|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Ուկրաինայում ներկայումս ստեղծվել է բավական բարդ քաղաքական իրավիճակ, որն արտաքնապես համեմատելի է Կարիբյան ճգնաժամի հետ: Ընդ որում` Ուկրաինայում ընթացքող պրոցեսները Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեն, եւ որոշակի անհարմարություններ կարող են ստեղծել այնքանով, որ Հայաստանն ու Ուկրաինան ԱՊՀ անդամներ են, միեւնույն ժամանակ` Ուկրաինայի հետ Հայաստանը գործընկեր է նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, ունի բավականին զարգացած մշակութային, տնտեսական եւ այլ բազմաբնույթ կապեր:
Մյուս կողմից` Ուկրաինայում այսօր հասունացող քաղաքական խնդրի մի կողմն էլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է` Ռուսաստանը, որի նախագահն ընդամենը երեկ Ուկրաինայում զինուժի հնարավորությունները օգտագործելու իրավունք ստացավ ՌԴ Դաշնային խորհրդից: Եվ քանի որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, նաեւ որոշակի պարտավորություներ ունի ՀԱՊԿ շրջանակներում, ուստի այդ առումներով օրախնդիր հարցեր են առաջանում, թե ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների նկատմամբ, ինչպիսի քաղաքականություն վարի այս ուղղությամբ եւ այլն:
Սակայն ՀՀ ԱԳՆ-ն հրաժարվեց որեւէ կերպ անդրադառնալ կամ մեկնաբանություն տալ Ուկրաինայում ընթացող պրոցեսներին ու դրանց նկատմամբ Հայաստանի դիրքորոշմանը վերաբերող հարցերին:
Հայաստանի համար ուկրաինական գործընթացները ուշագրավ են նաեւ մեկ այլ հանգամանքով` Ուկրաինայում բավական հոծ ու կայացած հայ համայնք կա: Նաեւ կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ են ստեղծվել կամ ի՞նչ խնդիրներ կարող են ստեղծվել ուկրաինահայության համար: Այս առումով` Yerkir.am-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունից տեղեկացրեցին, որ Ուկրաինայի հայ համայնքի հետ մշտապես գործող կապ կա: Նախարարության ԱՊՀ վարչությունից ասացին, թե հայերը Ուկրաինայում նորմալ աշխատում են, որեւէ խնդիր չկա, չեն խառնվում քաղաքական գործընթացներին: Իսկ Սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Մամիկոն Խուրշուդյանը նշեց. «Կոնկրետ հայ համայնքի հետ ինչ-որ խնդիրներ, բախումներ չկան, մարդիկ ապրում են նորմալ ու բնականոն կյանքով»:
Մեր դիտարկմանը, թե արդեն տեղեկություններ են ստացվում, որ Ուկրաինայից բազմաթիվ ուկրաինացիներ են արտագաղթում դեպի Ռուսաստան կամ եվրոպական երկրներ, հայ համայնքո՞ւմ ինչպիսի մտադրություններ կան, Մամիկոն Խուրշուդյանը պատասխանեց, թե նման ինֆորմացիա նախարարությունը չունի, այդպիսի հարց չի բարձրացվել հայ համայնքի կողմից: