|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկ լրացավ հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 96-ամյակը:
Այդ կապակցությամբ ՀՅԴ Երիտասարդական միությունը միջոցառում էր կազմակերպել, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սահմանամերձ բնակավայրում խաղահրապարակ կառուցելուն:
Միջոցառումը մեկնարկեց գինու հյուրասիրությամբ և օրը խորհրդանշող «Գինի լից» երգի կատարմամբ: Երեկոյին իրենց մասնակցությամբ աջակցեցին և ներկաներին հաճելի ժամեր պարգևեցին Ռուբեն Հախվերդյանը, Արիկը (Բամբիռը), Դավիթ Հակոբյանն ու Սուրեն Աճեմյանը:
1921 թվականի մարտի 15-ին Թեհլերյանը մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարելով երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:
Երկուսուկես ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Դիմայերը իր պաշտպանական ճառում ասելու էր. «Սողոմոն Թեհլերյանը ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա, կարելի է ասել, կտաներ իր առջև դրոշակը խոշտանգվածների, դրոշակը իր լլկված ընտանիքի»:
Դատավարության ժամանակ Թեհլերյանն ասում է. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:
Նրա դատավարության արդյունքներին սրտատրոփ հետևել է համաշխարհային հանրությունը։ Գերմանական դատարանը Թեհլերյանին անմեղ է ճանաչել` «արդյո՞ք Թեհլերյանը մարդ է սպանել» հարցին տալով «ո’չ» պատասխանը։