կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 16:15
Առանց Կատեգորիա

Ղրիմը կլուծի՞ ԼՂ հիմնահարցը

Ղրիմը կլուծի՞ ԼՂ հիմնահարցը

Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` քննարկելու համար ԼՂ կարգավորման բանակցային հետագա գործընթացը: Վաղը համանախագահների հետ նույն նպատակով կհանդիպի նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որից հետո արդեն պարզ կլինի` կհետևե՞ն դրան Նալբանդյանի և Մամեդյարովի երկկողմ և բազմակողմ բանակցություններ, թե՞ ոչ:

 

ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցությունները նոր երանգ են ստանում Ղրիմում տեղի ունեցող կարևոր, աշխարհաքաղաքական ընդգրկում ունեցող գործընթացների ֆոնին: Ինչպես ԼՂ-ի դեպքում, այնտեղ էլ տեղի է ունենում ինքնորոշման գործընթաց, որի իրավական հիմքը Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն է: Պատահական չէ, որ, արձագանքելով Ղրիմում տեղի ունեցող զարգացումներին, պաշտոնական Ստեփանակերտը` ի դեմս ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի, շեշտել է հենց այն հանգամանքը, որ ԼՂ-ն արդեն անցել է այդ փուլը` նկատի ունենալով 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության հանրաքվեն:

 

Չնայած այս ակնհայտ նմանություններին` ԼՂ հիմնահարցը ներկայումս գտնվում է բոլորովին այլ փուլում: Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմքում դրված են ոչ թե ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքները, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացվող բանակցությունները կարգավորման սկզբունքների շուրջ, ընդ որում` առանց դրանում ԼՂՀ-ի ուղղակի մասնակցության: Չնայած հայկական կողմը հայտարարում է, որ բանակցություններում իր հիմնական խնդիրը 1991թ. դեկտեմբերյան հանրաքվեի լեգիտիմացումն է, իրականում ներկայումս բանակցում է ԼՂ-ի տարածքում նույնիսկ ոչ թե հանրաքվե, այլ պլեբիսցիտ (ժողովրդական հարցում) անցկացնելու տարբերակի շուրջ: Դա ինքնին արդեն նշանակում է հրաժարում ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքներից և փոխարինում ժողովրդի կամաարտահայտության` առնվազն մեկ աստիճանով ցածր և հստակ ձևակերպում չունեցող ինչ-որ անհասկանալի պրոցեսով: Այսինքն` Հայաստանի և ԼՂՀ-ի համար այս պահին 1991թ. հանրաքվեին վերադառնալու քաղաքական ճանապարհները գրեթե փակ են:

 

Սակայն մյուս կողմից` Ղրիմի զարգացումները նաև նոր դիվանագիտական հնարավորություններ են ստեղծում հայկական կողմերի համար: Նախ` հանդիսանալով ԵԱՀԿ ՄԽ անդամ` Ռուսաստանը ներկայումս ակամա դարձել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ջերմեռանդ պաշտպան: Ղրիմում, դրանից առաջ Աբխազիայում և Հարավային Օսիայում նրա որդեգրած դիրքորոշումը հիանալի դիվանագիտական ճակատ է ստեղծում` ԼՂ-ի հարցում ևս Մոսկվայից նույնպիսի դիրքորոշում պահանջելու կամ գոնե ակնկալելու առումով, ինչը պաշտոնական Երևանից մի փոքր համարձակություն է պահանջում: Դրան նպաստում է նաև պատային այն վիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը: Միջազգային մեկուսացումը, որով Արևմուտքը սպառնում է Մոսկվային, վերջինիս ստիպում է մոբիլիզացնել ուժերն այն տարածաշրջանններում, որոնք համարվում են նրա ազդեցության ավանդական գոտիները` արագացնելու համար եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները, որոնք ավելի ու ավելի են նմանվելու նոր Խորհրդային Միության ստեղծմանը: Այս իմաստով ԼՂ հիմնահարցը դառնալու է հիմնական ոտնակը, որով Մոսկվան սկսելու է Ադրբեջանին այդ պրոյեկտների մաս դարձնելու և, իբրև այլընտրանքային էներգետիկ աղբյուր, Արևմուտքից կտրելու կոշտ դիվանագիտական պրոցեսը: Բաքվում այս հանգամանքը հրաշալի հասկանում են, և թերևս հենց դա է պատճառը, որ Ադրբեջանը վերջին օրերին իրեն չափազանց զուսպ է պահում Հայաստանի և ԼՂՀ-ի հետ շփման գծում:

 

Մյուս կողմից` ԵՄ-ի և հատկապես ԱՄՆ-ի համար ևս հասկանալի է դառնում, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի կլանումից փրկելու բանալին դառնում է ԼՂ հիմնախնդիրը: Որքան այս հիմնահարցը մնա չլուծված, այնքան ավելի ծանր մահակի դեր է կատարելու Մոսկվայի ձեռքին Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Այս համատեքստում ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորումը դառնում է հարավային ուղղությամբ Մոսկվայի թևերը կտրելու միջոց: Ընդ որում` Արևմուտքը դա կարող է փորձել անել` Մոսկվային գցելով իր իսկ լարած` ինքնորոշման սկզբունքին առավելություն տալու թակարդը:

 

ԼՂ հանգույցից ձերբազատվելը տակտիկական առումով չափազանց կարևոր է նաև իրանական ճգնաժամի հաղթահարման իմաստով: Խիստ հատկանշական է, որ Ուկրաինայի և Ղրիմի համար այս ճակատագրական օրերին ԵՄ գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը մեկնում է Իրան: Սա ուղերձ է առաջին հերթին Ռուսաստանին` ցույց տալու համար, թե ինչպես կարող է ԵՄ-ն Ռուսաստանի գործընկերության կորուստը փոխհատուցել` Իրանի հետ նոր տիպի հարաբերություններ կառուցելով: Այլ կերպ ասած` Հարավային Կովկասում Ռուսաստանին կաշկանդելու առումով ԼՂ խնդրի կարգավորումը Արևմուտքի ձեռքին կարող է դառնալ գործուն մեխանիզմներից մեկը, ինչը, սակայն, նշանակում է` ինչ-որ իմաստով կարգավորման պարտադրում հայկական և ադրբեջանական կողմերին:

 

Պահը նպաստավոր է նաև թուրքական գործոնի թուլացման իմաստով: Էրդողանի վարչակարգը ներկայումս գտնվում է ճգնաժամում և չի կարողանում ադեկվատ արձագանքել նույնիսկ անմիջապես իր շահերին առնչվող միջազգային խնդիրներին: Սա պարզորոշ դրսևորվում է Ղրիմում, որտեղ Թուրքիան, ըստ էության, չի կարողանում օգտագործել Ղրիմի թաթարների գործոնը և պաշտպանել սևծովյան այդ ստրատեգիական կետի նկատմամբ իր պատմական հավակնությունները: Պարզ է, որ Ղրիմը Ուկրաինայի կազմում Անկարայի համար ավելի նախընտրելի է, քան Ղրիմի ռուսականացումը: Սա թույլ է տալիս ենթադրելու, որ ներքաղաքական խնդիրներում թաղված լինելու պատճառով այդ երկրի իշխանությունը, ամենայն հավանականությամբ, չի կարող նաև ադեկվատ արձագանքել ղարաբաղյան կարգավորման պրոցեսում հնարավոր նոր զարգացումներին, ինչը ևս դրդում է Երևանին ավելի նախաձեռնող լինել:

 

Այս խորապատկերին Հայաստանի խնդիրը դառնում է մի կողմից` Մոսկվային` ինքնորոշման սկզբունքը ունիվերսալ դարձնելու իր իսկ ուղեգիծը անընդհատ հիշեցնելը, իսկ մյուս կողմից` ԼՂ կարգավորման պրոցեսն արագացնելու հարցում Արևմուտքի առջև ռևերանսներ կատարելը և իր շահագրգռությունը նրբորեն նկատելի դարձնելը: Սակայն այն սպասողականությունն ու խուսափողականությունը, որը դրսևորում է պաշտոնական Երևանը Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ԼՂ հարցում Հայաստանի ակտիվացման հույսեր չեն ներշնչում:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ