կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-13 04:12
Տնտեսական

Էլի վարկ` էլի անապահով խավերի համար: Ե՞րբ կհարստանան նրանք

Էլի վարկ` էլի անապահով խավերի համար: Ե՞րբ կհարստանան նրանք
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի երեկվա որոշմամբ` Հայաստանին 25 մլն դոլար վարկ է տրամադրվել: Այն ուղղված է սոցիալապես անապահով խավերին աջակցելուն, մարդկային կապիտալի զարգացմանը, ինչպես նաեւ երկրի մրցունակության հզորացմանն ու մասնավոր հատվածի զարգացմանը:


Բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին այսօր հայտարարել է, որ Զարգացման քաղաքականության գործառնության շրջանակներում տրամադրվող այս վարկն արդեն երկրորդն է, որն աջակցում է սոցիալապես անապահովներին ուղղված պետբյուջեի ծախսերին, սոցիալական ապահովության ցանցի հզորացման ծրագրերին, աղքատ համայնքներում նախադպրոցական ծրագրերի մատչելիության բարձրացմանը եւ ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ընթացքում առողջապահական ծառայությունների մատուցման արդյունավետության բարելավմանը:

 
«Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու եւ աճի ներուժը մեծացնելու նպատակով այս գործառնությունն օժանդակում է մրցակցային դաշտի ամրապնդմանն ու Ընդերքի մասին նոր օրենսգրքի կիրարկմանը` ֆիսկալ, բնապահպանական, սոցիալական եւ արտոնագրման ոլորտներում միջազգային լավագույն փորձի համաձայն: Այն նաեւ սատարում է առանցքային բարեփոխումների ծրագրին` ուղղված գործարար մթնոլորտի բարելավմանն ու հարկային վարչարարության բարեփոխմանը»,-ասաց Ժան-Միշել Հապին:

 
25 մլն դոլարից 21 մլն-ը տրամադրվել է 20 տարվա մարման ժամկետով, որից 10 տարին` արտոնյալ, իսկ 4 մլն դոլարը` 25 տարվա մարման ժամկետով` 10 տարի արտոնյալ ժամկետով: