կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 17:18
Մշակույթ

Գառնիի հենապատի վերաշարման աշխատանքները ներկայացվել են որպես սրճարան կառուցելու փո՞րձ

Գառնիի հենապատի վերաշարման աշխատանքները ներկայացվել են որպես սրճարան կառուցելու փո՞րձ

Գառնիի հեթանոսական տաճարի մոտ սրճարանի կառուցման հետ կապված` մինչ օրս որեւէ աշխատանք չի տարվել. yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը:

 

Նրա հավաստմամբ` Գառնիի տաճարի մոտ կար մի հենապատ, որի քարերը թափվել էին, եւ հենապատի վերականգնման եւ վերաշարման աշխատանքներ էին կատարվում:

 

«Հենապատի վերաշարման աշխատանքները, չգիտես, թե ինչպես, ներկայացվեցին իբրեւ թե սրճարանի կառուցման աշխատանքներ, բայց այդպես չէ: Գառնիի հեթանոսական տաճարի մոտ տեղի ունեցող շինարարական աշխատանքները միայն ու միայն հենապատի հետ են կապված եղել»,- ասաց Սերոբյանը:

 

Նա հավաստիացնում է նաեւ, որ տաճարի շրջակայքում սրճարան կառուցելու մասին խոսք անգամ գնալ չի կարող, լինելու են սեղան-աթոռներ, այսինքն` ոչ թե կառուցվելու է, այլ` տեղադրվելու, շինարարական աշխատանքներ չեն կատարվելու:

 

Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ էր փոխնախարար Սամուելյանը Գառնի այցից հետո հրահանգել դադարեցնել շինարարական աշխատանքները, եթե հենապատն էր վերաշարվում, Սերոբյանը պատասխանեց, թե պատճառը շրջանառվող խոսակցություններն էին:

 

Ի դեպ, այս օրերին ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի հետ` սրճարանի տեղադրման կամ չտեղադրման հետ կապված:

 

«Նախարարությունում արդեն հանդիպումներ են եղել գիդերի եւ տուրօպերատորների հետ, ինչպես նաեւ քրմերի հետ: Այս օրերին նույնպես նախատեսված են մի շարք հանդիպումներ կրկին տուրօպերատորների, հնագետների հետ: Սրճարանի կառուցման մասին խոսք լինել անգամ չի կարող` մինչ հարցը պատշաճ ձեւով քննարկման չդրվի»,- ասաց Սերոբյանը: