կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-19 05:15
Հասարակություն

"Մխիթար Գոշ" շքանշան` հայ ժողովրդի բարեկամին

"Մխիթար Գոշ" շքանշան` հայ ժողովրդի բարեկամին

Ապրիլի 14-ին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում` Հոթ Գարոնի նահանգային խորհրդի շենքում, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը Հայաստանի նախագահի «Մխիթար Գոշ» պատվո շքանշան շնորհեց հայ ժողովրդի երկարամյա բարեկամ Անրի Սաբիին:

Պարգեւատրմանը ներկա էին Հոթ Գարոնի նահանգային խորհրդի, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, այլք:

Հոթ Գարոնի նահանգային խորհրդի փոխնախագահ Անի Մորին ներկայացրեց Անրի Սաբիի քաղաքական գործունեությունը` տեղական կառավարման մարմիններից մինչեւ Եվրախորհրդարան, ապա Հայաստանի դեսպանն անդրադարձավ 2001-ին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հույս հայտնեց, որ Ֆրանսիան կամբողջացնի իր այդ քայլը` Ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրենքը վավերացնելով:

Դեսպանը կարեւորեց նաեւ 1987-ին Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` նշելով, որ դա որոշիչ քայլ է մարդկության դեմ նոր ոճիրները կանխարգելելու ուղղությամբ:

Անրի Սաբին իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի նախագահին պարգեւի համար, սակայն վատառողջ վիճակի պատճառով այնուհետեւ նրա փոխարեն խոսեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը: Նա դրվատանքի խոսքեր ուղղեց շքանշանակրին, որն իր երկարամյա քաղաքական գործունեության ընթացքում նպաստել է հակամարտությունների կարգավորմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, մասնավորապես` որոշիչ դերակատարություն է ունեցել Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման գործում:

Հ. Չոբոյանը նշեց այն բոլոր երախտավորների անունները, որոնք դիմադրեցին Թուրքիայի ճնշումներին եւ, համամարդկային արժեքներով զինված, պաշտպան կանգնեցին հայ ժողովրդի արդար իրավունքներին:

1988-ին` Արցախյան շարժումից հետո, Անրի Սաբին Եվրախորհրդարանում մեծապես նպաստել է արցախահայության իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային այցելություններ է կատարել Հայաստան եւ Արցախ: Իր հայանպաստ գործունեության համար 1990 թվականին Երեւանի քաղաքապետարանը նրան շնորհել է պատվավոր քաղաքացու կոչում: