կարևոր
1012 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-03 13:30
Քաղաքական

Թուրքիա-Հայաստան սահմանի` Թալեաթ փաշայի անվամբ անվանակոչման առաջարկի մասին մամլո հաղորդագրություն

Թուրքիա-Հայաստան սահմանի` Թալեաթ փաշայի անվամբ անվանակոչման առաջարկի մասին մամլո հաղորդագրություն

Խոր մտահոգությամբ և հիասթափությամբ ենք արձագանքում Թուրքիայի խորհրդարանում ներկայացված այն առաջարկին, որով նախատեսվում է Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետը անվանակոչել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի անունով: Նրա հրամանով պլանավորվեց և իրականացվեց ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորածը, 2000-ից ավելի եկեղեցիների ոչնչացումը, համայնքների վերացումը և միլիոնավոր հայերի բռնի տեղահանումը իրենց հայրենի հողերից:

Հաշտության և համագործակցության հնարավորության խորհրդանիշ հանդիսացող սահմանի անվանումը Ցեղասպանության հետ նույնացվող անձի անունով, խորը անզգայություն է՝ մարդու արժանապատվության, պատմական ճշմարտության և բարոյական պատասխանատվության նկատմամբ: Այսպիսի քայլը վտանգում է արդարությունը՝ լեգիտիմացնելով անցյալի հանցագործությունները և խորացնելով դեռևս բաց վերքերը: Փոխարենը, հորդորում ենք թուրք առաջնորդներին և հասարակությանը՝ ընտրել հույսի, ճշմարտության և համընդհանուր մարդասիրության վրա հիմնված այլընտրանք:

Ինչու սահմանը չանվանակոչել խղճի ձայն հանդիսացող մեկի անունով՝ օրինակ Հրանտ Դինքի՝ հայազգի թուրք քաղաքացու, ով իր կյանքը նվիրեց ազգերի միջև փոխըմբռնմանն ու խաղաղությանը: Նա մարմնավորում էր հայերի, թուրքերի, քրդերի, քրիստոնյաների, մահմեդականների և բոլոր անատոլիական ժողովուրդների միասնության գաղափարը:

Հորդորում ենք թուրք մտավորականներին, քաղաքական գործիչներին և ակադեմիկոսներին՝ հիշել, որ առաջընթացը գալիս է ոչ թե պատմության մոռացմամբ, այլ դրա քաջ ճանաչմամբ: Գերմանիան ճանաչել է Հոլոքոստը, Կանադան՝ բնիկ ժողովուրդների դեմ գործած ոճրագործությունները: Ժամանակն է, որ Թուրքիան ընդունի իր պատասխանատվությունը հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հարցում, որի հետևանքով ավելի քան 4.5 միլիոն մարդ սպանվեց կամ արտաքսվեց:

Ճշմարիտ ազգային ուժը գալիս է ոչ թե մերժումից, այլ պատմության հանդեպ ազնիվ վերաբերմունքից: Հուսով ենք, որ այս առաջարկը կվերանայվի՝ փոխադարձ հարգանքի, արժանապատվության և համամարդկային արժեքների հիման վրա:

Հարգանքով՝ Ցեղասպանության և մարդու իրավունքների միջազգային ինստիտուտ, Զորյան ինստիտուտի բաժին

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն օրենքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Հայաատանի հետ սահմանին տեղակայված Ալիջան անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով: Նախագիծը ստորագրել է 28 պատգամավոր։