Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար:
Երբ Հրանտ Դինքի սպանության գործով իսկական ոճրագործներն ազատ էին արձակվում, ամբողջ պետական կազմը Ռաուֆ Դենքթաշի (Հյուսիսային Կիպրոսի ինքնհռչակ թուրքական հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ.- խմբ.) հուղարկավորության մասնակցելու հերթ էր կանգնել: Այնտեղից մեզ նման շփոթվածներին ուղերձ հղեցին. «Մենք այս պետությունը 1915 թվականի վրա հիմնեցինք, Հրանտ Դինքի սպանությունը պարզաբանել, նշանակում է այս պետության հիմնադրումը հարցաքննել»: «Ի՞նչ տրամաբանությամբ եք ինձնից պահանջում պարզաբանել Հրանտ Դինքի սպանությունը, չե՞ք հասկանում` մենք Ռաուֆ Դենքթաշներ ենք, և մեր տեղը Թալեաթ փաշաների կողքին է»:
Հրանտ Դինքի դատավարության որոշումը մեծ զարմանք առաջացրեց: Զարմանքը լավ է, գեղեցիկ է, անմեղության և պարզության նշան է: Այն ցույց է տալիս`խիղճը դեռ մաքուր է և արտացոլում է այն հոգին, որ հավատում է`դիմացինից պարզ, մարդկային արարքի սպասելիքը շատ բնական է: Իրականում` շատ զարմանալու կարիք չկար, եթե իմանայինք, թե որտեղ են Հրանտի սպանությունը կատարողների տեղերը, տեսնեինք` մեզ որտեղից և ինչպես են նայում, և ամենակարևորը` Հրանտ Դինքի սպանության և 1915 թվականի Ցեղասպանության միջև կապ ստեղծեինք, չէինք զարմանա: Եվ նրանց` մեզ ուղղված` թեթևակի ժպիտով խոսքը. «Գժվե՞լ են սրանք: Խելքնե՞րն են կորցրել: Բա մենք թույլ կտա՞նք, որ այս պետության հիմնադրման աղյուսներից մեկը պոկեն»: Առաջին հերթին մեր` զարմացածների սխալն է, որ չենք տեսել այս սպանության և Հայոց ցեղասպանության միջեւ ամուր կապը: Պետք է զարմանալ, որ չենք զարմացել: Ի~նչ ցավալի: Նրանց տեսածը չենք տեսնում, իմացածներն էլ չենք իմանում:
Հրանտ Դինքին Թալեաթ փաշայի վրեժը լուծելու համար սպանեցին: Բացարձակապես ամեն ինչ 1921 թվականի մահափորձի վրեժը լուծելուն համապատասխան ծրագրավորվեց: Գիտենք, որ Յասին Հայալը (Հրանտ Դինքի սպանության ուղղորդողներից) բանտից դուրս գալուց հետո հոր հետ խոսել է Թալեաթ փաշայի սպանության մասին: Բավականին տեղեկացված լինելով Թալեաթի սպանության մասին`հորը հարցրել է. «Հայրի’կ, գիտե՞ս` ինչպես են սպանել Թալեաթ փաշային, և գիտեի՞ր` նրան սպանողին էլ ազատ են արձակել»:
Ինչո՞ւ Հրանտ Դինքին իր տան առաջ չսպանեցին: Կամ ինչո՞ւ նրան առեւանգելով չսպանեցին ու դիակն էլ մի տեղ չգցեցին, ինչպես մյուսներին են արել: Կարող էին անել, եթե ցանկանային: Սակայն այսպես անելու փոխարեն «Ակօս»-ի դիմաց` փողոցում, բոլորի աչքի առաջ սպանեցին, այն էլ` ետևից գլխին կրակելով: Ինչո՞ւ: Որովհետև Հրանտի միջոցով Թալեաթ փաշայի վրեժը ցանկացան լուծել: Թալեաթ փաշան 1921-ի մարտի 15-ին Բեռլինում սպանվեց Ցեղասպանությունից փրկված Սողոմոն Թեհլերյանի ձեռքով: Թեհլիրյանը Թալեաթին հետևից մոտեցավ և, գլխին կրակելով, սպանեց: Փախչելիս բռնվեց: Հունիս ամսի 2-ին կամ 3-ին դատարանը նրան ազատ արձակեց: Սպանության` մեր չիմացած մեկ այլ նմանություն էլ կա: Թեհլերյանը սպանության վայրից փախչելիս էր ձերբակալբել, բայց, ըստ սպանության ծրագրի, պետք է մնար տեղում և հանձնվեր: Հրանտ Դինքի հետաքննության որոշ փաստաթղթերում նույնպես գրված է, որ, ըստ ծրագրի, Օգյուն Սամասթը (Հրանտին սպանողը) նույնպես չպիտի փախչեր և գոնե Կ.Պոլսում ձերբակալվեր: Ամեն ինչ պետք է լիներ 1921-ի նման: Նպատակը թե’ Թալեաթ փաշայի վրեժը լուծելն էր, թե’ հայերի`1915 թվականի Ցեղասպանության մասին բարձրաձայնելը կասեցնելու համար արված նախազգուշացում: Դրանով ուզում էին ասել` «մենք այս հողերում հային 1915 թվականից հետո ազատ խոսքի իրավունք չենք տա»:
Ա~խ, երանի կարողանայինք նրանց իմացածները իմանալ, տեսածները` տեսնել…
1915 թվականի Ցեղասպանության և Հրանտ Դինքի սպանության միջև եղած նմանությունները չտեսնողներին կամ տեսնել չցանկացողներին, մեզ` շփոթվածներիս, օգնությանը հասավ Աստված: Աստված, ասես, ուզում էր ասել. «Կո՞ւյր եք: Բացեք ձեր աչքերը` տեսեք: Ձեր մտքերն են կուրացել, նայեք, տեսեք»: Ռաուֆ Դենքթաշի հուղարկավորության ժամանակ պետական մարմինների հերթը, ասես, փորձում էր բացել մեր քարացած մտքերը, կուրացած աչքերը և Հրանտի ու 1915 թվականի միջև կապը հասկանալ:
Մեզ ստիպեցին մոռանալ 1915 թիվը, բայց նրանք երբեք չմոռացան: Մեզ այնպես կուրացրին, որ մեր մեջ դեռ «ցեղասպանություն» բառից վատ զգացողներ կան: «Ցեղասպանությունը պետք է ճանաչվի» ասելիս խրտվիլակի նման սարսափից փախչողներ կան: Դեռ կան այնպիսիք, որոնք չեն ցանկանում համատեղ շոշափվի Հրանտի սպանությունն ու 1915-ը և վախենում են պատմության հետ առերեսվելուց: Հրանտն այն է, ինչը մեզ մոռացնել են տվել: Հրանտը բանալի է: Եթե բացահայտվի Հրանտ Դինքի սպանությունը, կբացահայտվեն նաև հանրապետության հիմնադրման գաղտնիքները: Այս հանրապետությունում նման բան անելու ո’չ քաջություն, ո’չ էլ ցանկություն ունեցող կա: Քանի որ նրանք նույնպես այս «գաղտնիքի բաժնետերերն են»:
Հրանտը 1,5 միլիոն+1 է: 2015-ին ընդառաջ, եթե չասենք` «այո’, սա Ցեղասպանություն է, և այն պետք է ճանաչվի», «Հրանտին սպանեցիք, քանի որ նա 1915 թվականի Հրանտներին էր հիշեցնում», այս սպանությունը չենք կարող բացահայտել:
Ինչպես նրանց նմանները հետևում են Ռաուֆ Դենքթաշների և Թալեաթ փաշաներին, մենք էլ Հրանտ Դինքով առաջնորդվենք, նրանով միավորվենք: Հրանտ Դինքը մեր` «1.5 միլոն+1» հանրապետությունը նրանց հանրապետությունից բաժանող կետը թող լինի:
Թաներ Աքչամ
Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի