կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-16 17:52
Քաղաքական

«Րաֆֆի Հովհաննիսյանը մեծահոգի, բարի անձնավորություն է». նա հաջորդ հանրահավաքին կմասնակցի

«Րաֆֆի Հովհաննիսյանը մեծահոգի, բարի անձնավորություն է». նա հաջորդ հանրահավաքին կմասնակցի

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը չի ցանկանում շեշտադրումներ անել եռյակի ներսում քաղաքական տարաձայնությունների վրա, որովհետև ոչ իշխանական ուժերը պայմանավորվել են հոկտեմբերի 24-ին ներկայանալ միասնական օրակարգով:


Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի շուրջ եռյակի ներսում եղած տարակարծություններին, ինչպես նաև հոկտեմբերի 10-ի հանրահավաքում հնչած ելույթներին, պատգամավորը հայտարարեց, որ արդեն բոլորի համար էր հասկանալի, որ այդ օրը, իսկապես, եռյակը միասնական ծրագրով չէր ներկայացել:



«Կարող ենք դա դիտել թերություն, թե` ոչ, բայց ես մեծ լուրջ շեշտադրում չեմ անի դրա վրա, որովհետև պայմանավորվել ենք, որ հոկտեմբերի 24-ին ներկայանալու ենք միասնական օրակարգով: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչ և ղեկավար իր կուսակցության տեսակետն էր ներկայացնում: Իհարկե, մենք մեր հանդիպումներում միշտ նշում ենք, որ պետք է հնարավորինս խուսափել արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը հարթակ բերելուց և հարթակում դեբատներ չսկսել: Ինչևէ, երեք քաղաքական ուժերը տարբեր քաղաքական-գաղափարական մոտեցումներ ունեն, այնպես որ` բնական է, որ, արտաքին շեշտադրումների հետ կապված, նույնպես ունեն տարբեր մոտեցումներ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:



Հարցին` արդյոք վիրավորական չէ՞ր Րաֆֆի Հովհաննիսյանի համար Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած ակնարկը ջղաձգված լինելու մասին, պատգամավորը պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է մտածի, առավել ևս` գործընկերային հարաբերությունների մեջ, որ պետք է հնարավորինս կոռեկտ արտահայտվի: Յուրաքանչյուրի գնահատելու հարցն է` վիրավորական էր դա, թե` ոչ»:


Իսկ հնարավո՞ր է, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ չունենա կամ չներկայանա: Ըստ Ռուբեն Հակոբյանի` դրանք մամուլում արծարծվող ենթադրություններ են:


«Րաֆֆի Հովհաննիսյանը շատ մեծահոգի, բարի անձնավորություն է, քաղաքական մարդ է, նա նման խոսք չի ասել, որ չի մասնակցելու: Կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի, իր խոսքը կասի, այնպես որ` որևէ փոփոխություն չկա` մեր մասնակցության հետ կապված»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: