կարևոր
700 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-09-19 13:00
Քաղաքական

Նման պարտիզանական գործողությունները վայել չէ որևէ պետական կառույցի․ Բաղունցը՝ Արցախի պետական այրերի նկատմամբ ՀՀ իշխանության քայլերի մասին

Այսօր Արցախի վրա Ադրբեջանի հարձակման, Արցախի ժամանակավոր կորստի  տարելիցն է, Արցախի քաղաքական վերնախավը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։

 

 

«Ինձ համար զարմանալի է, որ պետական մակարդակով կատարվում են քայլեր, որոնք կարելի է մի այլ հարթակի վրա լուծել՝ փոխըմբռնման, համապատասխան բանակցությունների, համապատասխան իրավական հիմքերը, ակտերը հաշվի առնելով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցը՝ ի պատասխան այն հարցի, թե «ՀՀ իշխանությունները ասում են, որ իրենց համար գոյություն չունի Արցախի նախագահ, բացի խոսքից անցել են նաև գործողությունների՝ հետապնդումների․ ինչպե՞ս չարձագանքել դրան»։ «Նման պարտիզանական գործողությունները վայել չի որևէ պետական կառույցի։ Հայ ազգի երկու զանգվածի միջև անընդունելի է նման պահվածքն ու վերաբերմունքը։ Ուղղակի քաղաքական կամք, պատասխանատվություն է պետք ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի մենք ծաղրածու չդառնանք քաղաքակիրթ աշխարհի առջև։ Արցախյան կողմը պատրաստ է բոլոր տեսակի քաղաքակիրթ հարաբերություններին»,-նշեց Բաղունցը։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական գործողությունների հետևանքով Արցախում զոհվել է 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 անձ ու ևս 64 քաղաքացի մահացել է բռնի տեղահանության ժամանակ։