կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-05 18:36
Հասարակություն

Երազում էի, որ մեր պետական այրերի մեջ գտնվեն Վազգեններ, բայց չեմ գտնում` գոնե մի քիչ նրան նման. սպարապետի մորաքույրը` Վազգենի մասին

Երազում էի, որ մեր պետական այրերի մեջ գտնվեն Վազգեններ, բայց չեմ գտնում` գոնե մի քիչ նրան նման. սպարապետի մորաքույրը` Վազգենի մասին

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան: Եվ այսօր նրա մայրը` Գրետա Սարգսյանը, չի կարողացել այցելել իր որդու գերեզմանին, քանի որ ինսուլտային վիճակով երկու օր առաջ տեղափոխվել է հիվանդանոց: Yerkir.am-ի հետ զրույցում սպարապետ Վազգեն Սարգսյանի մորաքույրը` Անահիտ Մելքոնյանը, նշեց, որ բժիշկները Գրետա մայրիկի առողջությունը գնահատում են կայուն, բայց ոչ` թեթև:

 

Անահիտ Մելքոնյանը նշեց, որ բժիշկները հուսադրող պատասխաններ են տվել, թեև, այս պահի դրությամբ, Գրետա մայրիկը դեռ չի կարողանում խոսել: Սպարապետի մորաքույրը շատ հուզված էր: «Հիվանդանոցից եմ գալիս, իրեն չէր սազում էդպես անօգնական վիճակը, որովհետև ինքը հզոր կին է, իրեն էդպես կոտրված տեսնելը դժվար էր»,- ասաց նա:

 

Անահիտ Մելքոնյանի խոսքով` երկու օր է մարդկանց հոսքը չի դադարում Գրետա մայրիկի հիվանդասենյակ: Մարդիկ խնդրում են, որ ներս մտնեն, Գրետա մայրիկի ձեռքը համբուրեն ու գնան: Պատմելով Վազգեն Սարգսյանի մասին ` նա նշեց, որ սպարապետը այնպիսի մարդ էր, որ վատի կողքով անցնելիս շեշտում էր լավը ու փորձում առաջ տանել հենց այդ լավը. «Իհարկե, հիմա շատ նեգատիվ բաներ կան, որոնց պատճառով ինքը ցավ կապրեր, կարծում եմ` թույլ չէր տա, որ շատ բաներ լինեին այնպես, ինչպես հիմա է, բայց լավով կուրախանար»:

 

Սպարապետի մորաքույրը հիշում է, որ մի անգամ ինքը վրդովված Վազգենին ասել է, թե մարդիկ գնում, զոհվում են, իսկ ոմանք ռեստորաններում վզներն են հաստացնում, իսկ սպարապետը հանդիմանել է մորաքրոջը` ասելով. «Մյուս անգամ նման բան չլսեմ: Բոլոր ժամանակներում մարդիկ ապրում և արարում են իրենց գաղափարներով: Բոլոր ժամանակներում էլ կռվողը կկռվի, գողացողը կգողանա, զոհվողն էլ կզոհվի: Էլ չասես»:

 

Արցունքն աչքերին` Անահիտ Մելքոնյանն ասում է. «15 տարի է` փնտրում, փնտրում եմ սպարապետի պես մեկին, բայց չեմ գտնում: Երազում էի, որ մեր պետական այրերի մեջ գտնվեն Վազգեններ, բայց չեմ գտնում` գոնե մի քիչ նրան նման»:

 

Անահիտ Մելքոնյանը Yerkir.am-ի խնդրանքով պատմել է լուսավոր մի քանի դրվագներ  սպարապետի մասին: Մանրամասները` տեսանյութում: