Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդամենը 3 տարի առաջ «Զենիթ»-ի ամենաարդյունավետ խաղացողը Ժուլիանոն էր, որն ակումբ էր եկել «Գրեմիո»-ից 7 մլն եվրոյով: 2017-ին նա արդեն «կուտակել էր» 17 գոլ և 14 գոլային փոխանցում, ինչը գերազանց ցուցանիշ է հարձակվող կիսապաշտպանի համար. ըստ yerkir.am-ի՝ գրում է Eurosport.ru-ն:
«Այդ թվերով էլ «Զենիթ»-ի լավագույն խաղացողը գնաց գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի մոտ ու հայտարարեց, որ իր համար անչափ կարևոր է հավաքականի կազմում 2018-ի աշխարհի առաջնությանը մասնակցելը, այդ պատճառով մարզիչը պետք է երաշխավորի, որ ինքը հիմնական թիմում կլինի: Մանչինին շնչահեղձ եղավ այդպիսի լկտիությունից և խորհուրդ տվեց բրազիլացուն՝ այլ ակումբ փնտրել: Օգոստոսի կեսին Ժուլիանոն գնաց «Ֆեներբահչե»՝ նույն 7 մլն եվրոյով,- նշում է սպորտային կայքը՝ հավելելով, որ ֆուտբոլիստն այդպես էլ աշխարհի առաջնությանը չմասնակցեց, իսկ ներկայումս Սաուդյան Արաբիայում վարպետության դասեր է տալիս:
Ըստ կայքի՝ Ժուլիանոյին հրաժեշտ տալը «Զենիթ»-ի պատմության ամենատարօրինակ տրանսֆերային պատմությունն է: Սովորաբար ակումբը մեծ հոգատարություն է ցուցաբերում տաղանդավոր խաղացողների նկատմամբ և բաց չի թողնում նրանց առանց մեծ շահույթի: Բրազիլացու դեպքում նաև տարօրինակ է այն, որ նրան դեռ ոչ ոք չի փոխարինել այս 2,5 տարիների ընթացքում:
«Փլեյմեյքերի խնդիրը կարող է լուծվել լեգեոներների լիմիտի նոր ձևաչափի շնորհիվ: Հավական է, որ Ռուսաստանի պրեմիեր լիգայի հաջորդ խաղաշրջանից օտարերկրացի չեն համարվի ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստները, հետևաբար՝ լեգեոների կարգավիճակ չի ունենա նաև Հենրիխ Մխիթարյանը, որը Եվրոպա է գնացել 6 տարի առաջ: Ներկայումս 30-ամյա հայը պարբերաբար հանդես է գալիս «Ռոմա»-ի կողմից և մինչև 2021-ը պատկանում է «Արսենալ»-ին»,- գրում է կայքը:
Խոսակցությունները, որ «Զենիթ»-ը հետաքրքված է Մխիթարյանով, սկսվեցին մեկ տարի առաջ, սակայն, ըստ կայքի, դժվար թե այս ձմռանը նա տեղափոխվի ակումբ, իսկ ամռանն այդ տրանսֆերն առաջնահերթություն կլինի. այն ձեռնտու է և՛ ակումբին, և՛ Մխիթարյանին: «Նախ՝ պարզ է, որ Անգլիայի պրեմիեր լիգան նրանը չէ, այդ պատճառով «Արսենալ» վերադառնալն առնվազն միամտություն կլինի: Երկրորդ՝ «Ռոմա»-ում էլ ամեն ինչ քաղցր չէ. Հենրիխն այս խաղաշրջանում արդեն երկու վնասվածք ունի, բացի այդ՝ Պաուլու Ֆոնսեկան միշտ չէ, որ վստահում է նրան, կարճ ասած՝ հարմարվելու գործընթացը երկարաձգվեց: Երրորդ՝ Մխիթարյանը շուտով 31 տարեկան կդառնա. հարկավոր է հավասարակշռություն փնտրել պրակտիկայի, տիտղոսների ու փողերի միջև: Այդ առումով՝ «Զենիթ»-ն իդեալական տարբերակ է՝ ՌՊԼ-ի առաջատարն է, հային կդարձնի մեկնարկի երկաթե խաղացող և հեշտությամբ կփոխհատուցի տարեկան 3 մլն եվրոն, որ վճարում են իտալացիները»,- նշում է կայքը՝ հավելելով, որ Մարկիզիոյի փորձը ցույց է տալիս, որ Հենրիխը կարող է տարեկան նվազագույնը 4,5-5 մլն եվրո ակնկալել:
Eurosport.ru-ն ընդգծում է՝ «Զենիթ»-ի համար էլ Մխիթարյանի թեկնածությունն օպտիմալ է. բացի հայկական անձնագրից, Հենրիխը մի շարք առավելություններ ունի՝ ակնթարթորեն գնդակը հասցնում է ֆորվարդներին, գրագետ է գործում գնդակի հետ, ինքն էլ նրբագեղորեն լուծում է տուգանայինում առաջացած հարցերը:
«Տարիքը խնդիր չէ, ֆինանսները՝ նույնպես. դժվար թե «Արսենալ»-ն ինչ-որ ֆանտաստիկ գումար պահանջի 31-ամյա ֆուտբոլիստի համար, որի պայմանագիրը սպառվում է մեկ տարուց: Transfermarkt-ում Մխիթարյանին գնահատել են 25 մլն եվրո, սակայն, հաշվի առնելով վնասվածքները, այդ թիվը կարելի է նվազվեցնել 5-10 միլիոնով:
Այնպես որ՝ մնում է փոքր ձևականություն՝ նոր լիմիտի պաշտոնական ընդունումը: Դրանից անմիջապես հետո կարելի է սկսել բանակցությունները Լոնդոնի հետ, և «Զենիթը» ձեռք կբերի փլեյմեյքեր, որը կփրկի թիմին Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղաշրջանում»,- եզրափակում է կայքը: