կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 16:15
Իրավական

Գործարար Մերաբ Ալոյանին ցմահ դատապարտած դատավորը փախուստի մե՞ջ է

Գործարար Մերաբ Ալոյանին ցմահ դատապարտած դատավորը փախուստի մե՞ջ է

Ուկրաինայում օրինական ուժի մեջ է մտել Հայաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի գործարար Մերաբ Ալոյանի գործով դատավճիռը: Այսինքն` այս գործով Եվրադատարան դիմելու առաջին նախապայմանն առկա է: Հիշեցնենք, որ Ալոյանը 2012 թվականի նոյեմբերի 8-ին առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է ցմահ ազատազրկման:

 

Ալոյանի` անազատության մեջ գտնվելու տարիներին նրա հարազատները, որոշ ՀԿ-ներ և ուկրաինացի լրագրողներ բազմիցս ահազանգել են նրա նկատմամբ կիրառվող բռնությունների, խտրականության, ինչպես նաև դատավարության ընթացքում արձանագրված կոպտագույն խախտումների մասին: Նշենք, որ մինչ օրս Ուկրաինայի իշխանությունները Մերաբ Ալոյանի որդուն թույլ չեն տալիս մուտք գործել իրենց երկիր, տեսակցել հորը եւ կառավարել նրա բիզնեսը:

 

Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, ով դատապարտվածի փաստաբաններին օգնում է Եվրադատարան դիմելու հարցում,  yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն սկսել են պատրաստել ՍԻԵԴ գանգատը: Սակայն մինչ այդ Ալոյանի հարազատներն ու փաստաբանները կփորձեն անել հնարավորը` Ուկրաինայում ձևավորվող նոր իշխանությունների ուշադրությունը  այս գործի քննության վրա սևեռելու և գործի վերաբացմանը հասնելու համար: «Այդ տարբերակը հնարավոր է, քանի որ արդեն նման մեկ կամ մի քանի դեպք գրանցվել է: Ռադայում սկսվել է գործընթաց փախուստի դիմած դատավորների ու դատախազների կողմից քննված գործերի վերանայման մասով, այդ թվում` նաև այն դատավորի, ով կայացրել է Մերաբի գործով մեղադրական դատավճիռ»,-ասաց Ղազարյանը և հավելեց, որ դեռևս անորոշ է, թե որքանով այդ գործընթացը կառնչվի նաև Ալոյանի գործին:

 

«Միայն գործի վերաբացման եղանակով կարելի է որևէ բան փոխել, իսկ դա միշտ էլ շատ դժվար է, եթե, իհարկե, քաղաքականությունը չի խառնվում»,- նշեց իրավաբանը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանության առջև բողոքի ակցիա էր կազմակերպվել ի պաշտպանություն դատապարտված գործարարի: Ակցիայի  մասնակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային` իրենց բողոքնը հայտնելով  Ուկրաինայի իշխանությունների կողմից Ալոյանի նկատմամբ կիրառված բռնությունների, նրա հիմնարար իրավունքների կոպիտ  խախտումների դեմ: