կարևոր
6118 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-05 00:01
Աշխարհ Քաղաքական

ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին եւ ներկա պետական այրերի ձերբակալությունը. հայտարարություն

ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին եւ ներկա պետական այրերի ձերբակալությունը. հայտարարություն

Հ.Յ.Դ. Բիւրօն խստօրէն դատապարատում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին եւ ներկայ պետական այրերի ձերբակալութիւնը, որոնց մէջ է նաեւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը։

21-րդ դարում ամբողջ մարդկութեան, մեծապետական երկրների եւ միջազգային այսպէս կոչուած մարդու իրաւունքների պաշտպան կազմակերպութիւնների աչքի առջեւ, Արցախում տեղի է ունենում ցեղասպանութիւն եւ հայրենազրկւում է մի ամբողջ ժողովուրդ։

Դաւադիր պայմանաւորւածութիւնների ու լուռ համաձայնութիւնների պայմաններում Ադրբեջանի յանցաւոր ռեժիմը փորձում է Արցախի Հանրապետութեան կազմալուծման եւ արցախահայութեան հայրենազրկման գործընթացը անշրջելի դարձնել։ Այս համատեքստում Արցախի գործող եւ նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարութեան մի շարք ներկայացուցիչների գերեվարումը եւ կեղծ մեղադրանքներով կալանաւորումը հերթական աղաղակող ապօրինութիւնն է եւ հեռու գնացող նպատակներ ունի։

Այս հարցը ոչ միայն քաղաքական, այլեւ ազգային նշանակութիւն ունեցող եւ արժանապատւութեան հարց է։ Իրաւական գործիքակազմերը կարեւոր, բայց բաւարար չեն գերեվարուած գործիչների ազատ արձակման համար։

Առաջին հերթին Հայաստանի Հանրապետութեան պատկան մարմինները, բայց նաեւ ամբողջ աշխարհի ազդեցիկ հայկական շրջանակները պէտք է գործադրեն քաղաքական եւ դիւանագիտական բոլոր հնարաւորութիւնները՝ Ադրբեջանի վրայ ճնշում բանեցնելու համար։

Ալիեւեան վարչակարգի յանցաւոր գործունէութիւնը, ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքով էթնիկ զտումների ցեղասպանական քաղաքականութիւնը չի կարող եւ չպէտք է անհետեւանք ու անպատիժ մնայ։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
4 Հոկտեմբեր, 2023 թ.