Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայում դեռ կա գործող Սահմանադրություն, որով սահմանված է, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ուկրաինայի կազմի մեջ, ուստի ուկրաինացիների համար Ղրիմը դեռ Ուկրաինայի կազմում է: «Եթե փոփոխովի Սահմանադրությունը, մենք արդեն կորոշենք, բայց առայժմ Ղրիմն Ուկրաինայի կազմում է»,- լրագրողներին այսօր ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Դեսպանը նշեց, որ Ուկրաինայի դիրքորոշումը Ղրիմի հարցում հստակ է ու պարզ, ընդ որում` ոչ միայն Ուկրաինայի, այլեւ համաշխարհային հանրության: «Միջազգային հանրությունը հայտարարեց, որ բոլոր գործընթացները, որոնք ծավալվում են Ղրիմում, Ուկրաինայի Սահմանադրության խախտումով են ընթանում: Ես ավելի բան չեմ կարող ասել, դա հստակ ու պարզ դիրքորոշում է: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, հանրաքվեի անցկացմանը, ապա ես կասեմ, որ հանրաքվեն անցկացվել է Ուկրաինայի Սահմանադրության խախտմամբ, դրա համար թե' Ուկրաինան, թե' ԵԱՀԿ-ն չեն ճանաչում այդ հանրաքվեի արդյունքները»,- հայտարարեց Իվան Կուխտան:
Ամեն երկիր ունի իր նորմատիվա-իրավական փաստաթղթերի շրջանակը, պարզաբանեց դեսպանը, թե ինչպիսի պայմաններում եւ ինչպես պետք է անցկացվեն հանրաքվեները, եւ այդ օրենքները պետք է պաշտպանվեն: Իսկ միջազգային դիտորդների արձագանքի մասին նա նշեց, թե «թղթի վրա ամեն ինչ կարելի է գրել», սակայն բոլորն էլ ինտերնետով կարդացել ու տեսել են, թե ինչպես է ընթանում հանրաքվեն, ինչպիսի ճնշումների ներքո:
Ուկրաինական ճգնաժամն էլ, ըստ Կուխտայի, կհանգուցալուծվի իրավական ձեւաչափով' միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, սակայն թե երբ ու որքան արագ, դեսպանը չի կարող ասել:
Լրագրողների դիտարկմանը, թե Ուկրաինան իրեն խաբված չի՞ զգում Արևմուտքի կողմից, որը հրահրեց Մայդանի դեպքերը, բայց հիմա աջակցություն չի ցուցաբերում, դեսպանն արձագանքեց, որ թե' ԵՄ-ն, թե' ԵՄ անդամ բոլոր երկրները` առանձին-առանձին, թե' ԱՄՆ-ը և թե' այլ միջազգային կառույցներ իրենց կարծիքը Ղրիմի հանրաքվեի մասին հստակ արտահայտել են, այդ թվում` հայտարարել են նաեւ սանկցիաների մասին:
Լրագրողները հետաքրքրվեցին` Ուկրաինան կփորձի՞ Ղրիմի հարցը լուծել ռազմական ճանապարհով: Դիվանագետը պատասխանեց. «Ուկրաինան շատ խաղաղասեր պետություն է, ուստի ռազմական գորոծողություններ չեն պլանավորվում Ղրիմի ուղղությամբ: Կան միան Ուկրաինայի Գերագույն ռադայի փաստաթղթերը Ղրիմի հարցով»,- ասաց Իվան Կուխտան:
Դեսպանը նշեց, որ Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ ՌԴ-ի ու Ղրիմի ղեկավարությունների հետ' քննարկելու համար ինքնավար հանրապետության իրավասություների շրջանակի լայնացման, Ուկրաինայում ռուս ազգաբնակչության կարգավիճակի, այդ կարգավիճակի բարելավման եւ այլ հարցեր:
Դոնեցկում ու Լուգանսկում այս օրերին ընթացող բողոքի ցույցերին, հանրահավաքների ու դրանց ընթացքում տեղի ունեցող միջադեպերի մասին Ուկրաինայի դեսպանն ասաց, թե Ուկրաինան դեմոկրատական երկիր է, եւ այդ համատեքստում կարող են իրականացվել հանրահավաքներ, ցույցեր ու երթեր, որոնք չեն հակասում օրենքներին: Իսկ որոնք հակասում են, դրանք չպետք է իրականացվեն: