կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-24 10:40
Տնտեսական

Էկոտուրիզմի զարգացումը խթանելու առաջին քայլը

Էկոտուրիզմի զարգացումը խթանելու առաջին քայլը

Ինչպես համաշխարհային, այնպես էլ ազգային զբոսաշրջության բնագավառում էկոտուրիզմն իր ուրույն դերակատարությունն ունի։ Այսինքն` օգտագործելով բնական ռեսուրսները՝ մենք պետք է զարգացնենք այս ճյուղը՝ չմոռանալով պահպանել նաեւ բնությունը, որպեսզի այն հետագայում փոխանցենք մեր սերունդներին:

 

Թեեւ արդեն մեկ տասնամյակ է` պետությունը զբոսաշրջության զարգացումը համարում է առաջնային ոլորտ եւ փորձում է զարգացնել այն, սակայն էկոտուրիզմի առումով դեռ շատ են բաց կողմերը, քանի որ նախ պետք է գիտակցել, որ էկոտուրիզմը զբոսաշրջության մի տեսակ է, որը հիմնված է բնության վրա, երկրորդ` դրանից օգուտներ պետք է ստանան թե' բնությունը եւ թե' տնտեությունը: Թե որքանով է էկոտուրիզմը իրականության դառնում Հայաստանում, չենք կարող ասել, բայց որ այն չի կարող զարգանալ, օրինակ, հանքարդյունահանությամբ զբաղվող տարածաշրջաններում, դա քննարկման առարկա չէ:

 

Դեռեւս 2007- 2008 թթ. պետությունը բնապահպանության նախարարի միջոցով հայտարարեց, որ երկրում առկա պահպանվող տարածքները բացում է զբոսաշրջիկների առջեւ, որին հասարակական բացասական արձագանքից հասկանալի դարձավ, որ դա ընդունելի տարբերակ չէ: Քանի որ մինչ բնության պահպանվող տարածքները զբոսաշրջիկների համար բացելը, նախ պետք է ծրագրեր կազմել, մշակել ռազմավարություն, որպեսզի հետագայում այդ քայլը չդառնա բնության համար չարիք:

 

Փաստ է, որ եթե մարդը գործ է ունենում պահպանվող տարածքների հետ, որոնք համարվում են անհետացող կենդանատեսակների ապրելավայրերը, ապա դա պետք է արվի մտածված, քանի որ զբոսաշրջությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ վայրի բնության վրա:

 

Հենց այս հարցերը կարգավորելու համար նախօրեին Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) եւ Կովկասի բնության հիմնադրամը (ԿԲՀ)  ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը պայմանավորվեցին սկսել ռազմավարական համագործակցություն` Հայաստանում էկոտուրիզմը բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ այդ տարածքներին հարակից համայնքներում զարգացնելու նպատակով:

 

Հուշագրի համաձայն՝ կողմերը համատեղ կմշակեն եւ կիրականացնեն ծրագրեր` զբոսաշրջության ոլորտում էկոտուրիզմի զարգացումը խթանելու եւ դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ ու հարակից համայնքներ ներդրումների հոսք ուղղորդելու համար:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ