Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իր ուսումնասիրություններում Հիլմարը չի անտեսում այն փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, որ Անատոլիայի բազմաթիվ նահանգապետեր և մյուֆթիներ փրկել են հայերին Միություն և առաջադիմություն կոմիտեի ցասումից և թվարկում է որոշ փաշաների, նահանգապետերի, Յոզղատի մյուֆթիին և շատ այլ անուններ (Իրականում Ցեղասպանության ժամանակ հայերին փրկել են ոչ թե բազմաթիվ, այլ հատուկենտ թուրք պաշտոնյաներ-Ակունքի խմբ․)։
Ամեն ապրիլի 24-ին մի ահ է համակում թուրք պետական բյուրոկրատիային, հատկապես արտասահմանում աշխատող դիվանագետներին. «Ինչպե՞ս են վերաբերվելու 1915 թ․ իրադարձություններին։ Ովքե՞ր և ինչպե՞ս են բնորոշելու արտաքսման որոշումները և հայկական կոտորածների սահմանումը։ Փոխարենը ասում են՝ գոնե շատ գլխացավանք չունենայինք»։ Մինչ դրսում անհանգստությամբ են սպասում քննարկումներին, Թուրքիայի ներսում այդ էջն արդեն փակվել է, առանձնապես չի ընդգծվում, 100 տարվա վաղեմության դեպքերն այժմ մոռացված ու անտեսված են…
Գերմանացի պատմաբան Հիլմար Քայզերը տարիներ շարունակ ուսումնասիրել է օսմանյան արխիվները, կազմակերպել գիտաժողովներ, գրել հոդվածներ ու գրքեր։ Երբ լսեցի, որ ելույթ է ունենալու Անկարայի ՄԱԹՀ-ի շրջանավարտների միությունում, ցանկացա հանդիպել նրան, քանի որ վաղուց ինքս էլ աշխատում էի այս հարցի շուրջ, և մենք երեկ առավոտ հանդիպեցինք Քաղաքագիտական շրջանավարտների ասոցիացիայում։
Մոխրագույն երկնակամարից անձրև էր տեղում, Քայզերը մի փոքր հոռետես էր, թերևս սառը եղանակի պատճառով, և ասաց. «Երբ համեմատում եմ 2000-ականների հետ, ինչքան բան է փոխվել․ ձեր փողը դարձել է թուղթ։ Գրպանում 100 կամ նույնիսկ 200 լիրայով դուրս եկողը ոչինչ չի կարող անել և մնում է սոված։ Այդ փողը հին 5 լիրայի չափ է դարձել»։
Թեյ ենք պատվիրում, Քայզերը բողոքում է. «Նույնիսկ լավ թեյ գտնելն է դժվարացել», և մի քիչ թունդ թեյի մեջ տաք կաթ է ավելացնում։
Հետաքրքիր է՝ ինչպես է նա գնահատում այն խոսքերը, որ երբ 1915 թ․ իրադարձությունների մասին բանավեճ ծավալվեց, բոլորն ասացին. «Թող ֆրանսիացիները նախ անդրադառնան այն հարցին, թե իրենք ինչեր են արել Ալժիրում, ինչպե՞ս են ամերիկացիները զրկել հնդկացիներին իրենց հողերից, Գերմանիայում հրեաներին ո՞վ է այրել վառարաններում»։
«Մտքիս այն էր, որ ես՝ այս հարցերը ուսումնասիրողս, գալիս եմ ցեղասպանություն իրականացրած Գերմանիայից: Դուք էլ կուզեք բռնի աքսոր անվանեք, կուզեք ոչնչացում, կուզեք անվանեք ցեղասպանություն։ Ինչ բառեր էլ որ օգտագործեք, այս խնդիրը ամբողջությամբ ձերն խնդիրն է, և ձեր խնդրի վրա, անկախ դրա գնից, դո՛ւք պետք է աշխատեք: Անգամ եթե տեր չես կանգնում այդ խնդրին, ինչ էլ լինի՝ ամբողջ աշխարհում կան պատմաբաններ, և նրանք գլուխ են ջարդում այդ հարցի շուրջ։ Լավ կլինի, որ այն, ինչ տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ամբողջությամբ արձանագրվի, որպեսզի այլևս չկրկնվի։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Հույներին ուղարկեցիք, հրեաներին վտարեցիք, հայերի դեպքերը գիտեք։ Ոչ միայն դա․ հետագայում էլ Դերսիմի դեպքերը տեղի ունեցան։ Քրդերն ու եզդիները ճնշումների ենթարկվեցին։ Այս դեպքերից դասեր քաղվե՞լ են: Բա նրանից հետո եկածները չփորձեի՞ն հեղաշրջումների միջոցով ոչնչացնել ազատություն ուզողներին։
Այն, ինչ արվեց պաղեստինցիների նկատմամբ
«Տարիներ անց ապրողներից բոլորը, անգամ պատմաբանները, այնպես են վարվում, կարծես թե ազատություն ունեն շուռ տալու և ձևափոխելու, ի՞նչ ենք խոսում մենք՝ մեր աչքի առաջ տեղի ունեցած ողբերգության՝ մոտ 40 հազար պաղեստինցիների մահվան մասին, որը ուղիղ եթերով հեռարձակվում էր հեռուստատեսությամբ»- հարցնում եմ:
Միություն և առաջադիմություն կոմիտեն նույնպես փորձեց ոչնչացնել արձանագրությունները, բայց չհաջողվեց։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ բացահայտվեց… Պատմաբանները փորձագետ են այս հարցում, նրանք ունեն թաքնված փաստեր բացահայտելու մեթոդներ: Միայն նայեք անցյալի ավտորիտար ռեժիմների արկածներին՝ Ստալինը, նացիստները… Իշխանության մեջ գտնվողները պատրաստվում էին իրենց ուզածի պես գրել իրենց պատմությունը, բայց չստացվեց, որովհետև պատմաբաններն են գրում պատմությունը, ոչ թե բռնապետերը: Նույնը վերաբերում է Իսրայելի վարչակազմին: Պաղեստինցիների դեմ արված ամեն բան գրանցվում է։ Դրա համար սպանում են լրագրողներին, արգելում լուրերը, շատ են վախենում, որ իրենց վայրագությունները կարձանագրվեն։ Մինչ մենք խոսում ենք հային սպանելու, հրեային տեղահանելու, հույնին վռնդելու մասին, հիմա հերթը հասել է ազատություն ուզողների, նույնիսկ միասեռականների։ Այսպիսով, ո՞վ է մնալու:
«Էշով արևելք ուղևորվեցի»
Ի՞նչ է անցել Կայզերի մտքով, որ նա պատմություն ուսումնասիրելիս կենտրոնացել է Թուրքիայի և Հայկական հարցի վրա: Ես զարմացա, երբ նա պատմեց, որ իր ծննդավայր Գերմանիայում տարիներով հարեւանություն է արել բազմաթիվ թուրք, քուրդ և լազ ընտանիքների հետ.
«Առաջին անգամ եկել եմ այստեղ որպես երիտասարդ ուսանող՝ հարեւաններիս հրավերով: Ես տեսել եմ, թե ինչ արեցին քրդերին Բաթմանում 1982 թ․, երբ ռազմական դիկտատուրա էր։ Այդ ժամանակ երկար մազերով 19 տարեկան երիտասարդ էի։ Տեսա, թե ինչպես են քրդերին ծեծում, զինվորներն էին ծեծում։ Այդ դեպքը տպավորեց ինձ: Հետո գնացի Վան և շատ այլ վայրեր։ Անգամ քրդերեն խոսելն այն ժամանակ արգելված էր։ Տարածաշրջանով մեկ շրջում էի, երբեմն ոտքով, երբեմն էշով: Այդ ժամանակ պատմություն էի սովորում։ Զբաղվում էի նացիստների գործունեությամբ։ Հետո, երբ սկսեցի ուսումնասիրել Թուրքիան, հասկացա իրավիճակը։ Ինչ է արել Թալեաթ փաշան, ինչ է արել Միություն և առաջադիմություն կոմիտեն։ Ես ձախական եմ, ձախերի մոտ այն ժամանակ միտումը Նիկարագուայի դեպքերն էին, Թուրքիայի նկատմամբ ոչ ոք հետաքրքրություն չցուցաբերեց, բայց ես հետաքրքրվեցի»։
Արխիվները բա՞ց են
«Հետաքրքիր է, արդյոք օտար պատմաբանի համար հեշտ է արխիվային աշխատանք կատարել և ուսումնասիրել օսմանյան արխիվները և Միություն ու առաջադիմություն կոմիտեի փաստաթղթերը»։ Բացատրում է.
«Որոշ արխիվներ բաց չեն, օրինակ՝ լքյալ գույքի մասին… Արխիվների մեծ մասը բաց է, այդ թվում՝ ռազմական արխիվները։ Բայց արխիվային հետազոտություն անելն այնքան էլ հեշտ չէ։ Հատկապես, եթե դու ինքդ ես քեզ ֆինանսավորում: Դուք ասեք՝ հաճելի՞ է գումար ծախսել և ժամանակ անցկացնել արխիվներում, երբ կարող եք հանգստանալ Անթալիայում»:
Հիլմար Կայզերը 2000-ականների սկզբին շատ է այցելել Թուրքիա և նույնիսկ հյուրընկալվել պետական հյուրատանը։ Նա համակ ուշադրության է արժանացել ԱԶԿ մակարդակով: Խոսելով այդ տարիների մասին՝ նշում է, որ Աբդուլլահ Գյուլն ընդգծում էր իր ազդեցությունը. «Նա դա սկսեց ֆուտբոլային դիվանագիտությունից և թուրք-հայկական հարաբերությունները հասցրեց շատ լավ մակարդակի։ Այն ժամանակվա զրո խնդիր հարեւանների հետ մոտեցումն այժմ վերածվել է բոլորի հետ վեճի»,- ասում է նա։
Հայկական գերեզմանատան ԹՊԸ
Կան նաև մարդիկ, որոնց վրա Հիլմար Կայզերը զայրացած է.
«Թուրքական պատմական ընկերությունը այժմ վեր է խոյանում այն հողի վրա, որը ժամանակին եղել է հայկական գերեզմանատուն: Երբ Յուսուֆ Հալաչօղլուն ղեկին էր, նա պետության փողերով մոլորեցնում էր անգամ պետությունների ղեկավարներին։ Նույն մտածելակերպն ունի նաև Իսմեթ Բինարքը… Նրանց համար հեշտ է ասել՝ «Հայերը զոհվել են բռնի գաղթի (տեղահանության) ժամանակ», դա նման է սուլելու՝ անտառում մթության մեջ քայլելիս վախից խուսափելու համար»։
Հիլմարին հարցնում եմ «Ի՞նչ եզրակացության եք հանգել արխիվում կատարած ձեր ամբողջ աշխատանքի ընթացքում», և նա պարզ ասում է.
«Մինչև 1914-1915 թթ․ այս տարածքներում ընդհանուր առմամբ 1 միլիոն 750 հազար հայերը, ովքեր նույնիսկ պաշտոնական հաշվառման մեջ էին (ասենք 5 տոկոս սխալի սահման կա), հետո ի՞նչ եղան։ 250 հազար հայ կա՛մ փախել է, կա՛մ բռնի մահմեդականացրել։ Ի վերջո, ընդհանուր առմամբ մահացել է 1 միլիոն մարդ։ Քանի՞սն է պակասել նրանց թվից 1917 թվին։ Մահացության մակարդակը նույնպես տարբերվում է ըստ տարածաշրջանների, օրինակ՝ արևելքում մահացության մակարդակը հասնում է 90-95 տոկոսի։ Օրինակ՝ Անկարայում 60 տոկոս…»:
Հայերին փրկածները
Իր ուսումնասիրություններում Հիլմարը չի անտեսում այն փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, որ Անատոլիայի բազմաթիվ նահանգապետեր և մուֆթիներ փրկել են հայերին Միություն և առաջադիմություն կոմիտեի ցասումից և թվարկում է որոշ փաշաների, նահանգապետերի, Յոզղատի մյուֆթիին և շատ այլ անուններ։
Նա նշում է, որ այդ «բարեգործ» պաշտոնյաները կրոնափոխ հայերին նոր վկայականներ են տվել մահից փրկելու համար, իսկ նոր վկայականների վրա մահմեդական անվան կողքին գրված է եղել «հայ» գրությունը։
Մոտ երկու ժամ տևած մեր զրույցի վերջում Հիլմար Քայզերը նշում է. «Փաստաթղթերն ուսումնասիրելիս գտա նաև Թալեաթ փաշայի պաշտոնական հրամանը՝ «Ոչնչացրե՛ք հայերին»։ «Ինչո՞ւ դեռ չեք հրապարակել», – հարցնում եմ, պատասխանում է՝ ժամանակը գա՝ կհրապարակեմ։ Մենք հրաժեշտ տվեցինք: Տեսնենք, թե ինչ կասի Քայզերը այս երեկո Անկարայի ՄԱԹՀ շրջանավարտների ասոցիացիայում:
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net