Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անդամակցել մի կազմակերպության` թեյ կամ սուրճ խմելու համար... Ոչ ոքի այդպիսի կազմակերպություն պետք չէ, այդ պատճառով Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ի կազմից. լրագրողներին այսօր ասաց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Ուկրաինական իրադարձությունների ծավալման ամենասկզբից, ըստ դեսպանի, ԱՊՀ-ի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա որեւէ դիրքորոշում չհայտնեց այդ իրադարձությունների վերաբերյալ: «Այն կազմակերպությունը, որը ոչ մի օգուտ չի բերում, ոչ մեկին պետք չէ: Դա Ուկրաինայի դիրքորոշումն է»,- ԱՊՀ-ին անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի պաշտոնական տեսակետը ներկայացրեց Իվան Կուխտան:
Իսկ թե դրանից հետո ինչպե՞ս կզարգանան հայ-ուկրաինական հարաբերությունները, դեսպանը նշեց, թե դրանք շատ լավ զարգացել ու զարգանում են բոլոոր ուղղություններով, այդ թվում` տնտեսական, քանի որ երկու երկրների միջեւ առկա է բավականին լավ իրավական-նորմատիվ բազա, որը հնարավորություն է տալիս կարգավորելու բոլոր տեսակի երկկողմ հարաբերությունները' տնտեսական, քաղաքական, մշակութային եւ այլն: Դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկայում եւս այդ հարաբերությունները կշարունակվեն ու էլ ավելի կզարգանան:
Կուխտան հայտնեց նաեւ, որ երեկ Ուկրաինայի ԱԳՆ-ն հանձնարարություն է ստացել` Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու վերաբերյալ աշխատանքներ տանել ու ընթացակարգեր մշակել, ինչը, սակայն, արագ չի կարող իրագործվել, ու ժամանակ պահանջող հարց է: Քանի որ Հայաստանի ու Ուկրաինայի միջեւ էլ է գործում ոչ վիզային ռեժիմ, ապա Կուխտան նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հետ կշարունակվի ոչ վիզային ռեժիմը:
Իվան Կուխտան հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների` երեկվա հեռախոսազրույցի վերաբերյալ` նշելով, թե դա իր գործը չէ` որպես դեսպանի, այլ ՀՀ-ի ու Հայաստանի ժողովրդի:
Նույնը Ուկրաինայի դեսպանն ասաց նաեւ ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշման կամ, ավելի ճիշտ, դիրքորոշման բացակայության կապակցությամբ: «Յուրաքանչրյուր պետության իրավունքն է` հայտնել կամ չհայտնել իր կարծիքն ու դիրքորոշումը: ՀՀ ԱԳՆ-ն չի արտահայտել իր պաշտոնական դիրքորոշումը, եւ դուք ձեր հարցերն ուղղեք ձեր կառավարությանն ու ԱԳՆ-ին' իմանալու համար նրանց դիրքորոշումն ու տեսակետը»,- նշեց նա:
Իվան Կուխտան ընդգծեց, որ ինքը չի կարող ասել' Հայաստանի կողմից պաշտոնական դիրքորոշում չհայտները ճիշտ է, թե` սխալ, քանի որ ինքը ՀՀ կառավարության համար պատասխանատու չէ: