Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
DEM կուսակցության Մարդինի պատգամավոր Ջորջ Ասլանը, ով ելույթ ունեցավ Թալեաթ փաշայի հուշարձանի տեղադրման թեմայով, ասաց. «Այնինչ հուշարձան պետք է կանգնեցվեր տասնյակ հազարավոր հայերի համար, որոնք սպանվել են ու աքսորվել, և որոնց ունեցվածքը բռնագրավվել է 1915 թ․։ Չենք ընդունում հայերի մահվան հրամանը տված անձի պատվին հուշարձանի տեղադրումը։ Որոշ մարդիկ կարող են հերոսներ լինել մի ժողովրդի համար, բայց մյուս ժողովուրդների համար այս մարդիկ հերոսներ չեն, նրանք մարդասպաններ են»։ ԼԱՎ (İyi) կուսակցության պատգամավորները փորձեցին ընդհատել ելույթը։ ԼԱՎ կուսակցության Մանիսայի պատգամավոր Շենոլ Սունաթը Ջորջ Ասլանին պատասխանելու համար ելույթ ունեցավ իր տեղից։ ԼԱՎ կուսակցության Դենիզլիի պատգամավոր և ԹԱՄԺ-ի քարտուղար Յասին Օզթուրքը հարվածելով խորհրդարանի փոխնախագահ Թեքին Բինգյոլի սեղանին, վեր կացավ և ասաց. «Դուք նույնպես պետք է անաչառ լինեք։ Դա հնարավոր չէ։ Դա չի կոչվում հայերի ցեղասպանություն»։ Բինգյոլը պատասխանեց. «Մի՛ գոռացեք, դուրս եկեք» և դադարեցրեց նիստը։
Որոշ օրենքներում և օրենսդրական որոշումներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումները շարունակվում են ԹԱՄԺ-ի գլխավոր նիստում։ Առաջարկի վերաբերյալ ելույթ ունենալով՝ DEM կուսակցության Մարդինի պատգամավոր Ջորջ Ասլանն ասել է հետևյալը.
«1915 թ․ Օսմանյան կայսրության բնակչությունը կազմում էր 13 միլիոն, մինչդեռ այս բնակչության մոտ երեք միլիոնը կազմված էր քրիստոնյա ժողովուրդներից՝ հայերից, հույներից և ասորիներից։ Այսօր մենք 2025 թ․ ենք, անցել է ուղիղ 110 տարի։ Մինչդեռ Թուրքիայի բնակչությունը 86 միլիոն է, ինչո՞ւ է քրիստոնյա ժողովուրդների բնակչությունը արտահայտվում տասնյակ հազարներով, երբ սովորական պայմաններում այն նույնպես պետք է հասներ միլիոնների։ Ի՞նչ պատահեց այս մարդկանց հետ։ Իհարկե, իմ տված այս հարցին պատասխան չտրվեց։ Մինչդեռ սպասում էինք անկեղծ առերեսման 1915 թ․ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ, ընդհակառակը, հանցագործների անունները տրվում են հանրային տարածքներին, փողոցներին, այգիներին և դպրոցներին, և կանգնեցվում են նրանց հուշարձանները։ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը Ալթընդաղ շրջանում հուշարձան է կառուցել Թալեաթ փաշայի համար։ Մինչդեռ հուշարձան պետք է կանգնեցվեր տասնյակ հազարավոր հայերի համար, որոնք սպանվել են ու աքսորվել, և որոնց ունեցվածքը բռնագրավվել է… 1915 թ․ նրանց հրամայվեց սպանել։ Մենք չենք ընդունում հուշարձան այն մարդու համար, ով սպանել է։ Որոշ մարդիկ կարող են հերոսներ լինել ազգի համար, բայց մյուս ազգերի համար այդ մարդիկ ոչ թե հերոսներ են, այլ՝ մարդասպաններ»։
Թեքին Բինգյոլն ասաց. «Պարոն Ասլան, մեղադրանքներ ներկայացնելիս պետք է կոնկրետ, իրական և լուրջ մեղադրանքներ մատնանշեք։ Դուք իրավունք չունեք այստեղի մարդկանց մեղադրել վերացական հասկացություններով։ Մասնավորապես, Անկարայի քաղաքապետի կողմից կանգնեցված հուշարձանը տեադրվել է «Կայարանի կոտորածի» (Խոսքը գնում է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին Անկարայի Ուլուս թաղամասի կայարանում կատարված զինված հարձակման մասին, որին զոհ է գնացել 109 հոգի-Ակունքի խմբ․) համար։ Դրանից բացի այլ բան չկա, խնդրում եմ խոսեք ուսումնասիրելուց հետո»։
Ասլանի խոսքերը հաճախ ընդհատվում էին ԼԱՎ կուսակցության պատգամավորների կողմից և բացասական արձագանքների արժանանում։ Ասլանից հետո ելույթ ունեցած ԼԱՎ կուսակցության Մանիսայի պատգամավոր Շենոլ Սունաթը նշեց.
«Ցավոք տեսնում ենք, որ այս ամբիոնին մոտեցած որոշ կուսակցականներ չպետք է ելույթ ունենան պատմությունը խեղաթյուրելով, մեծ թուրք ազգին զրպարտելով և այստեղի դավաճաններին օրհնելով։ Հետևաբար, ես անիծում եմ այստեղ եկած մարդուն։ Իրականում, ձեզ շատ բան կա ասելու, բայց, կարծես, վերջերս ինքնավստահություն եք ձեռք բերել։ Սակայն իմացեք, որ որպես թուրք ազգ, ո՛չ Թալեաթ փաշան, ո՛չ այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը և այս զրպարտությունները, որոնք օտարերկրյա աղբյուրներն ու կայսերական տերությունները դրել են ձեր մտքում, երբեք չեն կարող ընդունվել թուրք ազգի կողմից»։
Սունաթի ելույթը ընդհատելուց հետո Թեքին Բինգյոլն ասաց. «Թույլ տվեք խոսել, մի ընդհատեք ինձ» և շարունակեց. «Լսեք, պարոն Սունաթ, «անիծում եմ» բառը շատ խիստ է։ Չեք կարող նման խոսք օգտագործել»։
ԼԱՎ կուսակցության Դենիզլիի պատգամավոր և ԹԱՄԺ-ի քարտուղար Յասին Օզթուրքը հարվածելով Բինգյոլի սեղանին, կանգնեց և ասաց. «Դուք պետք է անաչառ լինեք։ Դա հնարավոր չէ։ Դա չի կարող արտահայտել “հայերի ցեղասպանությունը”»։ Բինգյոլը պատասխանեց՝ «Մի՛ գոռացեք խորհրդի վրա, հեռացեք» և դադարեցրեց նիստը։
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել էր, որ Անկարայի Չանքայայի բուսաբանական այգում կառուցել էր «Արտաքին գործերի նահատակների հուշարձան և հուշահամալիր»՝ ի հիշատակ ծառայության ընթացքում զոհված դիվանագետների, և որ հուշարձան է կառուցվել նաև Թալեաթ փաշայի պատվին։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը