կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 12:26
Հասարակություն

Ոստիկան՝ դպրոցո՞ւմ

Ոստիկան՝ դպրոցո՞ւմ

Մարտի 11-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Արարատի մարզի ոստիկանության աշխատողների, ինչպես նաև մարզի համայնքապետերի հետ և հնչեցրել ուշագրավ մի հայտարարություն, ըստ որի՝ ՀՀ ոստիկանության անչափահասների վարչությունը մտադիր է հանրակրթական ավագ դպրոցներում դպրոցական ոստիկաններ կարգել:

 

Ոստիկանապետի այս հայտարարությունը, սակայն, զարմանալիորեն որևէ արձագանք չգտավ, մինչդեռ այն ոչ այնքան ուշագրավ, որքան նաև տարօրինակ հայտարարություն էր՝ բազմաթիվ հարցականներով լեցուն: Նախ` տարօրինակ էր, որ ոստիկանապետը, «դպրոցական ոստիկանին» (նրա որակումն է) դեռ դպրոց չմտցրած, արդեն իսկ սկսել էր նրա գովքը՝ վերոհիշյալ հանդիպման ժամանակ հայտարարելով, թե դպրոցական ոստիկանը լինելու է «դաստիարակության այլընտրանք», «մոտեցումների այլընտրանք»: Այո, դա իսկապես արտառոց հայտարարություն էր՝ լեցուն սեփական առաքելության հավակնոտ վերազանցման ոստիկանապետական մարմաջով:

 

Դպրոցն ինքն իրենով դաստիարակչական միջավայր է և այդ միջավայր ներդնել «օտար մարմին»՝ հանձին դպրոցական ոստիկանի, վստահ ենք, հակասում է այն պատկերացումներին ու ակնկալիքներին, որ հանրությունն ունի ցանկացած կրթօջախից: Բացի այդ` դպրոցում սերնդի դաստիարակության խնդիրներով զբաղվում է մի ամբողջ համակարգ՝ տնօրեն, դաստիարակության գծով տեղակալ, մանկավարժական խորհուրդ, ծնողական կոմիտե, դասղեկ, սոցիալական մանկավարժ, և դպրոցական ոստիկանի ներմուծումը այդ համակարգ կնշանակի, նախ, անվստահություն համակարգի նկատմամբ, ինչպես նաև դաստիարակության գծով իրականացվող գործառույթների անմիտ ու վտանգավոր վերաբաշխում և վերարժևորում: Հայ դպրոցը ոստիկանի կարիք չունի:

 

Այդ դպրոցն աշխարհում եզակիներից է, որ առանձնանում է հանդուրժողականության բարձր աստիճանով, նույնիսկ սոցիալական խիստ բևեռվածության պայմաններում՝ նոր սերնդի համերաշխ ու խաղաղ գոյակցությամբ (ահա, թե ինչու մեր իրականության մեջ այդպես էլ չկայացան էլիտար կոչվող կրթական հաստատությունները): Քրեական վիճակագրությունն էլ, փառք Աստծո, չի հուշում, թե հայկական դպրոցում վիճակն այնպիսին է, որ ոստիկանի անհրաժեշտություն է զգացվում: Բնավ` ոչ և ընդհակառակը: Բացի այդ` հարգելի ոստիկանապետը ակնհայտորեն շտապում է՝ հայ ոստիկանի կերպարը հանրորեն այնքան ընդունելի և դրական համարելով, որ նրան անվարան «տանում» է դպրոց: Մինչդեռ իրականությունն այն է, որ հայ ոստիկանը դեռ ճանապարհ ունի անցնելու, կարծում ենք՝ երկար ճանապարհ, մինչև կվայելի հանրության անվերապահ վստահությունն ու հավատը: Հետևաբար, առավել հավանական է, որ, նրան հապշտապ դպրոց մտցնելով, ոչ թե կբարելավվի, այլ կխաթարվի դպրոցականի դաստիարակության բնականոն գործընթացը:

 

Բացառված չէ նաև, որ դպրոցական ոստիկանը շուտով կդառնա ներդպրոցական «հարցեր լուծող» մարմին՝ հայտնվելով հեղինակության ու ճշտի մերօրյա խեղված պատկերացումների «բարձունքի» վրա: Եվ կստացվի, որ անցանկալի բարքեր կարմատավորվեն արդեն նաև դպրոցում:

 

Արդ՝ ամենակարևորի մասին: Հիշարժան այդ հանդիպման ժամանակ ոստիկանապետի խոսքում ոչ մի բառ չասվեց, թե ոստիկանության այս նախաձեռնությանը որքանո՞վ է տեղյակ և մանավանդ` համաձայն կրթության նախարարությունը: Կարծես, առ այսօր որևէ ձևով կամ ձևաչափով այդպիսի խնդիր չի քննարկվել, մինչդեռ դրա չափազանց կարևոր լինելու հանգամանքից ուղղակի պիտի բխեր համապատասխան միասնական ծրագրի առկայություն և դրան հանգեցնող միջգերատեսչական քննարկումներ: Կրկնում ենք՝ այդպիսի քննարկումների մասին հանրությունը տեղյակ չէ: Մինչդեռ հարկ է, որ հենց վերջինս ոչ միայն իմանար այսօրինակ ծրագրերի մասին, այլև ինքը ամենաշահագրգիռ մասնակցությամբ դրանց գոյության իրավունք տար: Կամ՝ չտար: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ ոստիկանությունն ինքնագլուխ ստանձնում է մի դեր, որ վտանգավոր է մեր կրթական համակարգի համար:

 

Լևոն Սարգսյան