կարևոր
3130 դիտում, 10 ամիս առաջ - 2023-07-18 13:38
Քաղաքական

Մտահոգիչ է Արայիկ Հարությունյանի կեցվածքը, պասիվությունը ի շահ Արցախի ծավալվող ցույցերի նկատմամբ.ԱԱԾ պահեստազորի սպաներ

Մտահոգիչ է Արայիկ Հարությունյանի կեցվածքը, պասիվությունը ի շահ Արցախի ծավալվող ցույցերի նկատմամբ.ԱԱԾ պահեստազորի սպաներ

Առանց արտաքին ուժերի, մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի աջակցության, առանց զինված բախումներ հրահրելու, առանց երկրի բնակչությանը պատերազմով ահաբեկելու` իշխանությունը բռնաճնշումներով չի կարող երկար գոյատեւել ու ի վերջո տեղի է տալու, քանի որ պայքարն ազգային արժեքների եւ հայրենիքի համար է: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։

Հանրահավաքներին եւ երթերին մեր մասնակցության ընթացքում կատարված դիտարկումները թույլ են տալիս եզրահանգել, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման եւ որոշակի հաջողություններ գրանցելու դեպքում մասնակիցների թիվն ակնհայտորեն ունի աճման միտում: Ցուցարարների թվում կան տարբեր տարիքի, մասնագիտությունների, հիմնականում գիտակից, բարձր կրթական ցենզ ունեցող մարդիկ, ովքեր փողոց են դուրս եկել` անձերը, կուսակցական պատկանելությունը հաշվի չառնելով, զուտ Արցախի եւ Հայաստանի նկատմամբ խորը մտահոգությամբ պայմանավորված:

Ակնհայտ է, որ եւ մասնակիցները, եւ կազմակերպիչներն իրենց գործողություններում հաստատակամ են, համբերատար, կշռադատված, ակցիաներն անցկացնում են բացառապես խաղաղ պայմաններում, չկա ագրեսիա եւ զանգվածային անկարգությունների վտանգ: Միաժամանակ նկատվում է մինչեւ վերջ գնալու, անձնազոհության պատրաստակամություն: Հետեւաբար եթե իշխանությունները շարունակեն արհամարհել, ականջալուր չլինել մարդկանց, անտեսել նրանց կարծիքը, հիմնավոր եւ ճիշտ մտահոգությունները, փորձեն մեզ հայտնի տարբեր եղանակներով վիժեցնել շարժումը, փողոցային խաղաղ ակցիաները ոչ վաղ ապագայում կարող են նաեւ դադարել: Սակայն դա չի նշանակում, որ հանրությունը կխաղաղվի, մարդիկ կհամակերպվեն եւ կհանդուրժեն իշխանությունների հակահայ, ապազգային քաղաքականությունը:

Փոխարենը կսկսվի ընդհատակյա գործունեություն, կզարգանա բռնությունը, ի հայտ կգան անհատներ, ուժեր, ովքեր ընդհուպ կոշտ միջոցների, անգամ զենքի գործադրմամբ կփորձեն կանխել Արցախի եւ Հայաստանի հողերի հանձնումը: Արդյունքում լուրջ դիմակայություն կսկսվի երկրի ներսում, ինչն անթույլատրելի եւ ազգակործան ճանապարհ է, քանզի ներսից թուլացնելու է երկիրը եւ ձեռնտու է լինելու բացառապես մեր թշնամիներին:

Առանց արտաքին ուժերի, մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի աջակցության, առանց զինված բախումներ հրահրելու, առանց երկրի բնակչությանը պատերազմով ահաբեկելու` իշխանությունը բռնաճնշումներով չի կարող երկար գոյատեւել ու ի վերջո տեղի է տալու, քանի որ պայքարն ազգային արժեքների եւ հայրենիքի համար է:

Այս իրավիճակում խիստ մտահոգիչ է Արցախի իշխանությունների եւ հատկապես նախագահ Արայիկ Հարությունյանի կեցվածքը, պասիվությունը Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների եւ մասնավորապես ի շահ Արցախի ծավալվող ցույցերի նկատմամբ: Կարելի է փաստել, որ Արցախի համար մղվող պայքարում այսօր Հայաստանում բացվել է երկրորդ ճակատ եւ դրան մասնակից, աջակից չդառնալով` Արցախի նախագահն ու պասիվ մյուս իշխանավորներն ուղղակի դասալիքների եւ պաշտոններից կառչած կամակատարների են վերածվում:

Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը եւ մյուսները գիտակցում են, թե ինչ կլինի վաղը Արցախի հետ, եթե այս շարժումը դադարի, թե՞ պատկերացնում են, որ սա միայն ներհայաստանյան խնդիր է: Եթե այդպես են մտածում, այդպես են ուզում, ուրեմն առնվազն անազնիվ են հայաստանցիների ու Սփյուռքի նկատմամբ: Նրանք այստեղ ու այնտեղ կարծիք են հայտնում, թե իբր չեն ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, այդ դեպքում ինչո՞ւ էին հանդուրժում, մարտի կանչում մեր հազարավոր տղաներին. չէ որ Արցախ գնալով` նրանք, ըստ էության, խառնվում էին իրենց ներքին գործերին:

Հասկանալի է, որ լռությամբ եւ պասիվությամբ այս պաշտոնյաներն իրենց ահռելի հարստությունը պահպանելու խնդիրն են լուծում, բայց գոնե համարձակություն պետք է ունենան հրապարակավ բարձրաձայնելու, ասելու, որ դեմ չեն Ադրբեջանի կազմում ապրելուն, այլապես ստացվում է, որ հայաստանցիները եւ Սփյուռքը ինքնախաբեությամբ են զբաղված ու նրանց փոխարեն եւ կամքին հակառակ են պայքարի ելել:

Արայիկ Հարությունյանը հազարավոր մեր զոհերի եւ մարտնչած տղաների առջեւ պարտավոր է լինել ցույցերը գլխավորողների շարքերում, քանի որ դրանք առաջնահերթ ծավալվում են Արցախի գոյատեւման, հետեւաբար անձամբ նաեւ իր համար, հակառակ պարագայում պետք է բացեիբաց հայտարարի, որ դեմ է շարժմանը եւ կողմ է Նիկոլ Փաշինյանի պրոթուրքական քաղաքականությանը (գոնե վերջինս իր դիրքորոշումը հստակ ու ազնվորեն հայտնել է), որի գինը հիմնականում Արցախն է: