Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր նորաբաց «Հաղթանակ» կուսակցությունը (Zafer Partisi) մեջլիսին նախագիծ է առաջարկել Կարսի նահանգում ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետի անունը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիան»՝ վկայակոչելով թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթից։
Այս առաջարկից հետո Թվիթերի թուրքական տիրույթում արշավ է սկսվել, ակտիվ տարածվում է «Թալեաթ փաշա սահմանային անցակետ» հեշթեգը, որն այս պահին Թուրքիայի տարածքում թրենդային հեշթեգերի առաջին եռյակում է։
Մեջլիսում նորաբաց քեմալիստական կուսակցության միակ ներկայացուցիչ և կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը նախագիծն առաջարկել է այն բանից հետո, երբ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում հայերին ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել։
«Եթե ձեր արձագանքն անկեղծ է, ապա սպասում ենք մեր կուսակցության՝ սահմանային անցակետի անունը փոխելու մասին առաջարկին ձեր աջակցությանը։ Այժմ դուք առերեսվում եք «անկեղծության թեստի» հետ։ Եթե չաջակցեք դրան, թուրք հասարակությունը կհիշի ձեր այդ պահվածքը, եթե աջակցեք, մենք կծափահարենք ձեզ»,- հայտարարել է թուրք պատգամավորը։
Հիմա հայ-թուրքական սահմանին թուրքական անցակետը կոչվում է «Աքքայա» (թրգմ․՝ «Սպիտակ ժայռ»), Կարսի նահանգի նույնանուն շրջանի անունով։ Անցակետը Թուրքիան փակել է 1993թ-ից։ Դրա դիմաց հայկական կողմից «Ախուրյանի» սահմանային անցակետն է։ Թվիթերում տարածվում է նաև անցակետի վրա համակարգչով «խմբագրված» անունով լուսանկարը։
Թալեաթը Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից էր։ 1913-1918 թվականներին նա զբաղեցրել է Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 1921 թվականի մարտի 15-ին սպանվել է Սողոմոն Թեհլերյանի կողմից։