց չէ:
Արցախի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն, հավանաբար, կմասնակցի սեփական թեկնածուով: ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ առաջիկայում տեղի կունենա Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ժողովը, որն իր որոշումը կկայացնի և կհրապարակի: «Այս փուլում Արցախի մեր ԿԿ-ն հայտարարություն է արել և սկսել քաղաքական կոնսուլտացիաները նախագահի հավանական թեկնածուների հետ՝ դրանով չբացառելով, որ մենք ևս սեփական թեկնածուով հանդես կգանք»,- հայտնեց Իշխան Սաղաթելյանը: