կարևոր
3271 դիտում, 21 ժամ առաջ - 2025-06-12 22:20
Աշխարհ

Թրամփը Իսրայելին կոչ է արել չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Թրամփը Իսրայելին կոչ է արել չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի դաշնակից Իսրայելին կոչ է արել չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ հայտարարելով, որ գործարքը մոտ է մնում, եթե Թեհրանը զիջումների գնա, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Թրամփը խոստովանել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիտարկում է հարված հասցնելու հնարավորությունը, որը, ըստ նրա, կարող է հանգեցնել «մեծածավալ հակամարտության», որը կստիպի ԱՄՆ-ին կրճատել տարածաշրջանում դեսպանատների անձնակազմը։

«Մենք բավականին մոտ ենք բավականին լավ գործարք կնքելուն», -լրագրողներին հայտնել է Թրամփը։

Նեթանյահուի հետ իր զրույցների մասին հարցին Թրամփը պատասխանել է. «Ես չեմ ուզում, որ նա (Իսրայելը) միջամտի, քանի որ կարծում եմ՝ դա ամեն ինչ կփչացնի»։

«Իրականում դա գուցե օգներ, բայց կարող է նաև փչացնել ամեն ինչ», -հավելել է նա։

Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով դեսպան Սթիվ Ուիթքոֆը կիրակի Օմանում պատրաստվում է բանակցությունների վեցերորդ փուլ անցկացնել Իրանի հետ, որը հայտարարել է, որ կբարձրացնի ուրանի հարստացման մակարդակը, ինչը բանակցությունների հիմնական խոչընդոտներից մեկն է։

Թրամփը կրկին իրեն խաղաղության մարդ է անվանել և հայտարարել, որ Իրանի հետ հակամարտությանը կնախընտրեր բանակցային կարգավորումը։

«Ես կցանկանայի խուսափել հակամարտությունից։ Իրանը ստիպված է լինելու փոքր-ինչ ավելի կոշտ բանակցություններ վարել, ինչը նշանակում է, որ նրանք ստիպված են լինելու մեզ որոշ բաներ զիջել, որոնք այս պահին պատրաստ չեն զիջելու», -շեշտել է նա։