կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 12:21
Քաղաքական

Էլի մի թարսություն

Էլի մի թարսություն

Իշխող Հանրապետական կուսակցությունն այս երկրում ամեն ինչ յուրացնելուց հետո, երբ պաշտոնական բոլոր գլխավոր աթոռներից մինչև հեռավոր գյուղապետարանների իշոտնուկներ այլևս ու բացառապես իրեն են պատկանում, հիմա էլ անցել է տոներն ու տոնական օրերն իրենով անելու սուրբ գործին:

 

Կանանց միջազգային օրը վաղուց դրանց շարքում է, որն էլ Հանրապետականի նազենիները կամաց-կամաց յուրացնում են: Ահավասիկ, Նկարիչների միությունում (որն, ըստ ՀԿ-ների մասին օրենքի, պիտի որ ապաքաղաքական կառույց լիներ, հետևաբար` չէր կարող ծառայեցվել որևէ կուսակցության շահի ու շահախնդրության) մարտի 8-ին կազմակերպվել է նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես` ՀՀԿ հովանու ներքո. ցուցահանդեսի մասին իրազեկող պաստառի վրա եղել է ՀՀԿ տարբերանշանը, «Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդ» մակագրությունը, իսկ Նկարիչների միության շենքում` ՀՀԿ-ի դրոշներ: Ցուցահանդեսն իրենց ներկայությամբ պատվել են ՀՀԿ-ի կենդանի դասականներ` մշակույթի նախարարը, Երևանի քաղաքապետը և ԱԺ տիկին փոխնախագահը: Ցուցահանդեսի մասնակից նկարչուհիները տոնի առթիվ, բացի ծաղիկներից, նաև նվերներ են ստացել` թեյնիկներ (սկզբում,  Մաքսային միություն մտնելու «շրջանակներում», նախատեսված է եղել ինքնաեռ` սամովար), որոնք անտարակույս խորհրդանշել են ընտանեկան ջերմությունն ու ապահովությունը` «էս ժողովուրդը դեռ չայ խմելու հնար ու բախտավորություն ունի` էլ ինչ է ուզում» ենթատեքստով: (Չփարատվող կասկածներ կան, որ թեյնիկի գաղափարը Գալուստ Սահակյանը հղացած կարող էր լինել, յա թե չէ Կարեն Ավագյանը, մանավանդ որ վերջինս, ասում են, փուչիկի գործից հետո միայն պինդ բաների է հավատում):

 

Բայց ինչպես վերջին ժամանակներս հաճախ է պատահում այդ կուսակցության հետ, ցուցահանդեսի բացմանը մի «խիար» էլի թարս է բուսնել` նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը, իմանալով, որ միջոցառումն անցկացվում է ՀՀԿ բարձրաբերձ հովանու ներքո, երեւի ՀՀԿ-ին հակառակ, չի հրաժարվել մասնակցությունից, բայցեւ, ՀՀԿ դասականների ապշահար հայացքների ներքո, հրաժարվել է թեյնիկից:

 

Դեպքը, ըստ ականատեսների, ծանր է ազդել դասականների վրա, մանավանդ` հեռակա կարգով` Կ. Ավագյանի վրա, որը հիմա արդեն պինդ բաների էլ չի հավատում:

 

Բ. Գասպարյան