Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան հին բարեկամի մոտ այցելություն էր. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նա նշեց, որ, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես` Ուկրաինայի դեպքերը, Օլանդի այցը մեր տարածաշրջան բավական կարևոր իրադարձություն էր: Կարևոր էր նաև այն դիտանկյունից, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես իր ազդեցության տակ գտնվող շրջան, և այդտեղ գալիս է արևմտյան խոշոր երկրներից մեկի նախագահը:
«Օլանդը թեև նշեց, որ որքան էլ փորձենք երկու երկրների մեջ տարաձայնություններ գտնել, դրանք չեն գտնվի, սակայն խոսեց նաև այն մասին, որ Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական հարաբերությունները, սակայն, չեն համապատասխանում երկու երկրների միջև եղած բարեկամական հարաբերություններին: Եվ դրանք ընդլայնելու տեղ կա»,- ասաց Կ. Մանոյանը:
Ինչ վերաբերում է վերջերս նշված` Ցեղասպանության 99-ամյա տարելիցին, Կ. Մանոյանը կարևորեց նաև Օլանդի այն հայտարարությունը, որով նա թեև դրական գնահատական է տալիս Էրդողանի ցավակցական հայտարարությանը, այնուամենայնիվ, նշում, որ Թուրքիան պարտավոր է ընդունել Ցեղասպանությունը:
Բանախոսի կարծիքով` կարևոր է նաև Օլանդի` Արցախի հետ կապված հայտարարությունը, որ Ֆրանսիան խնդիր չի տեսնում արցախցիների կամաարտահայտության կամ անցկացված հանրաքվեի մասով:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների հետ կապ չունեցող մի կետ նշեց Կ. Մանոյանը` իշխանությունների կողմից ձախողում էր Օլանդի հետ պաշտոնական հանդիպումներին ընդդիմությունից որևէ մեկին չհրավիրելը, երբ Ֆրանիսան մեծ պատվիրակությամբ էր եկել, և նրանց թվում էին նաև ընդդիմադիր գործիչներ: