Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գառնիի հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու որոշումը, պարզվում է, 5 տարվա պատմություն ունի:
2009-ի հոկտեմբերի 4-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հերթական նիստի քննարկման թեման սրճարանի կազմակերպման նախագծի էսքիզային առաջարկն է եղել, որին մասնակցել են ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ մի շարք ճարտարապետներ:
Արդյունքում որոշվել է,- մեջբերենք քաղվածքից,- «սկզբունքորեն հավանության արժանացնել նախագծի էսքիզային առաջարկին, սահմանել սահմանափակումներ ուտեստների եւ խմիչքների վերաբերյալ, պահանջել հնագետների կարծիքը, եւ անցնել աշխատանքային նախագծի մշակմանը»:
Ստացվում է` Գառնիի հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու թույլտվություն տվել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Մշակույթի նախարարության որոշումը զարմացրել ու զայրացրել է բոլորին, սակայն նախարարին, կարծես, այնքան էլ չի մտահոգում այս փաստը:
Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն դիմել է Աբովյանի ոստիկանություն, տեղեկացրել, որ շինարարությունը տեղի է ունենում լրիվ ապօրինի, եւ պահանջել շինարարությունն իրականացնողներին տուգանել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
«Բացատրություն տվեցի, որ օրենքի խախտում է` կապիտալ շինարարություն` արգելված տարածքում: Առանց ղեկավարի թույլտվության իրավունք չունեն համայնքում շինարարություն անել: Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն է կանգնած շինարարության հետեւում: Վստահ եմ, որ կդադարեցվեն շինարարական աշխատանքները, քանի որ օրենքում նշված է` համայնքի ղեկավարը պետք է տա իր թույլտվությունը»,- ասաց Վարդանյանը` հավելելով, որ թեեւ գյուղացիները պատրաստ են պայքարել` խնդրի հետ կապված, սակայն ինքը թույլ չի տա` բանը դրան հասնի:
«Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն էլ, իր հերթին, նշեց, որ ուզում է ամենայն պատասխանատվությամբ հայտարարել` կառուցապատման եւ տարածքի բարեկարգման ու բացօթյա սրճարանի տեղադրման թույլտվությունը /դա տեղադրում է, շինարարություն չէ/ տալիս է լիազոր մարմինը` հանձին մշակույթի նախարարության, որը տվել է իրենց այդ թույլտվությունը:
«Նման կարգի հուշարձանների շինարարության թույլտվությունը համայնքը չպետք է տա, դա իր լիազորությունների մեջ չի մտնում: Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանն ինձ տույժ ու տուգանքի է ենթարկել, վարչական պատասխանատվության` 400 000 դրամի չափով, ես դա բողոքարկելու եմ: Կարծում եմ` մեզ շատ հետաքրքիր ընթացք է սպասվում: Խոստանում եմ` եթե պարտվեմ` հրաժարական կտամ»,- ասաց Պողոսյանը:
Նա նշեց նաեւ, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն օրերս այցելել է Գառնի, ծանոթացել իրավիճակին եւ հրահանգ տվել 5 օրով դադարեցնել շինարարական աշխատանքները` մինչեւ լրիվ հիմնավորումներով կներկայացվեն բոլոր փաստաթղթերը:
«Սրճարանը շարժական է լինելու, ամրակների վրա, բացօթյա, որը ցանկացած պահի, եթե չի արդարացնի մեր ակնկալիքները, կապամոնտաժվի: Տարածքում որեւէ բանի ձեռք չի տրվում: Հենապատի մասին, որ այսքան խոսվում է, նախկինում քարի եւ հողի տեսքով է եղել, հաշվի առնելով, որ դրա կողքը տեղադրվելու է փոքր նստարան եւ սեղանիկ, վերաշարվում է: Նախարարի հրամանը կա, մեկ է` կառուցելու ենք»,- ասաց Պողոսյանը:
Ի դեպ, ՊՈԱԿ-ն ունի նաեւ երկու հնագետի` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանի եզրակացությունը, որ տարածքում հնագիտական շերտ չկա:
Պավել Ավետիսյանը տեղեկացրեց, որ ճիշտ այնտեղ, որտեղ ուզում են սրճարան կառուցել, ճանապարհ է եղել` ժայռի վրա, որն այժմ ծածկվել է խճաքարի շերտով` մոտ 1,5-2 մետր բարձրությամբ:
«Այո, այդ տարածքում մշակութային շերտ չկա, բայց սա չի նշանակում, որ այնտեղ պետք է սրճարան կառուցեն: Հուշարձանն ունի պատմամշակութային միջավայր, եւ այս դեպքում առաջանում է միջավայրի աղճատման խնդիր: Ենթադրենք` անգամ ճանապարհ չի եղել, ուրեմն պետք է մշակութային արգելոցի վերածված հուշարձանի տարածքում սրճարա՞ն կառուցեն»,- ասաց նա:
Ըստ Ավետիսյանի` տաճարի տարածքում պետք է բարեկարգման աշխատանքներ կատարել, դիտակետեր կառուցել, որոնք կծառայեն` հուշարձանն ավելի լավ ընկալելու համար, այդ դեպքում լրացուցիչ աշխատանքներ անելն արդարացված կլինեն, բայց` ոչ սրճարանի տեսքով: «Ես գտնում եմ, որ եթե ինչ-որ բան պետք է կառուցեն, այն պետք է չերեւա, ու միջավայրը մաքուր լինի, այսինքն` տարածքից դուրս լինի»,- ասաց նա:
Ակտիվիստ, «Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» նախաձեռնության անդամ Անի Նավասարդյանն օրեր առաջ եղել է Գառնիում: Նախաձեռնության անդամները մաքրել են տարածքը եւ երկու պարկ աղբ բերել, դրել մշակույթի նախարարության առջեւ` «նվեր» նախարարին:
«Փոխնախարարն այցելել էր Գառնի եւ ասել, որ հինգ օրով դադարեցվեն աշխատանքները: Դա ընդամենը 5 օր է, բայց մենք գիտենք, թե իրենց 5 օրն ինչի է հանգեցնում: Սպասում են` խոսակցությունները հանդարտվեն: Նույն տեղում, որտեղ ուզում են սրճարան կառուցել, չպեղված տարածք կա` 60 տոկոս, եւ մենք մնացորդներ գտանք, որոնք խառնվել էին շինանյութի հետ»,- ասաց Նավասարդյանը` հավելելով, որ եթե հարցը չլուծվի, իրենք պատրաստ են գնալ եւ այնտեղ մնալ:
Կարինե Հարությունյան