կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 15:02
Քաղաքական

ԲՀԿ-ն կմասնակցի՞ Մարտի 1-ի հանրահավաքին

ԲՀԿ-ն կմասնակցի՞ Մարտի 1-ի հանրահավաքին

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 28-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ափսոսանք հայտնեց, որ խորհրդարանական մեծամասնությունը, ենթարկվելով կառավարության ուղղակի դիկտատին, տապալեց ՀՅԴ իրենց գործընկերների առաջարկը «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: «Ի՞նչ էր պատահել: ԱԺ-ն ունի լրջագույն, կարևորագույն գործիք, իսկ որ այնտեղ լրջագույն խնդիրներ, օֆշորային գործի խիստ կասկածելի պատմություններ կան, դա ակնհայտ է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Նրա խոսքով՝ Մարտի 1-ի գործի բացահայտման հարցում ԲՀԿ-ն շահագրգիռ է և պնդում է, որ պետք է անել հնարավորը, որ նման հանձնաժողով ստեղծվի, որովհետև հանրությունը պետք է իմանա, թե ինչպես, ինչ հանգամանքներում, ինչ զենքերից զոհվեցին ՀՀ տասը քաղաքացիները: «Մենք որևէ խնդրից կաշկանդված չենք, մենք պատրաստ ենք այդ հանձնաժողովում քննարկել ցանկացած հարց, այդ թվում` նաև իշխանության բալանսի վրա նստած տարբեր գործիչների և լրատվամիջոցների կողմից ուղղորդվող հարցերը: Ամսի 10-ին՝ քվեարկության ժամանակ, կերևա, թե որ քաղաքական ուժն է շահագրգիռ բաց և հրապարակային քննարկման, իսկ որ ուժերն են, որ հակված են ինչ-ինչ խնդիրներ թաքցնելու, պարտակելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Նա նշեց, որ վաղվա հանրահավաքին մասնակցելու խնդիր ԲՀԿ-ում չի քննարկվել, սակայն վաղվա հանրահավաքը ՀԱԿ-ի նախաձեռնածն է, ԲՀԿ-ն չի քննարկել մասնակցել-չմասնակցելու հարցը, ԲՀԿ-ականներն ազատ են` մասնակցելու այդ հանրահավաքին: Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ ինքը մասնակցելու է: