կարևոր
1801 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-17 11:23
Քաղաքական

ՀՀԿ-ական պաշտոնյան իր բարեկամին տեղավորել է ավագանու կազմում ու լքել Հայաստանը. «Ժողովուրդ»

ՀՀԿ-ական պաշտոնյան իր բարեկամին տեղավորել է ավագանու կազմում ու լքել Հայաստանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ընտրությունների ակտիվ դերակատարները չեն փոխվում, փոփոխվում են միայն իշխանությունները և նրանց կապող օղակները: Սա նույնն է, որ նախկին ընտրակեղծարարներն ու նրանց շրջապատը հիմա էլ իշխող ՔՊ-ի համար են ջանք գործադրում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սուրեն Ներսիսյանը, որը Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության քարտուղարն էր, Հայաստանը լքել է: Մինչ այդ հասցրել է իր բարեկամ, սանիկ Լևոն Զաքարյանին տեղավորել Երևանի ավագանու կազմում՝ արդեն այսօրվա իշխող «Իմ քայլը» կուսակցության դաշինքով։

Հիշեցնենք, որ Սուրեն Ներսիսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում ուղղորդել է ընտրողներին։ Նա, նախ, եղել էր ընտրատեղամասում, ապա տեղամասի բակում կանգնած քաղաքացիներին ուղղորդել էր քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին:
ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցեց «Իմ քայլ»-ից Լևոն Զաքարյանի հետ՝ պարզելու՝ քավոր-բարեկամ Սուրեն Ներսիսյանի հետ նախկինում և հիմա ինչպես է ընտրություններ կազմակերպել: «Իմ քայլ»-ից Լևոն Զաքարյանը շտապեց
հերքել քավոր-սանիկ հարաբերությունները իր և Ներսիսյանի միջեւ՝ ասելով, որ Ներսիսյանը իրեն ոչ հարազատ մորաքրոջ ամուսնու եղբայրն է։
«Գրեթե 6-7 տարի է՝ այդ մարդու հետ չեմ շփվում, իր մասին էլ տեղեկություն չունեմ»,- իրենից հեռացրեց նախկինում հպարտության էտալոնին:

Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա փաստացի նախկինում՝ «հին իշխանությունների» համար, այսօր էլ ՔՊ-ի համար ձայներ հավաքող Լևոն Զաքարյանը կանխատեսեց, որ սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունները բաց ու թափանցիկ կլինեն:

Պատճառը, ըստ Զաքարյանի, այն է, որ հեղափոխությունից հետո Երևանում տեղի ունեցած 3 ընտրության, համապետական 2 ընտրության ժամանակ գրեթե որևէ լուրջ բողոք չի եղել։ Սա մեծ վստահություն է տալիս, որ այս անգամ էլ կեղծիքներ չեն լինի։

Նկատենք, որ նախկին իշխանությունները ճիշտ այսպիսի պատասխաններ էին տալիս:
Հավելենք նաև, որ Արթուր Ուղանոսյանն էլ, որը այժմ զբաղեցնում է Սուրեն Ներսիսյանի կարգավիճակը, դարձյալ նախկին իշխանության հետ բազում թելերով կապված է. Գագիկ Բեգլարյանի հավատարիմներից է եղել:
Մի խոսքով, այսօր ՔՊ-ն օգտվում է համատիրության ընտրակեղծարարների ծառայություններից:

Ասել է թե՝ ոչինչ չի փոխվել ՀՀ-ում, պարզապես հեղափոխականներն են «նախկին» դարձել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում