Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Աշոտ Ղազարյանը /սիրված դերասան, վաստակավոր արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, հումորի արքա' կոչումն ընտրեք ինքներդ/:
-Ասում են' դերասանը շատ հաճախ չպետք է երեւա հանդիսատեսին աչքին: Այդ սկզբունքո՞վ է, որ արդեն երկար ժամանակ չեք երեւում ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ էլ ներկայացումներում:
-Այո, ես միշտ այդ սկզբունքով եմ շարժվել: Եղել է, որ 1-2 տարի շատ եմ երեւացել' ֆիլմեր, ներկայացումներ, հաղորդումներ, համերգներ, շրջագայություններ, հետո նույնքան ժամանակ էլ լռել եմ, եւ այդպես` միշ
տ: Սա գաղտնիք չէ, բայց շատերը երեւի դրան ուշադրություն չեն դարձրել: Մարդը պետք է որոշ ժամանակ լռի, որ ե՛ւ հանդիսատեսը կարոտի նրան, ե՛ւ ինքը հանդիսատեսին կարոտի: Բացի այդ` դերասանը, բեմի մարդը պետք է լցվի պաշարով: Մի տարուց ավել է' ոչինչ չեմ անում այստեղ, ելույթներ եմ ունենում դրսում' վերջերս երկու ելույթով ԱՄՆ-ում էի: Հիմա Հանրային հեռուստաընկերությամբ նոր հաղորդաշարի նախագիծ կա, ինչպես նաեւ ֆիլմի, մանկական հաղորդման նախագծերին մասնակցելու առաջարկ:
-Ասում եք' արվեստագետը պետք է լցվի եւ նոր միայն ներկայանա, միայն դա՞ է պատճառը, թե՞ նաեւ վախ կա` հոգնեցնել հանդիսատեսին:
-Իհարկե, հոգնեցնելու վախ էլ կա: Վերջիվերջո, մարդկանց պետք է ամեն անգամ յուրովի ներկայանալ, որ չհոգնեցնես: Հանդիսատեսն ամեն անգամ, երբ գալիս է ներկայացման, գիտի, որ, այ, Աշոտն այս անգամ մի նոր բան է անելու: Դրա համար ես մինչեւ այսօր բեմում եմ, իսկ եղել են մարդիկ, որ փայլել են 5 տարի, բայց հետո էլ ձայները չի լսվել: Պետք է շատ զգույշ վարվել, հատկապես հեռուստատեսությունը շատ ջանք է խլում քեզնից' ունենալ հաղորդաշար եւ ամեն շաբաթ երեւալ էկրանին, դժվար է: Մարդիկ ինչո՞ւ սերիալները չեն սիրում, որովհետեւ հոգնում են' նույն դեմքերը, նույն խնդիրներն ու նույն լացն ու կոծը: Ես 15 տարեկանից բեմում եմ /արդեն 50 տարի է/, եւ ժողովուրդը մինչեւ հիմա էլ ինձ ընդունում է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում:
-Մարդկանց տխրեցնելը հեշտ է, ծիծաղեցնելն է դժվար: Վերջին շրջանում երջանի՞կ, թե՞ տխուր դեմքեր եք նկատում Երեւանում:
-Իսկապես, ծիծաղեցնելն ավելի դժվար է: Մարդուն տխրեցնել, տրամադրություն գցել յուրաքանչյուրը կարող է, բայց երջանկություն պարգեւել բոլորին չի հաջողվում: Մյուս կողմից,` մարդ պետք է համապատասխան էներգետիկ դաշտ ունենա: Եղել է, որ գործով մտել եմ ինչ-որ տեղ, մի քաղցր խոսք կամ ինչ-որ կատակ եմ արել ու դուրս եկել, իսկ հետո ինձ ասել են, թե' Աշո'տ ջան, քո գալու օրն այնքան թեթեւ է անցել մեզ համար: Այ, հարցնում ես' ժպտացող դեմքերն ավելացե՞լ են, չեմ կարող ասել, բայց այն, որ մարդիկ կարոտ են ծիծաղի ու հումորի, ակնհայտ է: Հիմա անգամ երկար ներկայացումներ չեն կարողանում նայել' կարճ լինի, մի քիչ հումորային լինի, բայց, մյուս կողմից, պետք է նաեւ դասական ներկայացումներին հաճախել, հո միայն ուրախանալով չի՞: Մանավանդ այսօր, երբ աշխարհում ու երկրում ամեն ինչ խառն է, ծիծաղի կարիք շատ կա:
-Երբ մարդիկ սովոր են քեզ միշտ տեսնել բարձր տրամադրությամբ, սովորաբար, երբ տխուր ես լինում, ստիպված թաքցնում ես, ու մի տեսակ բարդույթ է դառնում` մարդկանց առջեւ երեւալ այնպես, ինչպես կաս:
-Այո, կա նման բան: Ուզես-չուզես' բեմ բարձրանալիս պետք է տրամադրությունդ բարձր լինի, հանդիսատեսին չեն հետաքրքրում քո անձնական խնդիրները: Ոչ ոք մեղավոր չէ, երբ քեզ մոտ ինչ-որ բան էն չէ, դու իրավունք չունես դիմացինիդ տրամադրությունը գցել: Մարդը լավ տրամադրված տնից դուրս է գալիս, երկնքում էլ արեւն է շողում, ու հանկարծ գալիս ու սկսում են իրենց դարդ ու ցավը պատմել ու տրամադրությունդ գցել, օրդ փչացնել: Կարող է դիմացինն իր դարդերը պատմել, թեթեւանալ ու գնալ, իսկ դու մտմտում ես, ողջ օրվա ընթացքում մտածում նրա մասին: Կարո՞ղ ես մարդուն ուրախացնել, ուրախացրու:
-Դուք մի շարք կոչումներ ունեք, բայց միշտ հպարտացել եք Երեւանի պատվավոր քաղաքացի կոչումով: Պատվավոր, հին Երեւանի գույները շատ չե՞ն փոխվել:
-Երեւանը թարմացել, երիտասարդացել եւ գեղեցկացել է, բայց, մյուս կողմից, ես միշտ ասել եմ, թե կուզեի` մեր հին մշակութային արժեքները պահպանեինք: Ես նախանձով եմ նայում, թե ոնց է Վրաստանն իր հին արժեքները պահպանում ու փայփայում: Թող նորն էլի կառուցվի, ապակեպատ, բարձրահարկ շենքեր լինեն, բայց հինը չպետք է լրիվ տրորել: Երկու բան չեմ սիրում մեր քաղաքում' հինը չպահպանելն ու ծառահատումները, ամեն մի ծառի հետ ոնց որ ինձնից մի բան կտրեն-տանեն: Մեր հին ֆիլմերում նայում եմ Երեւանիս, լրիվ կանաչի մեջ է, հիմա չոր ու ցամաք է դարձել` լոլոզ-մոլոզ շենքերով: Յուրաքանչյուրիս համար ամենահայրենանվեր գործը կլինի ծառատունկով զբաղվելը: Երեւանի գույնը կարող է փոխվել, բայց չեմ ուզի, որ համ ու հոտն էլ փոխվի:
-Ձեր' «Բարեւ, ես մնում եմ»` արտագաղթին նվիրված ներկայացման վերջում ասում էիք, որ ժամանակն է վերջին նամակը գրել` աշխարհում սփռված բոլոր հայերին ուղղված: Հիմա ի՞նչ կգրեիք այդ նամակում:
-Կգրեի, որ իրենց շատ եմ սիրում ու կարոտում: Ուզում եմ, որ մեր տունը շենանա, ու բոլորը գան տուն, իրար հետ մեր տանն ապրենք:
-Աշոտ Ղազարյանի ծիծաղի, հումորի եւ խոսքի դպրոց-ստուդիայի գովազդն ինչո՞ւ չենք տեսնում, թե՞ դպրոցն արդեն հաստատվել է եւ գովազդի կարիք չունի:
-Գիտես' չեմ սիրում գովազդների ճռճռան բառերը' աննախադեպ, պրոֆեսիոնալ, թիվ մեկը... Գործով պետք է ցույց տաս եղածի կարեւորությունը: Կգա ժամանակ, որ շատ կհնչի մեր դպրոցի անունը եւ արված գործով կհնչի, ոչ թե գովազդով: 2013-ին մեր 10 շրջանավարտներից տասն էլ ընդունվել են Թատերական, ընդ որում' 3-ն անվճար: Մեր երեխաները շատ շնորհքով են, նույնիսկ «անշնորհք» երեխա էլ ենք ընդունում' թեկուզ նրա համար, որ փողոց չընկնեն: Ես դպրոցից շահ չունեմ, ամիս է լինում' աշխատավարձ էլ չեմ ստանում, նաև երեխա ունենք, որ վճարունակ չէ` զոհված ազատամարտիկի զավակ, սիրիահայ, նրանցից ո՞նց գումար վերցնենք: Բոլորը դասի գնալուց առաջ գալիս, համբուրում են ինձ, այ, սա է իմ շահն ու բիզնեսը: Երազում եմ` մի փոքրիկ շենք ունենալ` մեր տարածքը, քաղաքապետը խոստացել է մեզ տարածք տրամադրել:
Կարինե Հարությունյան
Հ. Գ. Մինչ հարցազրույցը սկսելը' արդեն թեթեւ ու ծիծաղով լցված մթնոլորտ էր' Աշոտ Ղազարյանի մոտ էի:
-Սուրճ կուզե՞ս:
-Չէ, շնորհակալ եմ, սուրճ ընդհանրապես չեմ խմում:
-Ուրեմն' թեյ:
-Թեյ սիրում եմ, բայց չեմ ուզում:
-Դե, լավ, շոկոլադ վերցրու:
-Ընթացքում կուտեմ, հիմա չեմ ուզում:
-Դե, ուրեմն էս երեխուն փողը տվեք' թեյի ու շոկոլադի: